ՀՀ նախագահն ու ԱՄԷ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր


ՀՀ նախագահն ու ԱՄԷ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր

  • 27-03-2025 16:31:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային:
 
Հանդիպման մեկնարկին դեսպանը նախագահին է փոխանցել ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հրավերն Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար:
 
Հանրապետության նախագահը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ Միացյալ Էմիրությունները վերջին տարիներին դարձել է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակում են զարգանալ ու ընդլայնվել:
 
Նախագահը դրական է գնահատել երկրների ղեկավարությունների կողմից գործակցության սերտացմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև դեսպանի անձնական արդյունավետ աշխատանքը:
 
Դեսպան Ալ-Մուլլան շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ խոսքերի համար և նշել, որ հնարավորինս իր կարողությունները ներդնում է երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդման գործում:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության հետագա խթանման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսական, բարձր տեխնոլոգիական և հարակից ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին:
 
Կողմերն ընդգծել են ինչպես ընթացիկ համատեղ ծրագրերի առաջմղման կարևորությունը, այնպես էլ առաջիկա գործակցության հետագա ընդլայնումը՝ տնտեսական, այլընտրանքային էներգիայի և այլ ոլորտներում:
 
Զրույցի ընթացքում կարևորվել են երկու երկրների գործարար շրջանակների և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների համար ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերի շարունակականությունը:
 
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը և հաստատակամորեն շարժվում է այդ ուղիով: Այս համատեքստում դեսպան Նարիման Ալ-Մուլլան վերահաստատել է ԱՄԷ պատրաստակամությունը՝ հնարավորինս նպաստել մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին, ինչը բխում է բոլոր կողմերի շահերից:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

ՈՒղիղ եթեր. Նոյյան Տապան. Հյուր՝ Հակոբ Մովսես
24-04-2025 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

ՈՒղիղ եթեր. Նոյյան Տապան. Հյուր՝ Հակոբ Մովսես