Ադրբեջանը բանակցություններ է վարում Իրանի տարածքով հաղորդակցության ուղիների բացման համար. Հաջիզադե


Ադրբեջանը բանակցություններ է վարում Իրանի տարածքով հաղորդակցության ուղիների բացման համար. Հաջիզադե

  • 12-09-2024 12:46:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանը բանակցություններ է վարում Իրանի տարածքով հաղորդակցության ուղիների բացման համար, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ Real TV-ի եթերում։
 
Հաջիզադեի խոսքով՝ Հայաստանը խեղաթյուրում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
 
«Դա մեզ մոտ ափսոսանք է առաջացնում. փաստաթղթի 9-րդ կետը հստակ պարտավորություններ է նշում հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ: Եթե Հայաստանը պնդում է իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանն այլընտրանքային տարբերակներ ունի», - նշել է դիվանագետը՝ հավելելով.- «Դրանցից մեկն էլ Իրանի տարածքով կապի անցկացումն է, այս առումով համապատասխան աշխատանքներ են տարվում։ Եթե Հայաստանը շարունակում է ինքնամեկուսացման քաղաքականությունը, ապա դա իր ընտրությունն է»։
 
Անցած տարեվեջին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն այս տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։ Երևանն էլ հայտարարում է, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:
 
Երեկ Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ապահովել և երաշխավորել անվտանգությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև այնպես, ինչպես գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում։ Փաշինյանը մեջբերում արեց այդ կետից՝ «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:
 
«Որտե՞ղ է գրված, որ այս ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները պետք է տեղում լինեն: Չկա այդպիսի բան գրված:
 
Եթե նույնիսկ նկատի է առնվում ՀՀ-ում ռուս սահմանապահների ներկայությունը, այդ ներկայությունը մեր երկրում պայմանագրային հարց է, Հայաստանի որոշման հարցն է: Այսօր որոշել է, որ ներկա են իրենք, վաղը կարող է որոշել, որ ներկա չեն», - նշեց վարչապետը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը