1874 թ. ծնվել է Հայաստանի առաջին հանրապետության արտաքին գործերի նախարար և վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը

  • -- ::   | Georgia  |  

1874 թ. փետրվարի 17-ին ծնվել է հայ քաղաքական գործիչ և լրագրող, Հայաստանի առաջին հանրապետության առաջին արտաքին գործերի նախարար և երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը:

 

Ալեքսանդր Խատիսյանը ծնվել է Թիֆլիսում 1874 թվականի փետրվարի 17-ին: 1891 թվականին ավարտել է Թիֆլիսի պետական գիմնազիան: Սովորել է Մոսկվայի և Խարկովի համալսարաններում և ստացել բժշկական կրթություն: 1898 թվականին մեկնում է արտասահման վերապատրաստվելու լավագույն կլինիկաներում: 1900 թվականին վերադառնում է Թիֆլիս: 1902 թվականին ընտրվում է Քաղաքային դումայի խոսնակ, Թիֆլիսի քաղաքային խորհրդի խորհրդական, 1905 թվականից քաղաքային վարչության անդամ: Մասնակցում 1905-1907 թվականների հեղաթոխություններին: 1907 թվականից Թիֆլիսի քաղաքագլխի օգնական է, 1910-1917 թվականներին` քաղաքագլուխ: 1914 թվականից Քաղաքների Միության կովկասյան կոմիտեի նախագահն էր: Առաջին
համաշխարհային պատերազմի տարիներին հայ գաղթականներին և Մեծ եղեռնի զոհերին օգնության հայկական կամավորական ջոկատների կազմակերպողներից մեկն էր: 1915-1917 թվականներին ընտրվում է Հայկական Ազգային Բյուրոյի (Թիֆլիս) նախագահի տեղակալ: 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընդունվում է ՀՅԴ շարքերը: Այդ ընթացքում ղեկավարում է Հայկական Ազգային Բյուրոն (մինչև 1917 թ. հոկտեմբերի 17-ը), նախագահում է հայկական քաղաքական կուսակցությունների Խորհուրդը (մարտ-ապրիլ 1917 թ.), մասնակցում է Անդրկովկասի գյուղացիական համագումարին (1917 հունիս, Թիֆլիս): 1917 թվականի վերջին տեղափոխվում է Հայաստան, ընտրվում Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ: 1918 ապրիլին նշանակվում է նորաստեղծ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության ֆինանսների և պարենի նախարար, նաև անդրկովկասյան Սեյմի կառավարության օգնության նախարար: Մասնակցել է Թուրքիայի հետ խաղաղության բանակցություններին Տրապիզոնում` (փետրվարին) և Բաթումում` (մայիսին): Անկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից (մայիսի 28) հետո Խատիսյանը Քաջազնունու հետ ստորագրում է Բաթումի խաղաղության պայմանագիրը (հունիսի 4): 1918 նոյեմբերին նշանակվում է արտաքին գործերի նախագահ, 1919 թվականի օգոստոսի
19-ից մինչև 1920 թվականի մայիս ՀՀ վարչապետն էր: 1920 թվականի ամռանը կառավարության բյուրոյի կազմում մեկնում է արտասահման, հայկական սփյուռքում Հայաստանի օգտին ներքին փոխառություն կազմակերպելու և «Ոսկե հիմնադրամ» ստեղծելու նպատակով: 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կառավարության անունից ստորագրում է Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով իշխանությունը հանձնում է հայկական բոլշևիկյան Հեղկոմին:
Տեղափոխվում է Փարիզ, որտեղ հայկական ազգային պատվիրակության կազմում շարունակում է քաղաքական գործունեությունը, սկզբում որպես նախագահի տեղակալ, ապա նախագահ: 1922-1923 թվականներին մասնակցում է Լոզանի կոնֆերենցիային` ներկայացնելով և պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Ազգերի Լիգայում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Փարիզի օկուպացիայի ժամանակ, տեղափոխվում է Պորտուգալիա (ք. Պորտու): Մահացել է 1945 թվականի մարտի 10-ին Փարիզում:
  -