Դուք կապ չունեք ՀՀ ինքնիշխանության և անկախության հետ. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին


Դուք կապ չունեք ՀՀ ինքնիշխանության և անկախության հետ. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

  • 11-09-2024 11:28:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ ամբիոնում քննարկում ենք Դաշնակցության կողմից շրջանառված շրջաբերական 004-ը, որում առկա են Հայաստանի Հանրապետության անկախությունը զիջելու մասին որոշակի դրույթներ, մասնավորապես, Հայաստանը Միութենական պետություն կամ Ռուսաստանի կազմ տեղավորելու մասին: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմության ներկայացուցիչներին:
 
Ալեքսանյանի խոսքով՝ իրենք երբ սկսում են այդ մասին խոսել, դաշնակցական գործիչները պարբերաբար ինչ-որ արտահայտություններ են անում՝ դրանք որակելով որպես «մուտիտ» կամ այլ բառամթերք են օգտագործում՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցերի:
 
«Պարբերաբար պնդումներ են անում, թե Դաշնակցությունը կանգնած է ՀՀ-ի անկախության ակունքներում, և Դաշնակցությունը պայքարում է ՀՀ անկախության համար»,- ասաց պատգամավորը՝ մեջբերելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից մի հատված, որտեղ լրագրողի հարցին ի պատասխան՝ արդյոք նա կո՞ղմ է ՀՀ-ի՝ Միութենական պետության կազմի մեջ մտնելուն, Քոչարյանն ասել է, որ «տպավորությունն այնպիսին է, որ մենք ավելի մեծ միավորում տեղավորվելու միգուցե կարիք ունենք»:
 
«Այսպես՝ մեծ միավորում տեղավորվողների ու տեղավորողների այս կույտը փորձում է իրեն անվանել Հայաստանի Հանրապետության անկախության ակունքներում կանգնած քաղաքական թիմ և ՀՀ ինքնիշխանությունը չզիջող թիմ:
 
Դուք կապ չունեք ՀՀ ինքնիշխանության, անկախության հետ, մաքսիմումը, որ կարող եք անել, տեղավորելը կամ տեղավորվելն է, ինչը վերջին շրջանում այդքան էլ լավ չի ստացվում»,- հայտարարեց Ալեքսանյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը