ՀԱՊԿ–ի հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել. ԱԳՆ–ն` Մոսկվայում կայացած հանդիպման մասին


ՀԱՊԿ–ի հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել. ԱԳՆ–ն` Մոսկվայում կայացած հանդիպման մասին

  • 14-11-2024 14:24:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը` մեկնաբանելով երեկ ՌԴ–ում կայացած հանդիպմանը։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը։
 
«ՀԱՊԿ֊ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»,– ասաց Բադալյանը:
 
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
 
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
 
ՀՀ վարչապետը սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
 
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը