Իսրայելը և Համասը Եգիպտոսի միջնորդությամբ բանակցություններ են սկսել Թրամփի ծրագրի պայմանների շուրջ


 

Իսրայելը և Համասը Եգիպտոսի միջնորդությամբ բանակցություններ են սկսել Թրամփի ծրագրի պայմանների շուրջ

  • 06-10-2025 11:25:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Այսօր Եգիպտոսի իշխանությունների միջնորդությամբ Կահիրեում մեկնարկել են Իսրայելի և «Համաս» շարժման բանակցությունները։ Քննարկման հիմնական թեման Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման պայմաններն են, որոնք ներառված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրում։
 
Բանակցությունների առաջին փուլում նախատեսվում է քննարկել պատանդների ազատ արձակման հարցը։ Եգիպտոս է մեկնել նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
 
Բանակցություններից առաջ Թրամփը իր Truth Social հարթակում գրել է, որ «շատ դրական քննարկումներ» են ունեցել «Համաս»-ի և մի շարք երկրների հետ՝ Գազայում պատերազմի դադարեցման և պատանդների ազատման շուրջ։ Նրա խոսքով՝ տեխնիկական խմբերը Եգիպտոսում կշարունակեն աշխատանքը, իսկ ծրագրի առաջին փուլը պետք է ավարտվի այս շաբաթ։
 
Թրամփի առաջարկած 20-կետանոց խաղաղության պլանը նախատեսում է Գազայում ռազմական գործողությունների դադարեցում՝ «Համաս»-ի կողմից բոլոր պատանդների ազատումից 72 ժամ անց, Իսրայելի կողմից հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների ազատում, իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում Գազայից, «Համաս»-ի զինաթափում և Գազայի հատվածում միջազգային կառավարմամբ Խաղաղության խորհրդի ձևավորում։
 
Ծրագիրը նաև բացառում է «Համաս»-ի մասնակցությունը Գազայի հատվածի ապագա կառավարմանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը