Հաագայի դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի առարկություների վերաբերյալ որոշումը կհրապարակի նոյեմբերի 12-ին
05-11-2024 14:35:39 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր վճիռը 2024 թվականի նոյեմբերի 12-ին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից՝ մանրամասնելով, որ հրապարակային նիստը կանցկացվի ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին) Հաագայի Խաղաղության պալատում, որի ընթացքում Դատարանի նախագահ, դատավոր Նավաֆ Սալամը կկարդա Դատարանի վճիռը։
2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ նախաձեռնեց Ադրբեջանի դեմ՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ: 2023 թվականի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ՝ Դատարանի իրավասության վերաբերյալ և Դատարանի կանոնակարգի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գործի վարույթը կասեցվեց մինչև նշված նախնական առարկությունների վերաբերյալ Դատարանի որոշման հրապարակումը:
2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Դատարանի նախագահի սահմանված ժամկետում Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ:Հայաստան ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո դատարանը կհրապարակի իր վճիռը՝ Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի գործով՝ Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ: