Ոչ ոք չպետք է մոռանա, որ Լուկաշենկոն Պուտինի անունից Իլհամ Ալիևին Ռուսաստան-Բելառուս միութենական պետության Կովկասի «կուսակալ» է նշանակել


 

Ոչ ոք չպետք է մոռանա, որ Լուկաշենկոն Պուտինի անունից Իլհամ Ալիևին Ռուսաստան-Բելառուս միութենական պետության Կովկասի «կուսակալ» է նշանակել

  • 06-11-2025 19:50:20   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am  Ղազախստանի նախագահի ջանքերը՝ Իլհամ Ալևին ներգրավելու ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովին, հաջողություն չունեցան: Նոյեմբերի 6-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կյուրընկալի միայն Կենտրոնական Ասիայի հինգ երկրների առաջնորդներին: Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» գնահատում է, որ գագաթնաժողովը «կոչված է որոշարկելու այդ տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ համակարգային մոտեցումը և ամրապնդելու առանցքային բոլոր ուղղություններով համագործակցությունը»:
 
Ղազախստանցի քաղաքագետ Դերյա Կարաևը, մինչդեռ, համոզված է, որ Դոնալդ Թրամփը Կենտրոնական Ասիայի հինգ երկրների նախագահներին «մրցագորգ է հրավիրել, որպեսզի պահանջի աշխարհաքաղաքական կողմնորոշման հստակեցում»: Ըստ Կարաևի, Կենտրոնական Ասիայի քաղաքական վերնախավի համար «բազմավեկտոր արտաքին քաղաքականության և չեզոքության մասին շաղակրատանքների ժամանակն սպառվում է, տարածաշրջանը չի կարող խուսանավել հավաքական Արևմուտքի, Չինաստանի և Ռուսաստանի միջև»:
 
 
Ղազախստանցի քաղաքագետն, ընդսմին, չափազանց ուշագրավ դիտարկում է անում, որ ԱՄՆ նախագահի և առհասարակ ամերիկյան աշխարհաքաղաքական ծրագրավորումներում այնպիսի կառույցներ, ինչպիսիք ԱՊՀ-ն է, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Թուրքական պետությունների կազմակերպությունը և «նույնիսկ ԲՐԻԿՍ-ը լեգիտիմ չեն, որպես պարտնյոր կամ մրցակից չեն դիտարկվում»: Դիտարժան է, որ նա Կենտրոնական Ասիայի «կողմնորոշիչների» շարքում Թուրքիան չի նշում:
 
Վաշինգտոնում նոյեմբերի 6-ին գումարվով 1+5 գագաթնաժողովի՝ Հայաստանի համար կարևորությունը մեծ է առաջին հերթին նրանով, որ Ադրբեջանը որպես Կենտրոնական Ասիայի «կենսական մաս», ինչպես Իլհամ Ալիևն է ձևակերպել, ԱՄՆ կողմից մերժվել է: Եվ խնդիրն այստեղ ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները չեն, այլ այն, որ Կասպյան տարածաշրջանում գլոբալ ինտեգրացիան, որքանով հասկացվում է, Միացյալ Նահանգները ծրագրավորում է 3+5 կամ Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա «հավասարման» ձևով:
 
Սկզբունքային առումով դա Հարավային Կովկասը «վասալացնելու» ալիևյան նկրտումների չեզոքացման ծրագիր է, որ Հայաստանի և Վրաստանի համար մի կողմից ինքնիշխանության ամրապնդման, անվտանգային միջավայրի բարելավման և եվրաատլանտյան քաղաքակրթական տարածքին ներգրվելու հնարավորություն է, մյուս կողմից՝ լրջագույն մարտահրավեր, որովհետև ոչ միայն «ադրբեջանական նախագիծ» իրացնելու, այլև դինաստիական իշխանությունը երաշխավորելու մոտիվացիաներով առաջնորդվող Ալիևը կարող է Պուտինի «գիրկը վերադառնալու» ընտրություն կատարել:
 
Ըստ երևույթին, այդ համատեքստում պետք է գնահատել ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների Խորհրդի նիստին Ադրբեջանի պաշտպանության նախարարի մասնակցությունը և Մոսկվայի կողմից Հարավային Կովկասի ստատուս-քվոն 3+3 ձևաչափում հաստատելու խոսույթի վերաակտուալացումը: Զգաստացնում է հատկապես ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուի հայտարարությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը «դեռևս հեռու են հարաբերությունների կարգավորումից»: Ալիևն, ամենայն հավանականությամբ, օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների «ուղղակի խոյահարման» չի գնա, բայց և, երևի, դրանք «կրծքով չի պաշտպանի»:
 
Իրավիճակը պահանջում է Հայաստանի բոլոր պատասխանատու ուժերի և ռեսուրսների կայուն, նպատակամետ կոնսոլիդացիա: Ոչ ոք չի կարող, չպետք է մոռանա, որ 2023-ի մայիսին Լուկաշենկոն Բաքվում Պուտինի անունից Իլհամ Ալիևին Ռուսաստան-Բելառուս միութենական պետության Կովկասի «կուսակալ է նշանակել»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը