44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ․ ՀՀ վարչապետ


44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ․ ՀՀ վարչապետ

  • 12-09-2024 13:00:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 44-օրյա պատերազմից հետո մեծ քանակությամբ զենք է անհետացել:
 
«Ես ՆԳ նախարարին այդ թեմայով տվել եմ հանձնարարականներ, որ ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունը պետք է վերանայել, որովհետև մեթոդաբանությունը, որոնցով աշխատել ենք, չի համապատասխանում նոր մարտահրավերներին։ Նոր մեթոդների կիրառությամբ որոշակի՝ ոչ մեծ արդյունքներ կան»,- ասաց Կառավարության ղեկավարը:
 
Վարչապետի խոսքով՝ երկրում շատացել է նաև օրինական զենքի քանակը։ Ըստ նրա՝ այս հարցը նախկինում քննարկվել է, և ընտրության հարց կա․ օրինական զենքը որքանո՞վ հանդուրժելի պետք է լինի։
 
«Զենք ձեռք բերելու հնարավորությունները այժմ շատ են։ Ճիշտ կլինի, որ տեսնենք, թե այդ առանձնապես ծանր կամ ծանր հանցագործությունների՝ զենքի կիրառմամբ քանի տոկոսն է օրինական զենքով իրականացվել։ Հայեցակարգային ընտրությունը հետևյալն է․ զենքով ապօրինի հարձակման ենթարկվող մարդկանց մենք արդյոք ուզո՞ւմ ենք վերապահել օրինական զենքով պաշտպանվելու հնարավորություն, թե՞ չէ»,- նկատեց վարչապետը։
 
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ հավելեց, որ դատախազության պատժողական քաղաքականությունն էլ այն է, որ երբ դատարանում պատժի վերաբերյալ տեսակետ է հայտնվում ապօրինի զենք պահելու հետ կապված, չի համաձայնեցվում պայմանական դատապարտումը։ Նրա խոսքով՝ դա նպատակ ունի աջակցել ՆԳՆ ոստիկանությանը, որպեսզի մեծանան նախապես կամովի զենքը ներկայացնելու դեպքերը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը