ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԳՐՈՂ-ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ԱՐՏԱՇԵՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ «ԻՄ
ՏՈՒՆԸ ՔՈ ՏՈՒՆՆ Է» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
15-06-2007 17:44:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի պետական
համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետում հունիսի 15-ին
կայացավ հայտնի լրագրող, գրող-հրապարակախոս, երգիծաբան Արտաշես
Քալանթարյանի «Իմ տունը քո տունն է» ժողովածուի շնորհանդեսը:
Գրքում ընդգրկված են գրողի վեպերն ու վիպակները, պիեսները,
պատմվածքներն ու հոդվածները:
«Ա.Քալանթարյանը խորհրդային տարիների լավագույն լրագրողներից
էր: Նրա անունը անխզելիորեն կապված է 20-րդ դարի 2-րդ կեսի հայ
ժուռնալիստիկայի պատմության հետ»,- նշեց ֆակուլտետի դեկան Գառնիկ
Անանյանը: նրա խոսքերով, Ա.Քալանթարյանի, Վարդգես Պետրոսյանի,
Վիկտոր Բալայանի շնորհիվ խրուշչովյան ձնհալից հետո Հայաստանում
զարգացավ ժուռնալիստիկան, մասնավորապես հրապարակախոսական
հոդվածների, ֆելիետոնի ժանրերը:
Նշվեց, որ Ա.Քալանթարյանի 75-ամյակի կապակցությամբ Երեւանի
Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրվել է նրա «Հանրապետության
օրինակելի քաղաքացին» վիպակը, որի պրեմիերան կկայանա հունիսի
24-ին: Գ.Անանյանը հայտնեց, որ գրողի որդու` Ալեքսանդր
Քալանաթարյանի, նախաձեռնությամբ ԵՊՀ-ում բացված գրողի անվան
լսարանը շուտով կհամալրվի համակարգիչներով, իսկ այս տարվանից
նույնպես նրա նախաձեռնությամբ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում
կսահմանվի Ա.Քալանթարյանի անվան կրթաթոշակ:
ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը հայտնեց,
որ մինչեւ տարեվերջ «Տավուշ հայրենակցական միության»
նախաձեռնությամբ Տավուշի մարզի Չորաթան գյուղի դպրոցի
դասասենյակներից մեկը նույնպես կանվանակոչվի գրողի անունով: