Բանակի սրբագործումը մեզ կուրացնում է, ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմն ու անելիքը. Փաշինյան


Բանակի սրբագործումը մեզ կուրացնում է, ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմն ու անելիքը. Փաշինյան

  • 14-11-2024 14:05:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Բանակը, Պաշտպանության նախարարությունը մեր ամենամեծ հարկատուներից են: Շատերը չգիտեն, որ Պաշտպանության նախարարությունը ՀՀ առաջին 10 հարկատուների ցանկի մեջ է մտնում: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման վերաբերյալ ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Սա մի կողմից նշանակում է, որ մեր բազմաթիվ սպաներ և զինծառայողներ աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող խավի ներկայացուցիչներ են իրենց ծառայության մեջ, բայց, մյուս կողմից, երբ ՊՆ-ն 10 խոշորագույն հարկատուներից է երկրի, դա նշանակում է, որ, այնուամենայնիվ, մեր սոցիալ-հոգեբանության մեջ որոշակի խնդիրներ կան:
 
Եվ ընդհանրապես, որպես մի մարդ, որը բանակի սրբագործման հայեցակարգի կրող է եղել և հետո դառնալի իրականությանն է բախվել, խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև դա Երրորդ Հանրապետության ընթացքում մեր բոլորիս գործած մեծագույն սխալն է: Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, որովհետև այդ սրբագործումը մեզ կուրացնում է, ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմն ու անելիքը, բանակի անկումը, այն անկումը, որ ունեցել ենք երկար տարիներ:
 
Նաև այդ սրբագործման արդյունքում մենք մեր բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին. դե լավ, սա չենք արել, բանակը կլուծի, մեր զինվորի ցավը տանեմ, կուչ եկած, սառած կանի ինքը, բոլորի դեմ կկռվի, գիտեք՝ ո՞ւմ սերունդն է, Տիգրան Մեծի սերունդն է, այստեղից տալու է, դուրս գա Մադագասկար կղզի: Չմտածեք՝ մենք բանակը սիրում ենք, դրա համար ենք անում, մենք անում ենք, որ գցենք իր վրա, այդ խեղճ ու կրակ զինվորի վրա»,- ասաց նա:
 
Անդրադառնալով ընդդիմության քննադատությանը, թե հերոսները նսեմացվել են, Փաշինյանը արձագաքնեց. «Ո՞ր հերոսներին ենք նսեմացրել, որ ավտոմատով մտնում, սրա-նրա ունեցվածքը բաժան-բաժան էին անում, թե՞ որ ինչ ուզում, անում էին»:
 
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը