Կարեն Վարդանյան. Բիզնես ֆորումի հիմնական մասնակիցները եւ այցելուները ամենաառաջադեմ ընկերություններն են


Կարեն Վարդանյան. Բիզնես ֆորումի հիմնական մասնակիցները եւ այցելուները ամենաառաջադեմ ընկերություններն են

  • 14-06-2011 14:36:37   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 Հունիսի 24-25-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կանցկացվի «Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը (DigiTec Business forum): Կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԻՏՁՄ) է, գլխավոր գործընկերը` «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), իսկ պաշտոնական գործընկերը` «Մայքրոսոֆթ» (Microsoft) ընկերությունը: Բիզնես ֆորումը կանցկացվի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի նպատակների եւ ակնկալիքների մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակիցը զրուցեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ: -Պարոն Վարդանյան, ո՞րն է ֆորումի նպատակը: Կ.Վարդանյան. Այս տարվա DigiTec բիզնես ֆորումը թվով չորրորդն է. ֆորումն անցկացվում է 2008թ.-ից: Խորագիրն անփոփոխ է եւ արտացոլում է ֆորումի բուն նպատակը` ապահովել գործարար աշխարհի ու տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ծառայություններ մատուցող ընկերությունների երկխոսությունը, աջակցել տնտեսության տարբեր ոլորտներում ՏՀՏ լուծումների ներդրմանը: Մեր հիմնական նպատակն է, որպեսզի տարբեր ոլորտներում բիզնեսը Հայաստանում լինի արդյունավետ եւ մրցունակ: Մրցունակությունն ապահովելու երկու ճանապարհ կա. մեկը` երբ բիզնես գործընթացներն են բարելավվում, մյուսը` երբ այդ բարելավված բիզնես գործընթացներում ներդրվում են տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ: Նման պայմաններում հնարավոր է բիզնեսի արդյունավետությունը բարձրացնել մի քանի անգամ: Իրականում իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանում կան բավականին բարձր որակի լուծումներ արտադրող ձեռնարկություններ, բայց շատ հաճախ այդ լուծումները կիրառվում են օտար երկրներում, քանի որ պատվիրատուն արտասահմանյան երկրներից է: Հիմա մենք փորձում ենք, այսպես ասած, տեխնոլոգիական ոլորտը դեմքով շրջել դեպի բիզնես, որպեսզի հայկական բիզնեսը եւս այն կիրառի: -Ո՞ր ոլորտների ներկայացուցիչներն են ֆորումի պոտենցիալ մասնակիցները: Կ.Վարդանյան. Արդեն չորրորդ տարվա փորձից ելնելով կարող եմ ասել, որ ‎‎ֆորումը հիմնականում հետաքրքրում է այն ոլորտներին, որտեղ բիզնեսն իրական բիզնես է, այլ ոչ թե օլիգարխիկ կամ ոչ մրցակցային բիզնես, որովհետեւ այդ տիպի մարդկանց լուծումներ պետք չեն: Նրանք ցանկանում են ընդամենը խուսափել հարկերից կամ լրացուցիչ շահագործել մարդկանց, իսկ արդյունավետության բարձրացումն իրենց չի հետաքրքրում: ֆորումն իրականում հետաքրքրում է այն ամենաժամանակակից բիզնես ղեկավարներին, որոնք գիտակցում են, որ գտնվում են մրցակցային դաշտում եւ, դա հասկանալով, ձգտում են էլ ավելի մտնել մրցակցային դաշտ` ընդլայնելով իրենց հնարավորությունները, դուրս գալով նոր շուկաներ: -Որքանո՞վ է ֆորումը նպաստում Ձեր նշած խնդիրների լուծմանը եւ ի՞նչ է նախատեսվում այս տարի: Կ.Վարդանյան. Կարող եմ ասել, որ հիմնականում հաջողվում է, որովհետեւ մոտավորապես 30 ընկերություն ներկայացնում է իր տեխնոլոգիական լուծումները, եւ, բացի դրանից, տեխնոլոգիական տարբեր լուծումների շնորհանդեսներ են լինում: Մարդը կարող է գալ, լսել, ընտրել, թե իրեն ինչ է պետք, ինքն ինչ կարող է իր ձեռնարկությունում ներդնել: Բացի դրանից, մենք այնպես ենք անում, որ բիզնես ֆորումը հետաքրքիր լինի թե այցելուին, թե ցուցադրվողին, եւ այս առումով մի շարք լրացուցիչ միջոցառումներ ունենք: Մասնավորապես, այս տարի մենք կունենանք ֆորումում մի հատված, որը նվիրված կլինի սինգապուրյան հաջողությանը: Մենք ներկայացուցիչ ենք հրավիրում Սինգապուրի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի գործակալությունից, ով կներկայացնի աշխարհի ամենաաղքատ երկրից ամենազարգացող պետություն դառնալու, այսինքն` երրորդ աշխարհից առաջին աշխարհ թռիչք կատարելու, փորձը: Ի թիվս շատ այլ հետաքրքիր միջոցառումների, ուզում ենք անցկացնել հայ-վրացական բիզնես ֆորում: Վրացական ընկերություններին առանձին տաղավար ենք տրամադրել, որտեղ նրանք կներկայացնեն երկրի բիզնես ոլորտի տեխնոլոգիական լուծումները: Հայկական ու վրացական ընկերությունների միջեւ լուրջ համագորցակցության փոխադարձ ցանկություն կա: Ամիսուկես առաջ մենք բիզնես ֆորում կազմակերպեցինք Վրաստանում, եւ ԴիջիԹեք բիզնես ‎ֆորումում վրացական ընկերությունների մասնակցությունը համագործակցության հաջորդ քայլն է: Վրաստանից սպասում ենք մինչեւ 10 ընկերության մասնակցություն: Բացի այդ, հրավիրել ենք մասնագետ Disney ընկերությունից, որի հետ կցանկանայինք քննարկել մտավոր սեփականության խնդիրները: Իրենց մոտ դրանք բավականին արդիական խնդիրներ են, եւ ցանկալի է, որպեսզի այդ փորձը մեր տեխնոլոգիական ընկերությունները եւս ընկալեն: Այս տարի երկու միջոցառում է զուգահեռ անցկացվում` ԴիջիԹեք բիզնես ֆորումը եւ Մայքրոսոֆթի ինովացիոն ֆորումը: Միասնական բացում է լինելու հյուրանոցի նույն դահլիճում, որից հետո մարդիկ կարող են այցելել առանձին տաղավարներ: Կից երեք դահլիճներում տեղի են ունենալու սեմինարներ եւ թեմատիկ կլոր սեղաններ, տեխնոլոգիաների ցուցադրություններ, որորտին վերաբերող խնդիրների քննարկումներ եւ այլն: -Որքա՞ն մասնակիցներ ու այցելուներ եք ակնկալում: Կ.Վարդանյան. Ընդհանուր առմամբ 30-40 տեղական ընկերությունների մասնակցություն ենք ակնկալում: Հատուկ մասնակցության պայմաններ ենք ստեղծել նորաստեղծ ընկերությունների համար: Մենք նպատակ ունենք քաջալերել նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդ մասնագետներին, սկսնակ ընկերություններին: ԴիջիԹեք բիզնես ‎ֆ‎որումը բավականին լավ հարթակ է, որպեսզի այդ ընկերությունները կարողանան ցուցադրել իրենց ապրանքներն ու ծառայությունները: Յուրաքանչյուր տարի, մոտավոր հաշվարկներով, 1200-1400 այցելու ենք ունենում: Նրանք հիմնականում ներկայացնում են տարբեր ընկերություններ, պետական մարմիններ, կրթական կենտրոններ, հասարակական կազմակերպություններ: Ֆորումի ‎մուտքը վճարովի է, որպեսզի ուղղորդվի այցելուների թիրախայնությունը: Սա փակ միջոցառում է այն անձանց համար, ովքեր իրենց բիզնեսում ՏՀՏ լուծումների ներդրման կարիք ունեն: -Նախորդ ֆորումներից կա՞ շոշափելի արդյունք: Կ.Վարդանյան. Մենք մոնիտորինգ չենք անում: Ընկերությունները գալիս, մասնակցում են, եւ եթե հաջողություններ են գրանցվում, հաջորդ տարի էլ են մասնակցում: Այսինքն` եթե շոշափելի արդյունք չունենան, հաջորդ անգամ չեն մասնակցի, քանի որ մասնակցությունը նաեւ բավականին մեծ ծախսերի հետ է կապված: Եթե մասնակցում են, նշանակում է սեփական դիտարկումների արդյունքում եզրակացնում են, որ արդյունավետ է:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ