Գարեգին Բ–ի եղբոր և եղբորորդու գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել


 

Գարեգին Բ–ի եղբոր և եղբորորդու գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել

  • 17-11-2025 11:52:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik․Ավելի վաղ նրանց փաստաբանը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն և դատախազությունը որոշում են կայացրել գնալ մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհով։
 
 Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի, ու եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ այսօր դատարան է ուղարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
 
Նոյեմբերի 3-ին հայր և որդի Ներսիսյանները կալանավորվել էին նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքով։
 
Դատախազությունից հայտնում են, թե նոյեմբերի 1-ին նախընտրական քարոզչություն իրականացնելու՝ ընտրողների հետ հանդիպելու, ինչպես նաև ավտոերթ իրականացնելու նպատակով, Գ․Ղ․-ն «Հանրապետություն» կուսակցության աջակցի հետ ժամանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայր: Ժամը 14:00-ի սահմաններում Ոսկեհատում Համբարձում Ներսիսյանը Գ. Լուսավորիչ փողոցում գտնվող իր տան մոտ հանդիպել է Գ.Ղ.-ին, տեղեկացել, որ նա իրականացնում է նախընտրական քարոզչություն և տարածում է «Հանրապետություն» կուսակցության վերաբերյալ քարոզչական տպագիր նյութեր:
 
Ըստ դատախազության՝ երբ Համբարձում Ներսիսյանը տեղեկացել է, որ կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը նույնպես գալու է ընտրողների հետ հանդիպելու նպատակով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել՝ պահանջելով, որ Գ.Ղ.-ն հեռանա՝ նշելով, որ Հարություն Մկրտչյանը չի մտնելու Ոսկեհատ բնակավայր:
 
Նշվում է, թե Գևորգ Ներսիսյանն էլ միացել է նրանց խոսակցությունը, անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել՝ պահանջելով, որ Գ․Ղ․-ն հեռանա։
 
Ըստ դատախազության՝ հետո էլ Համբարձում և Գևորգ Ներսիսյանները գնացել են «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավի իրականացման վայր, որտեղ Գևորգ Ներսիսյանը իջնել է ավտոմեքենայից, զրուցել կուսակցության թեկնածուի հետ հանդիպմանը սպասող անձանց հետ, որից հետո նշված անձինք հեռացել են:
 
Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին դատարանը որոշեց 1 ամսով կալանավորել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբորը` Գևորգ Ներսիսյանին և եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է նախաձեռնված Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը):
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը