Զրկանքներն ու տառապանքները, որոնք զգացել են բազմաթիվ հայեր Ադրբեջանի նոր ագրեսիայի հետեւանքով, կտրականապես անընդունելի են․ Գրետա Թունբերգ


Զրկանքներն ու տառապանքները, որոնք զգացել են բազմաթիվ հայեր Ադրբեջանի նոր ագրեսիայի հետեւանքով, կտրականապես անընդունելի են․ Գրետա Թունբերգ

  • 14-11-2024 14:11:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
armlur. Ինչո՞ւ ես չեմ մասնակցում COP29-ին։ Մեր օրակարգը (կլիմայական արդարության սկզբունքների պաշտպանություն) հակասում է COP29-ի օրակարգին, որն անցկացվում է Ադրբեջանում։ Այս մասին «Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում նոյեմբերի 14-ին ասել է շվեդ հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը։
 
«Այդ ռեպրեսիվ երկիրը ցանկանում է ավելացնել օգտակար հանածոների արդյունահանումը, նա պատասխանատու է էթնիկ զտման համար։ Զզվանք են առաջացնում կեղծավորությունն ու երկերեսանիությունը, որ այդ ամենի ֆոնին COP29-ն ացկացվում է այդ երկրում։
 
Ադրբեջանին հաջողվում է ոչ միայն կատարել այդ հանցագործությունները եւ պատիժ չկրել, այլեւ նրան հարթակ են տրամադրում այդ ահավոր հանցագործությունները, էթնիկ զտումները լեգիտիմացնելու եւ «կանաչ լվացման» համար։ Աշխարհը լռում է եւ նրան տալիս այդ հնարավորությունները եւ լռություն է պահպանում։
 
Մենք պետք է վերջ դնենք այն բանին, որ համաժողովը իրականացվում է մի երկրում, որն ունի ռեպրեսիվ էություն եւ ճնշում է սեփական քաղաքացիների իրավունքները։
 
Ադրբեջանցի ակտիվիստները ապրում են ասես բանտում, քանի որ զրկված են մարդու իրավունքներից։
 
Էթնիկ զտումները, որոնց համար պատասխանատու է Ադրբեջանը, զրկանքներն ու տառապանքները, որոնք զգացել են բազմաթիվ հայեր Ադրբեջանի նոր ագրեսիայի հետեւանքով, այն կտտանքները եւ բռնի տեղահանումը, գերեվարությունները, պատանդառությունը, ֆիզիկական եւ հոգեբանական գազանությունները, որոնց միջով անցել են մարդիկ, կտրականապես անընդունելի են։
 
Եվ այն, ինչի մասին աշխարհը լռում է եւ թույլ տալիս Ադրբեջանին իրականացնել «կանաչ լվացում», այդ հանցագործությունն անընդունելի է։ Անընդունելի է նաեւ այն, որ երկրները շարունակում են գնել օգտակար հանածոներ Ադրբեջանից եւ լռություն պահպանել այս ամենի մասին։
 
Մենք չենք կարող ընտրել, թե հատկապես որ իրավունքներն ենք ցանկանում պաշտպանել։ Եթե մենք խոսում ենք արդարության մասին, մենք պետք է դա անենք բոլորի հանդեպ»,- ավելացրել է Թունբերգը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը