ՌԴ-ից հնչող հայտարարությունները ոտնձգություն են մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ. Միրզոյան
18-06-2025 19:06:36 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com «Երեկ ռուսաստանյան պետական կամ հանրային հեռուստաընկերության եթերում հիշատակված տխրահռչակ հաղորդման շրջանակում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում՝ անձնական, ՀՀ ղեկավարության նկատմամբ, անմիջապես հետո նմանաբովանդակ դրսևորումներ եղել են ՌԴ քաղաքական գործիչների կողմից, այդ թվում՝ կառավարող մեծամասնության կողմից»:
Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի այն հարցին, թե ամբողջ գիշեր ՌԴ պաշտոնական և ոչ պաշտոնական խոսափողները չեն քնել և իրենց աջակցությունն են հայտնել իրենց քաղաքացի Սամվել Կարապետյանին. «Մենք սրա մեջ խնդիր չենք տեսնում մինչև այն կետը, երբ այդ աջակցության տեքստերում կոչ էր արվում խառնվել հայաստանյան ներքին քաղաքական կյանքին, արդյոք հասցրե՞լ եք շփվել ձեր գործընկերների հետ և փոխանցել մեր անհանգստությունը, եթե ոչ զայրույթը»:
Միրզոյանը այդ համատեքստում նշեց՝ մենք սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը, այլև ուղղակի բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ. «Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին»: