ՔՊ–ն ԲՀԿ–ին գործա՞րք է առաջարկել. ինչի՞ մասին էր ակնարկում կուսակցության խոսնակը
09-06-2026 10:28:21 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. ԲՀԿ-ին ընդամենը 60 ձայն չէր հերիքում՝ խորհրդարան անցնելու համար:
«Հրապարակի» աղբյուրների համաձայն` ԱԺ ընտրություններում ԲՀԿ–ն ոչ թե չի հաղթահարել անցողիկ շեմը, այլ դարձել է աճպարարության զոհ։
Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ին ընդամենը 60 ձայն չէր հերիքում խորհրդարան անցնելու համար: Կուսակցությունը վերահաշվարկ է սկսել մի շարք ընտրատեղամասերում և արդեն իսկ բազմաթիվ անճշտություններ հայտնաբերել:
Ըստ «Հրապարակի» ունեցած տեղեկությունների` իրականում ԲՀԿ–ն հաղթահարել է անցողիկ շեմը, ուղղակի շահերի բախում է առաջացել իշխող ուժի հետ։
«Ընտրություններում 49 տոկոս քվե ստացած ՔՊ-ն կկարողանա պարզ մեծամասնություն ստանալ, եթե ԲՀԿ-ն չանցնի, և նրան տրված քվեները փոշիանան: Այստեղ է թաքնված ԲՀԿ-ի վերաբերյալ հրապարակվող հակասական արդյունքների գաղտնիքը։
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը հաղթահարել է անցողիկ շեմը, սակայն իշխանական շրջանակից նրան գործարք են առաջարկել, որ կմտնի խորհրդարան, եթե համաձայնի դառնալ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը և հարկ եղած դեպքում 3/5 մեծամասնություն ապահովի նրա համար, օրինակ` սահմանադրական կարևորագույն մարմինների ղեկավարների և անդամների ընտրության ժամանակ»,- գրում է կայքը:
Նշվում է, որ ՔՊ-ն ԲՀԿ-ի անցնելու դեպքում զրկվում է այդ հնարավորությունից` նրան 2 ձայն է պակասում: Ծառուկյանն առսջարկված գործարքը մերժել է, ինչից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: