Իսրայելը դարձյալ սպառնում է Լիբանանին․ի՞նչ է սպասվում հարցարույց քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ


 

Իսրայելը դարձյալ սպառնում է Լիբանանին․ի՞նչ է սպասվում հարցարույց քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ

  • 03-11-2025 19:06:47   | Լիբանան  |  Հարցազրույցներ

Իրավիճակի մասին «Նոյյան Տապան»-ը զրուցեց քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։
 
-Պարոն Գանտահարյան, Իսրայելի վարչապետի և ամերիկացի հատուկ պատվիրակի հայտարարությունները ինչո՞վ են նման։
 
- Թեև տարբեր ոճերով, բայց երկու հայտարարություններն էլ ունեն նույն բովանդակությունը՝ Լիբանանից պահանջվում է զենքի մենաշնորհում։ Ակնկալիքը ուղղված է Լիբանանի կառավարությանը, որ վերահսկի իրավիճակը և վնասազերծի Հըզբալլահի սպառնալիքը։
 
-Ինչպե՞ս է ձևակերպված ամերիկացի պատվիրակի ուղերձը։
 
- Նա շեշտում է, որ տնտեսական աջակցությունը Լիբանանին հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ իրականացվի զենքի մենաշնորհում։ Միևնույն ժամանակ առաջարկվում է բանակցությունների և սահմանազատման ճանապարհային քարտեզ, որը, ըստ էության, տանում է դեպի Բեյրութ–Թել Ավիվ հարաբերությունների կարգավորում։
 
-Սա ճնշո՞ւմ է Լիբանանի վրա։
 
-Այո։ Լիբանանը արդեն որակվում է որպես «ձախողված պետություն», ինչը միջազգային միջամտության օրինական հիմք է։ Թեև դա դեռ պաշտոնապես չի հայտարարվել, փաստացի արտաքին միջամտությունը արդեն գոյություն ունի։
 
- Ինչպե՞ս է գնահատվում Լիբանանի բանակի դերը։
 
-ԱՄՆ-ը և դաշնակիցները փորձում են աջակցել բանակին այնքան, որ այն կարողանա գոյատևել և աստիճանաբար փոխարինել Հըզբալլահին՝ որպես երկրի պաշտպանական կառույց։
 
-Իսկ Իրանի և Իսրայելի դիրքորոշումները՞։
 
-Թեհրանը միաժամանակ սպառնալիքներ է հնչեցնում Իսրայելի ուղղությամբ և պատրաստակամություն հայտնում վերականգնելու միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ։ Իսրայելը, իր հերթին, ուժեղացնում է սպառնալիքները Լիբանանի ուղղությամբ՝ խոսելով «ընդհանուր ճակատի» մասին։
 
- Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այս լարվածության աճը։
 
-Սա բնորոշ է բանակցությունների նախաշեմին․ սպառնալիքների մագլցումը հաճախ ուղեկցում է դիվանագիտական գործընթացներին։ Հակառակ սպառնալիքներին,չի բացառվում ,որ այս  կշռույթը վկայում է, որ տարածաշրջանը նոր բանակցային փուլի շեմին է։
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ