Տիգրան Սարգսյան. 2011թ-ին կունենանք արտահանման ծավալների աճ
28-03-2011 19:44:58 | Հայաստան | Հարցազրույցներ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է ունեցել մի շարք հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
-Պարո'ն վարչապետ, մի շարք գյուղատնտեսական կարեւոր ծրագրեր են մեկնարկում` անասնապահության, պտղաբուծության զարգացում` կոնկրետ ֆինանսավորման աղբյուրներով, սակայն այդ ծրագրերի տնտեսական ազդեցությունը մենք կզգանք մի քանի տարի հետո, այսինքն` դեպի արոտավայրեր ճանապարհները մեկ օրում չեն կառուցվի, ծառերը հասակ չեն առնի... Որո՞նք են այն կոնկրետ ծրագրերը, որոնց շնորհիվ մենք կկարողանանք տարին փակել 10 տոկոս տնտեսական աճով:
-Առաջին հերթին պետք է նշեմ, որ այն տնտեսությունները, որոնք մասնակցում են այդ ծրագրերին, հենց այս տարի կզգան իրենց վրա ազդեցությունը, որովհետեւ բարձրանալու է արտադրողականությունը, օժանդակությունը լինելու է էական: Նրանք ստանալու են եւ սերմ, եւ ֆինանսական օժանդակություն, եւ գյուղտեխնիկա, ինչպես նաեւ խորհրդատվություն այն մասին, թե ինչպես մշակել հողը, ինչ նոր գիտելիք կարող են օգտագործել, որպեսզի բարձրանա արտադրողականությունը: Երկրորդ, փառք Աստծու, այս տարի բնակլիմայական պայմանները՝ նախորդ տարվա հետ համեմատ, ավելի բարվոք են. դա նույնպես իր դրական ազդեցությունը կթողնի: Երրորդ, մենք մի քանի մեծածավալ ծրագրեր ենք իրականացնում, որոնք անխուսափելիորեն ազդելու են մակրոցուցանիշների վրա:
Մասնավորապես` սերմի ներկրումը Հայաստան եւ բաշխումն առաջին հերթին այն համայնքներին, որոնք ունեն սոցիալական խնդիրներ: Նախատեսում ենք, որ այս տարի շուրջ 200 համայնքներ ստանալու են պետության կողմից օժանդակություն, եւ բնականաբար, արդեն աշնանը մենք կտեսնենք դրական արդյունքներ:
- Պարարտանյութի գները շարունակաբար աճում են: Սյունիքի մարզում տարեկան սպառվում է 2500-3000 տոննա պարարտանյութ: Նախորդ տարի գյուղացին անվճարունակության պատճառով ձեռք է բերել ընդամենը 300 տոննա: Այս տարի արդյո՞ք հնարավոր չէ զեղչային համակարգով տրվող պարարտանյութի քանակն ավելացնել:
-Պարարտանյութի խնդիրն ունի էական նշանակություն մեր գյուղատնտեսության համար: Ոլորտի մասնագետները մեզ հուշում են, որ սելիտրայից պետք է արդեն անցնենք տեղական օրգանական պարարտանյութի: Սա չափազանց կարեւոր խնդիր է, որովհետեւ նույն փորձագետներն ասում են, որ մշտապես սելիտրայի օգտագործումը հողի հատկանիշների վրա վատ է ազդում. արտադրողականությունն է նվազեցնում, եւ հետագայում այդ հողը դառնում է գյուղատնտեսության համար անօգտագործելի: Դրա համար մենք մշակել ենք պարարտանյութերի ազգային ծրագիր, որը նախորդ տարի ՀՀ կառավարությունը հաստատեց:
Ծրագիրը նպատակ ունի տեղական արտադրողների հզորություններն ավելացնել, եւ անցնել տեղական պարարտանյութի օգտագործմանը: Երկու խնդիր ենք միեւնույն ժամանակ լուծում. առաջինը` տեղական արտադրված պարարտանյութն ավելի էժան է, քան ներմուծվող սելիտրան, մյուս կողմից` այդ պարարտանյութի արտադրողականությունն ավելի բարձր է:
Մի խնդիր կա. դեռեւս մեր գյուղացիական տնտեսությունները տեղյակ չեն, թե ինչպես պետք է այդ պարարտանյութն օգտագործվի, որովհետեւ զանգվածային օգտագործման համար անհրաժեշտ է, որպեսզի մենք տեղեկատվություն ապահովենք: Այս տարի մեր տեղական արտադրողների հետ կնքելու ենք պայմանագրեր, բյուջեից նրանց հատկացնելու ենք գումարներ, որպեսզի նրանք մատակարարեն տեղական օրգանական պարարտանյութը գյուղացիական տնտեսություններին: Հետաքրքրական է, որ այս տարվա ընթացքում մեր տեղական, ազգային արտադրողները կարող են բավարարել մեր գյուղացիական տնտեսությունների պահանջարկի շուրջ 50 տոկոսը:
Խնդիրն այն է, որ, ցավոք, դեռ ոչ բոլորն են տեղյակ, որ այդպիսի պարարտանյութ կա: Մենք օգնելու ենք, որ տեղական արտադրողն իր հզորությունն ավելացնի եւ կարողանա Գյուղատնտեսության նախարարության օժանդակությամբ կոնկրետ տնտեսությունների հետ ստորագրել պայմանագրեր, սովորեցնել այդ տնտեսություններին, թե ինչպես է այդ պարարտանյութն օգտագործվում եւ 6 ամսվա ընթացքում իրականացնել մոնիթորինգ՝ մինչեւ որ բերքը կստացվի: Եվ այդ ծրագրի մեկնարկը մենք հայտարարում ենք:
-Նորություն չէ, որ նախորդ տարի գյուղատնտեսական ոլորտի վրա իրենց բացասական ազդեցությունը թողեցին անբարենպաստ բնակլիմայական պայմանները: Գյուղացին ինչքանո՞վ կարող է համոզված լինել, որ այս տարի ցրտահարությունից, կարկտահարությունից բերքը չի տուժի, այսինքն` ՀՀ կառավարությունը նախնական ի՞նչ միջոցառումներ է իրականացնում գյուղացու բերքը հնարավոր աղետներից պաշտպանելու համար:
-Իհարկե, աղետներից ոչ մեկը պաշտպանված չէ: Բնակլիմայական պայմանների ազդեցությունը գյուղատնտեսության վրա էական է եւ մեծ: Ինչպե՞ս կարող ենք նվազեցնել այդ ռիսկերը: Մենք հաստատել ենք բավական մեծ եւ մասշտաբային կարկտահարության դեմ պայքարելու առաջին ծրագիրը: Գիտեք, որ հակակարկտային կայաններ են տեղադրվում Հայաստանում: Այս պահի դրությամբ` ունենք 110 հակակարկտային կայաններ:
Այս տարվա բյուջեով նախատեսել ենք 200 մլն դրամ, կտեղադրենք շուրջ 50 նոր կայաններ, որպեսզի հնարավորին չափ տնտեսությունները երաշխավորված լինեն, որ կարկուտը վնաս չի հասցնի: Դա եռամյա ծրագիր է, եւ ամեն տարի բյուջեով միջոցներ ենք հատկացնում հակակարկտային կայաններ ստեղծելու, ինչպես նաեւ միասնական կարգավորման համակարգ ստեղծելու համար, որպեսզի պետությունն օպերատիվ կարողանա արձագանքել այս խնդրին:
Մի նոր ծրագիր ենք սկսում, որն այգիներին է վերաբերում, այսինքն` նոր ցանցային համակարգով այգիները ծածկելու ծրագիր է, որը Եվրոպայում մեծ կիրառություն է ստացել եւ ավելի հուսալի է: Դա լինելու է նորամուծություն մեր պրակտիկայում, եւ փորձելու ենք նաեւ այս փորձը տարածել:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության բնագավառում ապահովագրական համակարգ ներդնելու խնդրին, որի մասին շատ է խոսվում, ապա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա բավականին թանկ հաճույք է, եւ մեր գյուղացիական փոքր տնտեսությունները պատրաստ չեն ապահովագրական ներդրմանն այն պարզ պատճառով, որ շատ թանկ է: Այդ տեսակետից պետությունն ավելի շատ իրականացնում է պետական ապահովվածության ծրագրեր. պետական բյուջեով հատկացումներ են նախատեսվում` օժանդակելու գյուղացիական տնտեսություններին:
-Հայտնի է, որ բանջարաբոստանային կուլտուրաների եւ հացահատիկի ինքնարժեքում ամենամեծ ծավալը բաժին է ընկնում ոռոգման ջրին: 2005 թվականի համեմատ ոռոգման ջրի սակագինը կրկնապատկվել է: Արդյո՞ք ՀՀ կառավարությունն ունի ծրագրեր ոռոգման ջրի սակագները մեղմելու ուղղությամբ:
- Այսօր, տեղյակ եք, որ ոռոգման ջրի սակագինը 11 դրամ է: Տեղյակ եք, որ վերջին տարիների ընթացքում մեծածավալ կապիտալ ներդրումներ են կատարվել ոռոգման համակարգը վերականգնելու, նոր ջրագծեր կառուցելու ուղղությամբ: Մենք վերջին 3 տարիների ընթացքում աննախադեպ ծախսեր ենք կատարել, որը գերազանցում է 100 մլն դոլարը:
Բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ այսուհետեւ հնարավորություն ունեն, ավելի քիչ ջուր ծախսելով, ավելի արդյունավետ օգտագործելով ջրային ռեսուրսները, ստանալ արդյունք: Ջրօգտագործող ընկերություններում կապիտալ ներդրումների, էլեկտրաէներգիայի, աշխատավարձի ծախսերը բավականին մեծ տեսակարար կշիռ են կազմում, եւ դրանք մենք պետք է հոգանք: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ պետությունը սուբսիդավորում է այդ տնտեսություններին, եւ նրանց ֆինանսական ճեղքվածքը կազմում է 50-60 տոկոս:
Որպեսզի չբարձրանան սակագները, պետությունը բյուջեից սուբսիդավորում է եւ այդ ճեղքվածքը փակում, որը տարեկան կազմում է 4 մլրդ 200 մլն դրամ: Մենք այս տարի դա նախատեսել ենք բյուջեով, եւ իրականացնելու ենք սուբսիդավորում, որպեսզի սակագինը չբարձրանա: 2012 թվականին նույնպես նախատեսում ենք այս սուբսիդավորումն իրականացնել, որպեսզի ոռոգման ջրի սակագինը չբարձանա:
- Այսօր գյուղատնտեսական ապահովագրությունը բարձր տոկոսադրույքներով է տրվում գյուղացուն` մինչեւ 24 տոկոս: Ի՞նչ լծակներ կամ միջոցներ ունի կառավարությունը, որպեսզի ազդի դրանց վրա, եւ ցածր տոկոսադրույքներ սահմանվեն: Դուք խոսեցիք ապահովագրության թանկ հաճույք լինելուց` գոնե հնգամյա կտրվածքով, արդյո՞ք կա հնարավորություն այդ ինստիտուտը ներդնելու համար:
- Կարծում եմ, որ մեր գյուղատնտեսության ոլորտում ապահովագրությունը ներդնելը նպատակահարմար չէ, եւ փորձագետները, որոնք ուսումնասիրել են այս խնդիրը, միջազգային փորձը, խորհուրդ չեն տալիս, որ մենք գնանք այդ ճանապարհով: Ապահովագրության ներդնումը ենթադրում է, որ ձեր ռիսկերի նվազեցան համար դուք այսօր պետք է վճարեք ապահովագրական ընկերությանը: Ես նշեցի, որ մեր գյուղացիական տնտեսությունները չունեն այդ հնարավորությունն իրենց ռիսկերը նվազեցնելու համար: Դրա համար մենք պետք է իրականացնենք այնպիսի պետական ծրագրեր, որոնք այդ ռիսկերը նվազեցնում են: Օրինակ` հակակարկտային ծրագիր: Ինչ վերաբերում է վարկային միջոցներին, ապա պետք է նշել, որ այսօր գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի տոկոսը բավականին բարձր է: Այն միջինը կազմում է 24 տոկոս. չնայած վերջին տարիներին տեսնում ենք, որ տոկոսադրույքները նվազում են, բայց, այնուամենայնիվ, դեռեւս վարկային միջոցների գինը բավականին բարձր է: Նախորդ տարի մենք սկսեցինք մի ծրագիր Աշոցքի, Ամասիայի շրջանում, որի իմաստը կայանում էր նրանում, որ պետությունը պետական բյուջեից սուբսիդավորում էր տոկոսադրույքները:
Այդ համայնքներում շուրջ 2 հազար գյուղացիական տնտեսություններ ստացան վարկեր` 10 տոկոս տոկոսադրույքով: Մենք այսօր ունենք համայնքների թիվն ավելացնելու ծրագիր, ըստ որի` համայնքները կօգտվեն 10 տոկոսանոց վարկային միջոցներից: Կենտրոնական բանկի հետ համատեղ մշակվել է ծրագիր. ԿԲ-ն առեւտրային բանկերին տրամադրելու է անհրաժեշտ միջոցներ` դրամային արտահայտությամբ, եւ բանկերը պետք է այդ միջոցներն ուղղեն գյուղացիական տնտեսությունների վարկավորմանը, իսկ պետությունը շարունակելու է տոկոսադրույքների սուբսիդավորումը: Այս պարագայում ԿԲ-ի հետ այդ տոկոսադրույքները կազմելու են շուրջ 14 տոկոս, որից 4 տոկոսի բեռը պետությունը կվերցնի իր վրա, որպեսզի 10 տոկոսով վարկը հասնի գյուղացուն:
Բնականաբար, մենք առաջին հերքին սկսելու ենք այն գյուղական համայնքներից, որտեղ գոյություն ունի աղքատության խնդիր: Հետագայում կավելանան գյուղատնտեսական վարկերի ծավալները Հայաստանի Հանրապետությունում:
-Պարոն վարչապետ, մենք այստեղ խնդիրներ ենք թվարկում, դրանց լուծման ուղիներն ենք նշում, իմ կարծիքով, սակայն, կա մեկ այլ` ավելի արմատական խնդիր: Մեղմ ասած` որոշ բացառություններով, մեր գյուղացին գրագետ չէ: Բանը հասավ նրան, որ Դուք անգամ ստիպված էիք տարրական հարցեր բացատրել գյուղացուն: Օրինակները շատ են. չե՞ք կարծում, որ պետական մակարդակով պետք է կրթել գյուղացուն, եւ ի՞նչ ծրագրեր կան այդ ուղղությամբ:
-Ամոթ բան չէ սովորելը. մենք բոլորս միասին պետք է սովորենք, որովհետեւ գյուղատնտեսության տարբեր բնագավառներում մշակելով ծրագրեր` մենք հրավիրում ենք հայտնի փորձագետների, եւ նրանց խորհուրդները, պարզվում է, խիստ օգտակար են մեզ համար, եւ ամոթ բան չէ, երբ այդ ամենը մենք ներկայացնում ենք մեր գյուղացուն:
Առաջին հերթին մտադիր ենք «Գյուղացիական ժամ» հաղորդումը վերսկսել, որի միջոցով կփորձենք ներկայացնել գյուղացիական ոլորտում առկա խնդիրները, լուծման եղանակները` հրավիրելով լավագույն մասնագետների. փորձել խորհուրդներ տալ, թե ինչպես պետք է այս կամ այն բերքը մշակվի, ինչ պարարտանյութ է նպատակահարմար օգտագործել եւ այլն, բազմաթիվ խորհուրդներ: Երկրորդ պետական ծրագիրը վերաբերում է մարզային գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների մատուցման գրասենյակներին:
Բոլոր մարզերում ունենք այդ խորհրդատվական գրասենյակները, 300-ից ավելի մասնագետներ են աշխատում, որոնք պետք է բոլոր համայնքները հասնեն եւ օգնեն գյուղացիական տնտեսություններին խորհրդատվական ծառայություններով: Երրորդն այն միջազգային ծրագրերն ենք, որոնք մենք սկսել ենք: Այս պահի դրությամբ` շուրջ շուրջ 100 մլն դոլարի հասնող վարկային ծրագրերով մենք բոլոր համայնքներում իրականացնելու ենք տեխնիկական, ֆինանսական օժանդակության ծրագրեր: Դրանք են՝ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի ծրագրերը, որոնք իրենց մեջ պարունակում են խորհրդատվական ծառայության տրամադրման անհրաժեշտություն: Դա նույնպես օգնելու է, որպեսզի մենք կարողանանք ժամանակակից մեթոդներ ներդնել տնտեսություններում: Պետք է այնպես անել, որ խորհրդատուները հասնեն բոլոր համայնքներ: Դա նշանակում է, որ այստեղ լրացուցիչ միջոցներ պետք է ներդնենք, եւ կոնկրետ պետք է լինի այդ օգնությունը, որովհետեւ եթե ծրագրում կա այգեգործության տարր, ապա նշանակում է, որ խորհրդատվությունը պետք է վերաբերի ծառերի մշակմանը: Մեր առջեւ այսօր խնդիր է դրված` կտրուկ ավելացնել համայնքների քանակը, որոնք օգտվելու են պետական աջակցման ծրագրերից:
Մասնավորապես` սկսել ենք անասնապահության բնագավառում արոտավայրերի արդյունավետ կառավարման ծրագիր Համաշխարհային բանկի հետ` 23 մլն դոլարի: 55 համայնքներ ներգրավվելու են այս ծրագրի մեջ: Մենք հայտ ենք ներկայացրել Համաշխարհային բանկին, որպեսզի կրկնապատկենք այդ համայնքների թիվը: Բնականաբար, կկրկնապատկվեն նաեւ այն ֆինանսական միջոցները, որոնք ուղղվելու են այս ծրագրի իրականացմանը: Երկրորդը գարու սերմացուի ներմուծումն է: Կարծում ենք, որ այն 2 հազար տոննա սերմացուն, որն ադեն ներկրվել է Հայաստան, պայմանագրերով տրամադրելու ենք առնվազն 20 հազար տնտեսության:
Դա արդեն բավականին զգալի ցուցանիշ է: Նախորդ տարի մենք ներմուծեցինք շուրջ 1000 տոննա ցորենի սերմ: Պայմանագրերով մենք այդ սերմացուն տրամադրել ենք 150 տնտեսության, որոնք զբաղվելու են սերմաբուծությամբ: Այս տարի մենք կունենանք շուրջ 2.5 հազար տոննայի սերմացու, որն արդեն պայմանագրերով կտրամդրենք հազարավոր տնտեսությունների: Նրանք կստանան բարձր որակի սերմացու եւ բանականաբար, խորհրդատվություն, թե ինչպես պետք է դա օգտագործվի:
Արդյունքում` արտադրողականությունը կբարձրանա, 1 հա-ից առնվազն 20 տոկոսից ավելի արդյունք կստանանք, կտրվի խորհրդատվություն, թե ինչպես պետք է հողը մշակվի, որովհետեւ սերմացուն լուծում է խնդրի 20 տոկոսը: Շատ կարեւոր է, թե ինչպես է հողը մշակվում. երբ է սեզոնը սկսվում, ինչպես պետք է պահպանվի բերքը: Ես ձեզ հետ համաձայն եմ, որ մենք պետք է հասնենք բոլոր տնտեսություններին, եւ համոզված եմ, որ նոր հաղորդաշարը կօգնի մեր գյուղացիներին:
-Շիրակի մարզի վարելահողերի 57 տոկոսից ավելին տարիներ շարունակ մնացել եւ հիմա էլ շարունակում են անմշակ մնալ, որի արդյունքում հողի բերքատվությունը նվազում է: Կան համայնքներ, որոնք արդեն նշում են հողի հնարավոր էռոզիայի մասին: Կառավարությունն ի՞նչ քայլեր է առաջարկում, երկրի հողային ռեսուրսը, մասնավորապես, Շիրակի մարզում առավել արդյունավետ կառավարման համար, ու ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Շիրակի մարզի գյուղական աղքատության հաղթահարման եւ հողի բերքատվության բարձրացման համար:
-Շիրակի մարզը մեր ամենաաղքատ մարզերից մեկն է, եւ պետության օժանդակությունն առաջին հերթին պետք է գնա աղքատ մարզեր: Գարու սերմացուն, որը բերվում է, պետք է ստանա Շիրակի մարզը, եւ առաջին հերթին պետք է օգնենք այն տնտեսություններին, որոնք կարիքավոր են եւ այն տնտեսություններին, որոնք նոր հողեր պետք է մշակեն: Մեր ծրագրի նպատակն է ավելացնել մշակվող հողերի ծավալները Հայաստանում:
Դա` առաջինը, այսինքն` սերմով ապահովելը: Երկրորդը` կառավարությունն ընդունել է որոշում, որով էապես պարզեցվել է արոտավայրերի օգտագործման կարգը: Գյուղացիներն այսուհետեւ կարող են պայմանագրեր կնքել ուղղակի համայնքի ղեկավարի հետ արոտավայրերն օգտագործելու համար: Չկա պարտադիր պահանջ` նոտարական գրանցման, կադաստրի գնահատման համար վճարումներ կատարելու: Գյուղացիները պետք է այս տեղեկատվությունն իմանան եւ օգտվեն այդ հնարավորությունից, որը նրանց ընձեռվում է, պահանջեն իրենց համայքնի ղեկավարներից, որ արոտավայրերի օգտագործման համար ուղղակի պայմանագրեր կնքվեն` առանց լրացուցիչ խոչընդոտների:
-Գյուղական աղքատության հաղթահարման միջոցներից մեկն էլ գյուղմթերքի արտահանումն է, դրա խրախուսումը: Կառավարությունն այս առումով ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել: Եվ կարելի՞ է արդյոք սպասել Զվարթնոցի ազատ տնտեսական գոտու գործարկմանը:
-Մայիսին «Զվարթնոց» օդանավակայանում լինելու է սառնարանային տնտեսության բացումը: Ազատ տնտեսական գոտու մասին օրենքը Կառավարությունը հաստատել է նախորդ տարի եւ ուղարկել է Ազգային ժողով, որտեղ քննարկման փուլում է: Այս տարի այն կընդունվի, եւ մենք «Զվարթնոց»-ում կստեղծենք ազատ տնտեսական գոտի: Էական նշանակություն ունի գյուղատնտեսության համար ապրանքի իրացումը, մթերումների կազմակերպումը: Դա նշանակում է, որ մեծ ուշադրության կենտրոնում պետք է գտնվեն մթերող, վերամշակող կազմակերպությունները: Մենք մտադիր ենք օգնել շուրջ 12 մթերող կազմակերպությունների, որպեսզի այս տարի նրանք կարողանան մթերումները նորմալ կազմակերպել:
Ընդհանրապես գյուղատնտեսության զարգացման կարեւորագույն խնդիրը եւ գաղտնիքը կայանում է նրանում, որ օգնությունը գյուղացուն պետք է գա նրա արտադրված ապրանքի վաճառքը ապահովելու կողմից,ինչը շատ հաճախ անտեսվում էր: Եթե մենք գյուղացուն տրամադրում ենք պարարտանյութ կամ սուբսիդավորում ենք նրա այս կամ այն գործառույթը, դա որեւիցե արդյունք չի տա, եթե գյուղացին չի կարողանալու վաճառել իր արտադրանքը: Դրա համար էական ջանքեր են գործադրվում, որպեզի մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք գյուղացիական ապրանքների իրացման բնագավառում: Այդ տեսակետից կառավարությունը տրամադրել է արտոնություններ այն ընկերություններին, որոնք Հայաստան են ներմուծում հոսքային գծեր, որոնք պետք է մշակեն, վերամշակեն գյուղատնտեսական արտադրանքը:
Այս տարի մենք ակնկալում ենք, որ կրկնապատկվելու է պտուղ-բանջարեղենի արտահանումը Հայաստանից, որովհետեւ կան խոշոր ընկերություններ, որոնք ստացել են կառավարության կողմից արտոնություն եւ զբաղվելու են գյուղմթերքների արտահանմամբ: Երկրորդ, մենք էապես պարզեցրել ենք փոքր ու միջին ձեռնարկությունների համար մինչեւ 2.5 հազար տոննա ապրանքի արտահանումն ու մաքսակետերում բոլոր գործընթացները, որպեսզի ավելորդ վարչարարությամբ նրանց համար խոչընդոտներ չստեղծենք:
Ուզում եմ նաեւ ավելացնել, որ այս տարի կառավարությունը որոշում ընդունեց` նպատակ ունենալով գյուղտեխնիկայի բնագավառում նույնպես ստեղծել բարենպաստ պայմաններ: Պարտադիր պայմանը, ըստ որի գյուղտեխնիկան պետք է անցնի տեխնիկական զննում, վերացրել ենք, ինչպես նաեւ էապես պարզեցրել ենք գյուղում գյուղտեխնիկայի վարորդական իրավունք ստանալու գործընթացը, որպեսզի բյուրոկրատիան էապես նվազի: Բնականաբար, այս բոլոր գործառույթները պետք է ստեղծեն ավելի բարենպաստ միջավայր գյուղատնտեսությամբ զբաղվելու համար:
-Գյուղատնտեսական աշխատանքներն արդեն մեկնարկում են. ի՞նչ է անում Կառավարությունը, որպեսզի գյուղացիական տնտեսությունների հոգսը թեթեւացնի, այսինքն` գյուղացին վստահ լինի, որ աշխատանքների մեկնարկից Կառավարությունն իր կողքին կլինի: Ի՞նչ է արվում պարարտանյութի գինը զսպելու համար. նախորդ տարի գյուղացին մեկ պարկը գնում էր 4 հազար 500 դրամով, այս տարի արդեն` 7 հազար դրամով:
-Էական նշանակություն է ունենալու մեր հայկական պարարտանյութի, մանավանդ` օրգանական պարարտանյութի արտադրությունը: Հայաստանն ունի կարողություններ, եւ դրանք մենք կրկնապատկելու ենք: Գյուղտեխնիկայի առումով` 60 տրակտոր հանում ենք աճուրդի` էժան գներով, որպեսզի կոոպերատիվները կարողանան ձեռք բերել: Արոտավայրերի արդյունավետ կառավարման ծրագրի ներքո նույնպես ենթադրվում է գյուղտեխնիկայի մատակարարում 50 տոկոսով: Այսինքն` տեխնիկայի գնի 50 տոկոսը պետությունն ինքն է ֆինանսավորելու, որպեսզի բեռը կոոպերատիվների վրա էապես նվազի: Այս ծրագրի արդյունքում, կարծում ենք, որ կավելանա գյուղտեխնիկայի ներկրումը Հայաստան: Երբ խոսում ենք գյուղտնտեսության զարգացման մասին, անպայման պետք է հաշվի առնենք, որ գոյություն ունեն նաեւ գյուղի խնդիրներ: Գյուղատնտեսությունն առանց գյուղի զարգացման չի կարելի դիտարկել. գյուղում պետք է ստեղծենք բարենպաստ պայմաններ մարդկանց համար:
Դա նշանակում է, որ մեզ համար էական նշանակություն ունի միջհամայնքային ճանապարհաշինարարությունը, որը մի կողմից հեշտացնում է ապրանքների տեղափոխումը դեպի քաղաք, բայց մյուս կողմից բարեկեցիկ է դարձնում կյանքը գյուղում:
Գյուղում գազամատակարարման, հոսանքի, սոցիալական, մշակութային խնդիրներ կան: Այս տարի մենք, ՀՀ նախագահի հանձնարարականով, արդեն իսկ հատկացրել ենք 10 մլրդ դրամ մարզպետերի կողմից ներկայացված սոցիալական ծրագրերը ֆինանսավորելու համար, որի նպատակն է տարածքային համաչափ զարգացման ապահովումը Հայաստանում:
Կարծում եմ, որ այս 10 մլրդ դրամի հատկացումը նույնպես կնպաստի գյուղի խնդիրների լուծմանը: Անասնաբուծության ոլորտում բյուջեից հատկացրել ենք 1200 երինջի ներկրման համար միջոցներ. դա շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ է կազմում, եւ նպատակն է` բարձրացնել կաթնատվությունը եւ մսատվությունն անասնապահության ոլորտում: Իհարկե, այդ 1200 երինջը դեռեւս խնդիրը չի լուծում. պետք է մոտակա տարիների ընթացքում առնվազն տասնապատկենք այս ցուցանիշը: Կարեւոր է, որ մասնավոր անասնաբուծական տնտեսությունները նույնպես կազմակերպում են երինջների ինքնուրույն ներկրում:
- Նախագահի հետ հանդիպման ժամանակ խոսք գնաց գների նվազեցման մասին. կարելի՞ է ակնկալել, որ հաշվի առնելով, որ այս գյուղատնտեսական տարին հաջող է համարվելու, գները համաչափ կնվազեն:
- Բնականաբար, եթե գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճի նախորդ տարվա հետ համեմատ 10 տոկոսով, դա նշանակում է, որ գյուղմթերքների գներն անցած տարվա վարքագիծը չեն ունենա: Մյուս կողմից էլ՝ մեր գյուղացիները շահագրգռված չեն իրենց ապրանքն էժան վաճառել նախորդ տարվա համեմատ: Ապրանքների գների բարձրացումն ունեցել է նաեւ հետեւյալ էֆեկտը` գյուղատնտեսության ոլորտում ներդրումները 2010-2011թվականներին ավելացել են: Արդյունքում` մենք ակնկալում ենք, որ շուրջ 50 տոննա պտուղ-բանջարեղեն ենք արտահանելու:
Կրկնապատկվելու է ձկան արտահանումը: Եթե նախորդ տարի մենք արտահանել էին 400 տոննա ձուկ, ապա այս տարի ակնկալում ենք 800 տոննայի արտահանում: Գների այս մակարդակը, գյուղատնտեսության ոլորտում բերելով լրացուցիչ ներդրումներ, նպաստելու է նրան, որ ավելանան ծավալները: Մյուս կողմից` մեր նպատակն է խթանել, որ այդ գյուղմթերքները հնարավոր լինի արտահանել Հայաստանից: Այն ընկերությունները, որոնք նմանատիպ ծրագրեր են ներկայացրել Կառավարությանը, ստացել են հարկային արտոնություններ: Համոզված ենք, որ 2011թ-ին կունենանք արտահանման ծավալների աճ:
Խոսելով գնաճի մասին` կարծում ենք, որ Կենտրոնական բանկի եւ Կառավարության ձեռնարկած միջոցառումները հնարավորություն կտան արդեն ամառվա սեզոնից նկատել, որ գների մակարդակը Հայաստանում նվազում է: Մենք հույս ունենք, որ տարին կավարտենք 6 տոկոսանոց գնաճով, այսօրվա 12 տոկոսի փոխարեն:
- Ե՞րբ է հնարավոր ասել, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը շահավետ գործ է, ի վերջո, գաղտնիք չէ, որ գյուղացին կսկսի դրանով լրջորեն զբաղվել, երբ հասկանա, որ ռեալ շահույթ ունի իր աշխատանքից:
- Գյուղատնտեսությունը, որի համար պետք է տնտեսապես շահավետ միջավայր ստեղծենք, բացի տնտեսական խնդիրներից, նաեւ ունի լուրջ քաղաքական եւ սոցիալական բովանդակություն: Նամանավանդ, եթե հաշվի առնենք, որ մենք ունենք 340 հազար գյուղացիական փոքր տնտեսություն, եւ նրանց կողմից մշակվող հողերի ծավալը կազմում է 430 հազար հա: Այսինքն` 1 հա-ից մի քիչ ավելի է ընկնում ամեն մի տնտեսությանը. ապահովում է այդ տնտեսությունը զբաղվածություն եւ տարրական սոցիալական կարիքների հոգալու հնարավորություն: Հասկանալի է, որ պետությունը պետք է կանգնած լինի գյուղացու կողքին` օգնելու նրան լուծելու իր խնդիրը:
Այդ տեսակետից, մի կողմից` մենք պետք է մտածենք տնտեսական արդյունավետության բարձրացման մասին, դրա համար փորձում ենք խթանել կոոպերատիվների ձեւավորումը, որովհետեւ դրանք հնարավորություն են տալիս ավելի փոքր ծախսերով 15- 20 տնտեսություն սպասարկել` ունենալ գյուղտեխնիկա, ավելի էժան ձեռք բերել սերմացու, վառելիք եւ այլն: Մյուս կողմից էլ` մենք հասկանում ենք, որ դրանով լուծում ենք սոցիալական ու քաղաքական խնդիր:
- Շիրակի մարզում մի քանի գյուղացիական ֆերմերային տնտեսություններ կարտոֆիլ են արտադրում եւ արդեն բարձրաձայնում են, որ հունիսին սպասվում է կարտոֆիլի կրկնակի գնաճ: Չկա՞ այդպիսի միտում:
- Գյուղատնտեսության նախարարին տրված է խիստ հանձնարարական` կարտոֆիլի սերմացուի խնդիրը պահելու անձնական հսկողության տակ: Նա ինձ զեկուցել է, որ նախորդ տարի Հայաստան է ներկրվել 800 տոննա կարտոֆիլի սերմացու. այս տարի մենք արդեն ունենք 2 հազար 100 տոննա սերմացու: Բնականաբար, եթե նախորդ տարի կարտոֆիլի գները բարձրացել են, պահանջարկը շատ մեծ էր, այս տարի ավելի մեծ հողատարածքներ կհատկացվեն կարտոֆիլի համար: Դա էլ կլինի երաշխիքը, որ գները նախորդ տարվա համեմատ չեն բարձրանա: Բնականաբար, այս խնդիրը գտնվելու է մեր հսկողության տակ:
- Պարոն վարչապետ, շատ կաեւոր ծրագրեր են իրականացվում անասնապահության ու պտղաբուծության ոլորտում, եւ կան դրանց ֆինանսավորման աղբյուրները: Ինչպե՞ս են վերահսկվելու այդ ծրագրերը:
- Վերահսկողությունը պետք է իրականացվի մի քանի ուղղություններով: Առաջինը` կառավարությունն ինքն իր վերահսկողական ծառայությունների միջոցով պետք է վերահսկի, որ այդ գումարները ծառայեն բուն նպատակին: Երկրորդ` այդ ծրագրերը գտնվում են նաեւ աուդիտորական հսկողության ներքո, եւ բոլոր այդ գործակալությունները, որոնք ստանում են ֆինանսական միջոցները եւ տեղաբաշխում, պետք է անցնեն պարտադիր աուդիտ: Երրորդը, որն ամենակարեւորն է, այս ծրագրերը պետք է գտնվեն հասարակության վեահսկողության ներքո, եւ ԶԼՄ-ները պետք է պարբերաբար լուսաբանեն այս խնդիրը` ցույց տալով այն համայնքները, որտեղ այս միջոցները, ըստ պաշտոնական տեղեկատվության, պետք է հասնեն: Տեղում մենք պետք է ձեզ հետ միասին լինենք եւ տեսնենք` արդյոք այդ գումարները ծառայում են նպատակին: Այս երեք ուղղություններով վերահսկողություն իրականացնելով, կարծում եմ, մենք կհասնենք ցանկալի արդյունքի:
- Դուք սիրո՞ւմ եք հողի հետ աշխատել, հողի հետ կապ ունե՞ք:
- Ընդհանրապես կարծում եմ, որ ցանկացած մարդ ունի բնական ձգտում հողի հետ աշխատելու, որովհետեւ մարդ, երբ մեկուսանում է գյուղից, հողի մշակումից, հայտնվում է արհեստական միջավայրում, որը ստեղծում է բազմաթիվ խնդիրներ մարդու համար: Այդ բնական ձգտումը կա նաեւ իմ մեջ: