ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՆԿԱՐՉՈՒՀԻ ՄԻՆԱ ԱՆԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ<br /> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՆԿԱՐՉՈՒՀԻ ՄԻՆԱ ԱՆԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

  • 10-11-2006 16:21:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նկարչուհի Մինա Անանյանի հինգ տասնյակից ավելի գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը բացվեց նոյեմբերի 10-ին Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահում: Ինչպես նշեց ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Մ.Անանյանն այն նկարչուհիներից է, որ նույն վարպետությամբ ու նվիրվածությամբ ստեղծագործում է գեղանկարի եւ գծանկարի ժանրերում` իր գործերում ներդաշնակեցնելով խորաթափանց միտքն ու վառ երեւակայությունը: Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի խոսքերով, Մինան ունի հարուստ ներաշխարհ, որը արտացոլվում է նաեւ նրա նկարներում: Իսկ նկարչուհու հոր` գրականագետ Գառնիկ Անանյանի, բնորոշմամբ, Մինայի աշխատանքներում կա անսահման բարություն: Մ.Անանյանը նշեց, որ ինքը նկարչության մեջ գույները չի առանձնացնում, բայց փորձում է ավելի շատ օգտագործել կապույտը, որը խորհրդանշում է մաքրություն եւ եթերայնություն: «Այն ամենը, ինչ կա շրջապատում, հետաքրքրում է ինձ: Եվ նկարչության միջոցով փորձում եմ արտահայտել իմ բոլոր խոհերն ու ապրումները»,- ասաց նկարչուհին: Նշենք, որ Մ.Անանյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, Իսրայելի, Կանադայի եւ ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում:
Նոյյան տապան  -   Մշակույթ