«Բարի օր 2» ֆիլմն արդեն կինոէկրաններին է


«Բարի օր 2» ֆիլմն արդեն կինոէկրաններին է

  • 07-02-2025 19:14:02   | Հայաստան  |  Մշակույթ

Երեկ՝ փետրվարի 6-ին, «Կինոմոսկվա»-ում տեղի ունեցավ «Բարի օր 2» ֆիլմի պրեմիերան: Տաքսիստ Հենդոն վերադարձավ, բայց նոր փորձություններով, որոնք պետք է հաղթահարեր: Եթե առաջին ֆիլմում Հենդոյի համար մղձավանջային է լինում անդադար նույն ամսաթվին արթնանալը, ապա այս դեպքում նա դառնում է ճշմարտության զոհ՝ իր իսկ երազանքով: 
 
Ֆիլմի ստեղծագործական կազմը նույնն է: Արման Սարգսյանը և Գրիգոր Գասպարյանը ֆիլմի ռեժիսորներն են: Տնօրենն Արտյոմ Հակոբյանն է: Գլխավոր պրոդյուսերն Ամարաս Գասպարյանն է: Սցենարիստները Գառնիկ Մակվեցյանը և Վան Գրիգորյանն են: 
Ի դեպ, եթե «Բարի օր» ֆիլմը ոգեշնչված էր «Արջամկան օրը» ֆիլմից, այս անգամ սցենարիստները որևէ այլ ֆիլմից չէին ոգեշչվել:
 
«Ֆիլմը մեզ համար հայելի է, հանրության հայելին, որտեղ մենք ինքներս կանք, միշտ չէ, որ հայելին գեղեցիկն է ցույց տալիս, բայց շատ անկեղծ ու պարզ է արտացոլում մեր կյանքը»,-սցենարի մասին  լրագրողների հետ զրույցում ասացին ֆիլմի ռեժիսորները:
 
«Առաջին ֆիլմը սիրվեց, միայն երևանյան կինոթատրոններում այն 160 հազարից ավել մարդ է դիտել, շատ լավ  արձագանքներ ենք ստացել թե ֆիլմի էջերում, թե Instagram-ում, մարդիկ ակնհայտ ցանկանում էին շարունակությունը տեսնել, և մենք, դեռ մեկ տարի չանցած, արդեն ներկայացրինք այն»,-նշեց ֆիլմի ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը:
 
Ռեժիսորի խոսքով՝  մտավախություն ունեին, քանի որ հաջողված ֆիլմի երկրորդ մաս նկարահանելը ռիսկային է:
 
Նոր ֆիլմում Հենդոն երազանք է պահում, որպեսզի բոլորն իրեն միայն ճիշտն ասեն, իսկ հետո ստիպված է լինում բախվել այդ ճշմարտության հետևանքներին: Պարզվում է՝ ճշմարտությունը հաճախ կարող է քաոսային լինել:
 
Հենդոյի դերակատար Մհեր Մխիթարյանը խոստովանեց՝ իրականում չէր ցանկանա, որ բոլորն իրեն ճշմարտությունն ասեին, քանի որ այդ ճշմարտությունը կարող է տխրեցնել։ Ինքը նախընտրում է գեղեցիկ սուտը։
 
Նրա տիկնոջ՝ Տաթևի դերը կերտել է Ռոզի Ավետիսովան։ Վերջինիս խոսքով՝ առաջին ֆիլմում  Տաթևն իր ամուսնուն լսող և դժբախտ կին է, իսկ երկրորդ ֆիլմում կայացած կին է, իր կարծիքն ունի, որն արտահայտում է առանց կաշկանդվելու։ 
 
«Ինձ համար երկու Տաթևներ են ու շատ տարբեր, քանի որ իրավիճակները փոխվում են, սակայն երկուսն էլ սիրում են Հենդոյին։ Երկու ֆիլմում էլ պահվում է ընտանիքի կարևորության գիծը, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Մեր կյանքում ընտանիքն ամենակարևոր ինստիտուտն է, և այդ քարոզը պետք է լինի»,-շեշտեց դերասանուհին։
Նոյյան տապան  -   Մշակույթ