Իսրայելը կառավարական ինքնաթիռն ուղարկել է Աթենք


Իսրայելը կառավարական ինքնաթիռն ուղարկել է Աթենք

  • 13-06-2025 19:26:53   | Իսրայել  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am  Իսրայելի կառավարական ինքնաթիռը, որն օգտագործվում է երկրի ղեկավարության պաշտոնական ուղևորությունների համար, վայրէջք է կատարել Աթենքում։
 
Ինչպես հաղորդում է հունական newsbreak.gr պորտալը, ինքնաթիռը Հունաստան է ուղարկվել անվտանգության նկատառումներով՝ Իրանի կողմից հնարավոր հարվածի սպառնալիքի ֆոնին։
 
Աղբյուրի համաձայն՝ Իսրայելը անսովոր որոշում է կայացրել՝ ժամանակավորապես տեղափոխել ինքնաթիռը, որը հայտնի է որպես «Սիոնի թև»՝ վախենալով Թեհրանի պատասխան հարձակումից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ինքնաթիռը կարող է ուղարկվել Կիպրոս, սակայն տեղի իշխանությունները հերքել են այդ տեղեկությունը։
 
«Սիոնի թևը» օգտագործվում է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից՝ այն դարձնելով կարևոր ռազմավարական ակտիվ երկրի համար, ընդգծում է պորտալը։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Աթենքի միջազգային օդանավակայանում՝ Էլեֆթերիոս Վենիզելոսում, տեղական ժամանակով 13:09-ին՝ Թել Ավիվից օդ բարձրանալով 11:19-ին։
 
Հունական Skai հեռուստաալիքը հայտնել է, որ ինքնաթիռում է եղել Հունաստանում Իսրայելի դեսպանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դեսպանը Թել Ավիվից Աթենք է տեղափոխվել հատուկ չվերթով, քանի որ Բեն Գուրիոնի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է ճգնաժամի պատճառով։ Ինքնաթիռում այլ ուղևորներ չեն եղել։
 
Newsbreak.gr-ը նշում է, որ իսրայելական ինքնաթիռի ժամանումը Աթենք մտահոգիչ է, քանի որ դա կարող է վկայել Հունաստանի հնարավոր ներգրավվածության մասին Մերձավոր Արևելքում աճող լարվածությանը: Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերը բերվել են բարձր պատրաստվածության։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը