ՀԾԿՀ-ն երրորդ օրն է՝ քննարկում է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցը
17-11-2025 11:23:22 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն․ Ռոմանոս Պետրոսյանն արդեն 3 օր շարունակվող նիստի ընթացքում հազվադեպ է խոսել։ Նա առայժմ չի պատասխանել լրագրողների հարցերին։
Իսկ հարցերը շատ են. եթե հանձնաժողովը լիցենզիայից զրկելու որոշում կայացնի ինչ քայլեր են հաջորդելու, ինչպես են պատրաստվում Կարապետյանների ընտանիքին փոխհատուցում տրամադրել, ինչ միջոցներով։
Ամիսներ առաջ հապճեպ ընդունված օրենսդրական փոփոխություններով պետությունը ժամանակ կունենա սեփականատերերի հետ վաճառքի հարցի շուրջ պայմանավորվել, եթե չստացվի, ըստ էության, պետք է գնան հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով, իսկ այն Սահմանդրության համաձայն առանց փոխհատուցում չի կարող իրականացվել։ Ռոմանոս Պետրոսյանը խոստացել է որոշումից հետո ճեպազրույց կազմակերպել, պատասխանել հարցերին։
«ՀԷՑ»-ը լիցենզիայից զրկելու հարցով նիստը վերսկսվել է, ենթադրվում է, որ այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կկայացնի։
Երկու օր տևած հարցուպատասխանից հետո այժմ ելույթների հերթն է։
Առաջիկա ժամերին սեփականատեր «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները կանդրադառնան վարույթով ներկայացված փաստարկներին։ Ընկերության տնօրենի նախկին պաշտոնակատարն անդրադառնալով դրանց հայտարարեց՝ վարույթով որևէ ապացույց չկա, որ համակարգված հավելագրումներ են եղել։
Ղազինյանի ելույթի ընթացքում իրադրությունը լարվեց, «ՀԷՑ» ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց՝ պնդելով, թե ելույթում վիրավորական ձևակերպումներ կան ու կոռեկտության կոչ արեց: Միացավ նաև հանձնաժողովի նախագահ, նախկին ՔՊ-ական Մեսրոպ Մեսրոպյանը։
«Ինձ ոչ ոք չի կարող սպառնալ»,- արձագանքեց նախկին պաշտոնակատարը։