Կրեմլամերձ «Մատրյոշկա» բոտերի ցանցն արշավ է սկսել ՀՀ վարչապետի դեմ. The Insider
18-06-2025 18:44:36 | | Ի՞նչ է գրում մամուլը
Կրեմլամերձ «Մատրյոշկա» բոտերի ցանցն արշավ է սկսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է The Insider-ը՝ ներկայացնելով իր իրականացրած ուսումնասիրության արդյունքները։ Նշվում է, որ «Մատրյոշկա» բոտերի ցանցը հունիսի 12-ից հրապարակում է Նիկոլ Փաշինյանին քննադատող գրառումներ, բացի այդ ՀՀ վարչապետին քննադատող տեսանյութեր են հայտնվել Twitter-ում և TikTok-ում, որոնցից մի քանիսը «քողարկված» են՝ որպես խոշոր լրատվամիջոցների տեսանյութեր, ինչպիսիք են Euronews-ը կամ France 24-ը, իսկ մյուսները՝ որպես աշխարհի տարբեր համալսարանների պրոֆեսորների հետ հարցազրույցներ:
Նշվում է, որ The Insider-ի կողմից ուսումնասիրված տեսանյութերի մեծ մասը նվիրված է 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերի ենթադրյալ կոծկմանը երկրի ներկայիս ղեկավարության կողմից: Այդ տեսանյութերից մեկում Կանադայի Մաունթ Ալիսոն համալսարանի պրոֆեսոր Ջոշ Կուրեկը, իբր, ասում է, որ ցնցված է եղել իր հայ ուսանողների պատմություններից Ցեղասպանության վերաբերյալ հարցերը կոծկելու մասին։
Տեսանյութում Ջոշ Կուրեկը իբր ասել է, թե վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանի պաշտոնական լրատվամիջոցները գրեթե չեն խոսել Հայոց ցեղասպանության մասին։Սակայն, ինչպես նշում է The Insider-ը, իրականում համալսարանի սոցիալական ցանցերում տեղադրված օրիգինալ տեսանյութից վերցված են պրոֆեսորի խոսքի միայն առաջին հինգ վայրկյանները, իսկ 2024 թվականի հոկտեմբերին հրապարակված այդ տեսանյութում Կուրեկը խոսում է ջրահավաք ավազանների հայեցակարգի մասին։ The Insider-ը շեշտում է, որ այն պնդումը, թե Հայաստանի իշխանությունները ժխտում են 20-րդ դարի սկզբի ցեղասպանությունը, չի համապատասխանում իրականությանը
։ Նշվում է, որ ՀՀ վարչապետի կողմից եղել են հայտարարություններ, որոնք քննադատության մեծ ալիք են բարձրացրել, սակայն 2025 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ The Insider-ը նաև նշում է, որ որոշ տեսանյութեր «քողարկվում» են՝ որպես խոշոր արտասահմանյան լրատվամիջոցների սոցիալական ցանցերի տեսանյութեր, որոնց թվում են Euronews-ը, France 24-ը, թուրքական Yeni Şafak հրատարակությունը։
«Այս տեսանյութերից մեկում, որը վերագրվում է Euronews հեռուստաալիքին, պնդում է արվում, թե Հայաստանը կոռուպցիայի առումով առաջատարն է Մերձավոր Արևելքի երկրների շարքում։ Միևնույն ժամանակ, Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսի համաձայն, Երևանն ունի հարևան երկրների շարքում լավագույն ցուցանիշներից մեկը (100-ից 47 միավոր)։ Վրաստանն ավելի բարձր է (53), մինչդեռ հարևան Թուրքիան (34) կամ Ադրբեջանը (22) զգալիորեն զիջում են Հայաստանին։ Թուրքական Yeni Şafak լրատվամիջոցի անվան տակ «քողարկված» տեսանյութում նույնիսկ պնդում է արվում, որ Փաշինյանը «ուժեղ հանգստացնողներ» է ընդունում: Այս մասին, ենթադրաբար, հայտնել է ամերիկացի նյարդաբան Նենսի Անդրեասենը, սակայն բաց աղբյուրներում նման տեղեկատվություն չկա»,-նշում է The Insider-ը: «Բոտերի արգելափակիչ» օգտահաշվի հեղինակը The Insider-ին ասել է, որ «Մատրյոշկա» ցանցն առաջին անգամ է թիրախավորել Նիկոլ Փաշինյանին։
Նշվում է, որ վարչապետի դեմ տեղեկատվական հարձակման հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել Հայաստանի վարչապետի սպասվող այցը Անկարա, որը նախատեսված է հունիսի 20-ին։ Դա է վկայում այն փաստը, որ որոշ կեղծ տեսանյութեր տարածվել են թուրքական լրատվամիջոցների անունից։ Լրատվամիջոցը գրում է, որ ապատեղեկատվական արշավը կարող է կապված լինել Փաշինյանի և ընդդիմության միջև հակասությունների սրման հետ։ Բացի այդ՝ մատնանշվում է վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականների միջև առկա հակասությունները՝ կապված նրա հետ, որ Փաշինյանը որոշ հոգևորականների մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։