ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԱՆԱՂԱՐՏ ԵԹԵՐ» ԵՎ «ԱՆԱՂԱՐՏ ՄԱՄՈՒԼ»<br /> ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱԴՅՈՒՆՔՆԵՐԸ<br />


ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԱՆԱՂԱՐՏ ԵԹԵՐ» ԵՎ «ԱՆԱՂԱՐՏ ՄԱՄՈՒԼ»
ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  • 26-12-2006 20:05:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 26-ին ամփոփվեցին ՀՀ Լեզվի պետական տեսչության (ԼՊՏ) «Անաղարտ եթեր» եւ «Անաղարտ մամուլ» մրցանակաբաշխության արդյունքները: Ինչպես մրցանակների հանձման արարողությանը նշեց ԼՊՏ-ի պետ Լավրենտի Միրզոյանը, եթե նախորդ տարվա մրցույթի ժամանակ առավել ուշադրություն էր դարձվել հեռուստաեթերի լեզվին, ապա այս տարի` տպագիր մամուլին: Ըստ նրա, այսօր թերթերի հրապարակումներում հաճախ են ուղղագրական կոպիտ սխալները, ինչը մտահոգության տեղիք է տալիս: «Լավագույն լեզվական մակարդակով հեռուստաընկերություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հանրային հեռուստաընկերությունը, «Լեզվական լավագույն քարոզչություն» անվանակարգում` «Հ2» հեռուստաընկերությունը, իսկ «Արմենիա TV»-ի «Հայրենիք-Սփյուռք» հաղորդաշարն արժանացավ «Լավագույն լեզվական մակարդակով հաղորդաշար» մրցանակին: «Լավագույն լեզվական մակարդակով ծրագիր» ճանաչվեց «Հ1»-ի «Զինուժը», «Լավագույն լեզվամակարդակով լրատվական ծրագիր»` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօրը», իսկ «Կենտրոն» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Կարո Պողոսյանն արժանացավ «Լավագույն մարզական մեկնաբան» մրցանակին: «Լավագույն ռադիոծրագիր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հանրային ռադիոյի «Մշակութային ծրագիր» հաղորդաշարը: «Անաղարտ մամուլ» անավանակարգում մրցանակներ հանձնվեցին «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ազգ» օրաթերթերին: Լավագույն շաբաթաթերթ ճանաչվեց «Երկիրը», լավագույն մարզային թերթ` «Լոռու մարզ» թերթը, իսկ «Գրական թերթ»-ը արժանացավ «Լավագույն գրական մամուլ» մրցանակին: «Լեզվական լավագույն մակարդակով ԱԺ պատգամավոր» մրցանակին արժանացավ ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը: Մայրենի լեզվի պահպանման եւ զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար «Ավանգարդ» եւ «Հայաստան» թերթերին հանձնվեցին ԼՊՏ-ի հատուկ մրցանակները:
Նոյյան տապան  -   Հասարակություն