Բացվել է Երեւան-Լիոն բարեկամությունը խորհրդանշող Լիոնի այգին
19-07-2011 20:09:30 | Հայաստան | Հասարակություն
Էրեբունի վարչական շրջանում հուլիսի 19-ին մեծ հանդիսավորությամբ պաշտոնապես բացվել է Երեւան-Լիոն բարեկամության խորհրդանիշ Լիոնի այգին: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը կտրելով կարմիր ժապավենը, ազդարարել են Երեւանում Լիոնի այգու գործունեության նոր տարեգրությունը:
Մայրաքաղաքում <<Լիոնի այգու>> հիմնումը Երեւանի եւ Լիոնի քաղաքապետարանների միջեւ կնքած 20082011թթ.-ի համագործակցության ծրագրի շրջանակում է իրականացվել: Այգու հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2010թ-ից: Վերակառուցումը կշարունակվի ծրագրի երկրորդ փուլով: Երեւանի քաղաքապետը վստահ է, որ այս այգին կդառնա երեւանցիների սիրված հանգստի գոտիներից մեկը. <<Այս այգին համագործակցության շատ լավ օրինակ է: Այն ծրագրերը, որոնք մենք այստեղ նախատեսում ենք, վստահ եմ, որ կնպաստեն այգին Երեւանի լավագույն անկյուններից մեկը դարձնելուն: Սա մի փուլի վերջ է, բայց ավելի մեծ փուլի սկիզբ: Եվ ես վստահ եմ, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը եւ վստահության ու ընկերության այն մթնոլորտը, որ ձեւավորվել է Լիոնի քաղաքապետարանի եւ Երեւանի միջեւ` ստեղծում է բոլոր նախադրյալները, որպեսզի մեր համագործակցությունը լինի ավելի արդյունավետ եւ երկարատեւ>>,-նշել է Կարեն Կարապետյանը:
Լիոնի քաղաքապետն էլ իր հերթին նշել է, որ այգու բացումով սկիզբ կդրվի համատեղ նորանոր ծրագրերի իրականացմանը. <<Շատ գեղեցիկ այգի է, հրաշալի վայրում է գտնվում: Այս բացումը կարծում եմ նոր ծրագրերի սկիզբ կարող է դառնալ: Ֆրանսիացիները շատ են սիրում Հայաստանը եւ այսօր հենց այդ բարեկամական կապերն են, որ ամրապնդվում են>>,- նշել է Ժերար Կոլոմբը:
Երեւանի եւ Լիոնի քաղաքապետերը շրջել են այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Այգու վերակառուցման ծրագրի համաձայն, տարածքում անցկացվել է արտաքին լուսավորության եւ ոռոգման նոր ցանց, ստեղծվել են սիզամարգեր, տնկվել են ծառեր, հին սալահատակները փոխարինվել են նորերով, կառուցվել են հասարակական զուգարաններ:
Բնակիչների հանգստի համար տեղադրվել են նստարաններ եւ ժամանակակից ոճով զրուցարաններ, իսկ փոքրիկների համար բազմատեսակ մանկական ժամանցային խաղեր:
Ամեն ինչ արված էր խնամքով եւ ճաշակով: Դիզայնն ապահովվել է հայ եւ ֆրանսիացի մասնագետների կողմից:
Այգին երեւանյան ժամանցի նորամուծություն էլ ունի: Այցելուներն այստեղ կարող են իրենց ուժերը փորձել ֆրանսիական հանրահայտ բուլ խաղի ասպարեզում: Առաջին օրինակը երկու քաղաքապետերն են ցույց տվել:
Այնուհետեւ Երեւանի եւ Լիոնի քաղաքապետերը այգու այցելուների հետ դիտել են ջրային ավազանում կազմակերպված սերֆինգի ցուցադրական ելույթները: