ՀՀ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ Է ՏՎԵԼ<br /> ՆԱԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ<br />


ՀՀ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ Է ՏՎԵԼ
ՆԱԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ

  • 22-07-2008 20:45:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ:Հունիսի 27-ի հանրահավաքի ժամանակ, ինչպես նաեւ հուլիսի 1-2-ին մամուլում տեղեկություններ էին հրապարակվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի կողմից մարտի 5-ին տրված քննչական հանձնարարության վերաբերյալ: Հուլիսի 8-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով, սեփական նախաձեռնությամբ սկսել է այդ հանձնարարության իրավաչափության վերաբերյալ հարցի քննարկումը: Ա.Հարությունյանը Ա.Միրզոյանին առաջարկել էր 10-օրյա ժամկետում ներկայացնել համապատասխան հանձնարարությունների պատճեները, իսկ Հ.Պալյանին` հայտնել, թե ինչպիսի գործողություններ են իր կողմից իրականացվել ի կատարումն այդ քննչական հանձնարարության: Քանի որ հարցի ուսումնասիրության ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել պարզել, թե ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից տրվե՞լ են արդյոք նմանատիպ հանձնարարություններ նաեւ հանրապետության այլ մարզերում, Պաշտպանը Ա.Միրզոյանին առաջարկել է 10-օրյա ժամկետում ներկայացնել համապատասխան հանձնարարությունների պատճեները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Ա.Միրզոյանը հուլիսի 21-ին տեղեկացրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի կարգով քննչական առանձին հանձնարարություններ են ուղղարկվել նաեւ Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի դատախազներին: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից ներկայացվել են նաեւ այդ հանձնարարությունների պատճեները: Ա.Հարությունյանը հուլիսի 22-ին դիմել է Գեղարքունիքի եւ Արագածոտնի դատախազներին` ի կատարումն այդ քննչական հանձնարարությունների նրանց կողմից իրակացված գործողությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով:
Նոյյան տապան  -   Իրավունք