“Ողջույն թուրք ազատարար բանակին”. 1920թ. նոյեմբերի 17-ին Ալեքսանդրապոլում հաստատվեց խորհրդային իշխանություն

  • -- ::   | Armenia  |  


95 տարի առաջ այս օրը՝ 1920 թվականի նոյեմբերի 17-ին, Ալեքսանդրապոլում (Լենինական, Գյումրի), քեմալականների օժանդակությամբ, հաստատվեց խոր

հրդային իշխանություն: Ռուս բոլշևիկների և թուրք քեմալականների դավադրության արդյունքում՝ Բաքվում հաստատված Հայհեղկոմի գործուն մասնակցությամբ, սկսվեց Հայաստանի Հանրապետության մասնատման, խորհրդայնացման ու պարտադրված իշխանափոխության գործընթացը, որն ավարտվեց դեկտեմբերի 2-ին: Հայաստանը հարձակման ենթարկվեց արևմուտքից (Քյազիմ Կարաբեքիր) և արևելքից (Կարմիր բանակ), նոյեմբերի 29-ին Հայհեղկոմը Ղազախից անցավ Քարվանսարայ (Իջևան) և այն հռչակեց խորհրդային: Տասնամյակներ շարունակ հենց նոյեմբերի 29-նն է համարվել Հայաստանի խորհրդայնացման օր: 1920-ի աշունը հայոց պատմության ճակատագրական, ողբեգական և դժնդակ ժամանակահատվածներից էր: Հայաստանը, ի վիճակի չլինելով դիմակայելու բոլշևիկ-քեմալական դավադրությանն ու Հայհեղկոմի՝ իշխանությունը գրավելու մոլուցքին, կորցրեց տարածքներ (Կարս, Սուրմալու՝ Անիի ավերակներ ու բիբլիական Արարատ) ու տասնյակ հազարավոր բնակչություն՝ գերազանցապես Շիրակի դաշտավայրում, որտեղ մինչև 1921 թվականի ապրիլը թուրքական զորքերը սպանդ ու ավեր էին գործում: 

Հատված   ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Գրավելով Կարսը` 1920թ. նոյեմբերին թուրքական զորքերը շարժվում են դեպի Ալեքսանդրապոլ, հայկական զորքերը մարտերով նահանջում են: Նոյեմբերի 3-ին վարչապետ Օհանջանյանը Կարաբեքիրին զինադադար է առաջարկում, սակայն թուրքերը ձգձգում և ավելի են խորանում դեպի Հայաստան: Նոյեմբերի 5-ին զորավար Սիլիկյանը բանակի հրամանատար Նազարբեկյանին հաղորդում է. ՙԶորամիավորումներն ինքնագլուխ թողնում են ռազմաճակատը: Զինվորները խմբերով դասալքվում են և չեն ենթարկվում հրամանատարներին՚:

Երբ թուրքական բանակը մոտենում էր Ալեքսանդրապոլին, բոլշևիկյան կոմիտեն ընդառաջ գնաց կարմիր դրոշով: Բոլշևիկ ներկայացուցչի առաջին խոսքը եղել է. ՙՈղջույն թուրք ազատարար բանակին, որ գալիս է ազատելու մեզ դաշնակցականների դժոխքից՚:

Նոյեմբերի 5-ին ռազմական նախարար Տեր-Մինասյանը ծածկագիր հեռագրով վարչապետ Օհանջանյանին հայտնում է. ՙՄեր զորքերը կռվել չեն ուզում, խաղաղություն են ցանկանում: Առաջարկում եմ` սկսել բանակցություններ և կնքել հաշտություն: Եթե պատերազմը շարունակենք, ամեն ինչ կկորցնենք՚:

Կարսի գրավումից մեկ շաբաթ առաջ` հոկտեմբերի 23-ին, Անկարայի կառավարությունը հրապարակեց հաղորդագրություն Կովկասում ՙմիլլի ուժերի և դաշնակցական հրոսախմբերի միջև՚ կռիվների մասին, որում ասվում էր. ՙՀայաստանը նպատակ է դրել բնաջնջել կամ ստիպել գաղթել երկրում հաստատված թուրքերին, որոնք կազմում են ամբողջ բնակչության կեսը: Երևանի Մահմեդական միության կազմած պաշտոնական վիճակագրության համաձայն մինչև 1919թ. վերջը միայն Հայաստանը կազմող գավառներում այրվել են 199 թուրքական գյուղեր և նրանց 135 հազար հասնող բնակիչները մեծ մասամբ բնաջնջվել են: Սեպտեմբերի 24-ին մեր սահմանագլխային դիրքերը հարձակում կրեցին: Մեր զորքերը թշնամուն հաղթելուց հետո նրանց հետապնդեցին Սարիղամիշի շրջանում: Հայկական հարձակման նպատակը եղել Էրզրումի գրավումը: Սահմանի մյուս կողմը մեր եղբայրներին կոտորող հայկական հրոսախմբերին հետապնդելը օրինական պաշտպանության և մեր ազգի կենսական իրավունքն է՚:

1920թ. նոյեմբերի 6-ին Կարաբեքիրն առաջարկում է զինադադարի պայմանները` հանձնել Ալեքսանդրապոլի բերդն ու կայարանը: Սակայն երբ հայկական կողմը կատարում է թուրքերի ծանր պայմանները, նրանք նոյեմբերի 8-ին նոր` ավելի ծանր պայմաններ են ներկայացնում:

Նոյեմբերի 10-ին հակառակորդը վերսկսում է ռազմական գործողությունները Իգդիրի ուղղությամբ, որտեղ նախընթաց շաբաթներին Դրոյի հրամանատարությամբ հայկական ուժերը կռվել էին թուրքերի դեմ:

Նոյեմբերի 11-ին Չիչերինը նամակով դիմեց Քեմալին` պահանջելով կանգնեցնել Հայաստանի դեմ թուրքական զորքերի հարձակումը: Նույն օրը, սակայն, պատերազմը վերսկսվեց մի քանի տեղերում: Թուրքերը հարձակվեցին Ջաջուռի զորամասերի վրա, հայերը նահանջեցին մինչև Համամլու (Սպիտակ): Թեժ կռիվներ տեղի ունեցան նաև Աղինի ճակատում, որոնք վերջին ռազմական գործողություններն էին: Նալբանդ կայարանից մինչև Ղարաքիլիսա հայտարարվում էր հայ-թուրքական չեզոք գոտի, որտեղ սակայն իրականում թուրքերն ասպատակում էին, ինչպես գրաված հայկական մյուս  վայրերում:

Թուրքերի հետ բանակցությունների հետ միաժամանակ Հայաստանի ղեկավարությունը դիմեց Մոսկվա` խնդրելով միջնորդություն` թուրքերի հետ հաշտվելու նպատակով: Արտգործժողկոմ Չիչերինը հայ-թուրքական բանակցություններում ներկայացուցիչ նշանակեց Բուդու Մդիվանուն, ով 1920թ. հոկտեմբերից Ռուսաստանի դեսպանն էր Անկարայում` քեմալականների կառավարության մոտ:

Բոլշևիկների և քեմալականների միջև Հայաստանը բաժանելու ծրագիրը հաստատում է նաև նոյեմբերի 19-ին մի կողմից վարչապետ Օհանջանյանի ու ռազմական նախարար Տեր-Մինասյանի, մյուս կողմից Լեգրանի ու Մդիվանու միջև հանդիպման արձանագրությունը: Լեգրանը Ռուսաստանի միջնորդության պայման է համարում Կարսի զիջումը քեմալականներին. ՙԿհամաձայնե՞ր Հայաստանի կառավարությունը Կարսը զիջել թուրքերին: Ես այս հարցը համարում եմ արմատական: Եթե Հայաստանը համաձայնի, կվերանա Ձեր ճակատի հետագա ուժեղացման և Ռուսաստանի զինվորական օգնությանը դիմելու հարցը, քանի որ թուրքերը, կստորագրեն խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ՚:

Բոլշևիկները գրեթե բացահայտ հասկացնել են տալիս, որ իրենց նպատակն է զորք մտցնել Հայաստան` իբր թե զսպելու   քեմալականներին: Լեգրանը ասում է. ՙԹուրքերը չափազանց իրատես քաղաքագետներ են և եթե նրանց զինված ուժերին չհակադրվի հայտնի ռազմական սպառնալիք, ապա միայն դիվանագիտական ելույթներով դժվար է ակնկալել որևէ դրական արդյունք՚:

Տեր-Մինասյանը Լեգրանին հիշեցնում է. ՙՄի անգամ դեպի հյուսիս մեր կողմնորոշման համար մենք հատուցեցինք մեր ժողովրդի միլիոնների կյանքով: Ռուսական բանակի օգնությունը եղավ ուշացումով: Ինչո՞ւ այս դեպքում էլ չենթադրել նույնի հնարավորությունը՚: Քեմալականները զինադադարով պահանջում էին իրենց հանձնել նաև Վորոնցովկան (Տաշիր): Տեր-Մինասյանը անհասկանալի համարելով քեմալականների այս վարքագիծը, ռուս ներկայացուցիչներին ասում է, որ ենթադրաբար, ՙթուրքերը գործիք են ինչ-որ կողմնակի ուժի ձեռքում՚, որը հետևում է իր լայն խնդիրների իրագործումը: Բացի այդ` ՙՀանուն ի՞նչի Ռուսաստանը պետք է պատերազմ սկսի թուրքերի դեմ, պատերազմ, որը կարող է զինել ամբողջ մուսուլմանական աշխարհն իր դեմ: Մեր բանակի և ժողովրդի մեջ ստեղծվել է պատկերացում, որ Թուրքիան գործում է Ռուսաստանի հետ միասին՚:

Մդիվանին պատասխանում է. ՙԶինվորական նախարարի եզրահանգումները ճիշտ չեն:

Պատճառն այն չէ, որ բանակի և ժողովրդի մեջ ստեղծվել է պատկերացում, որ Խորհրդային Ռուսաստանը տվյալ դեպքում գործում է քեմալականների հետ: Պատճառը ավելի խորն է: Անտանտը չի ցանկանում և անզոր է օգնելու Հայաստանին: Ժողովուրդը ստեղծված վտանգավոր դրությունից դուրս գալու ելք է որոնում, նա փնտրում է հենարան դրսից, այդ հենարանը կարող է լինել միայն Խորհրդային Ռուսաստանը: Ժամանակն է գիտակցել և ընդունել խորհրդայնացումը, որը կփրկի Հայաստանը, հայ ժողովրդին վերջնական կործանումից՚:

Գրավված Ալեքսանդրապոլում նոյեմբերի 17-ին հռչակվում է խորհրդային իշխանություն, ստեղծվում է հեղկոմ: Քեմալականների ներկայացուցիչ է նշանակվում Ռյուշտի փաշան: Ալեքսանդրապոլի գավառում հռչակելով խորհրդային իշխանություն, թուրքերը փորձեցին հեղկոմին դարձնել իրենց հանցագործությունների մասնակից:

Նոյեմբերի 18-ին Հայաստանի ներքգործնախարար Սարգիս Արարատյանը և Քյազիմ Կարաբեքիրը Ալեքսանդրապոլում ստորագրում են զինադադարի պայմանները: Զինադադարի վերջին օրը նոյեմբերի 25-ն էր, իսկ դրանից մեկ օր առաջ պետք է սկսվեին հաշտության բանակցությունները: Նոյեմբերի 23-ին Ալեքսանդրապոլ է մեկնում Հայաստանի Բյուրո-կառավարության պատվիրակությունը Խատիսյանի գլխավորությամբ` թուրքերի հետ բանակցություններ սկսելու:

Ճակատագրի հեգնանքով, երբ արյան մեջ թպրտացող Հայաստանը բզկտվում էր թուրքերի և ռուսների միջև, նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը հռչակում է ավելի քան 160 հազար քառակուսի կմ տարածքով Հայաստանի քարտեզը` Սևրի պայմանագրից ածանցվող իրավարար վճիռը, որը վերնագրված էր ՙԱՄՆ նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ՚:

Վարչապետ Օհանջանյանի ու ռազմական նախարար Տեր-Մինասյանի և Լեգրանի ու Մդիվանու միջև հանդիպումից հետո արդեն վերջնականապես ակնհայտ դարձավ Հայաստանը միմյանց միջև բաժանելու և խորհրդայնացնելու բոլշևիկ-քեմալական պայմանավորվածությունը: Բյուրո կառավարությունը նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց:

ՙՅառաջը՚ նոյեմբերի 23-ին ՙԴեպի հաշտություն՚ վերնագրված խմբագրականում գրում էր. ՙՄենք, որ օտարների ուժի վրա հույս դնելով շարունակ ձգտել ենք միանգամից ստեղծել Մեծ Հայաստան, մեր այս շշմեցուցիչ պարտությունից հետո համոզվեցինք, թե որքան խաբուսիկ և վնասակար էին այդ մեծ հույսերը: Եվ եթե մենք լինեինք իրական քաղաքագետներ և ժամանակին ընդունեինք, որ չի կարելի առաջնորդել ազգային քաղաքական նպատակներ` հենվելով ոչ թե սեփական, այլ օտար ուժերի վրա և եթե մենք ի վիճակի լինեինք ճշտորեն չափելու մեր սեփական ուժի և կարողության իսկական կշիռը, մենք երբեք չպիտք է ձգտեինք ստեղծել Մեծ Հայաստան: Մենք պետք է ձգտենք ամենայն անկեղծությամբ և վճռականությամբ վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք մինչև այժմ անկարելի են դարձնում հայ-թուրքական բարեկամությունը՚:

ՙՀաշտության խնդիրը և մեր կողմնորոշումը՚ վերնագրված խմբագրականում նոյեմբերի 24-ին ՙՅառաջը՚ շեշտում է թուրքերի հետ լեզու գտնելու անհրաժեշտությունը. ՙԵթե հայ ժողովուրդը կամենում է ապրել ու ապահովել իր պետական և ֆիզիկական հարատև գոյությունը, նա պետք է ունենա ոչ թե ռուսական, այլ թուրքական կողմնորոշում: Եթե հայ ժողովուրդը վերջին համաեվրոպական պատերազմի ժամանակ չունենար ռուսական կողմնորոշում, այլ լիներ թուրքերի հետ, ամենայն հավանականությամբ, նա խուսափած կլիներ կոտորածներից: Պետք է ըմբռնենք, որ օտարի վրա հենվելով չէ, որ կարող ենք խաղաղություն ձեռք բերել, այլ միմիայն մեր սեփական ուժերին ապավինելով պիտի որոշենք մեր բախտը մեր ուժեղ հարևանների` թուրքերի հետ՚:

Նոյեմբերի 24-ին կազմվեց նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Նույն օրը Վրացյանի ստորագրությամբ հրապարակվում է կառավարության հռչակագիրը. ՙՀայաստանի պետական կառուցվածքը խարսխվելու է ոչ թե օտարների սին ու վտանգավոր ներշնչումներից, այլ Հայաստանի իրական կարողությունից: Մեր գործողության նշանաբանն է լինելու անկեղծ հաշտություն Թուրքիայի հետ և համերաշխություն ու խաղաղ գոյակցություն բոլոր հարևանների հետ՚:

Թուրքիայի հետ նոր հարաբերություններ հաստատելու պատրաստակամությամբ վարչապետ Վրացյանը դիմում է նաև  Մուստաֆա Քեմալին, որի մասին տեղեկանում ենք նոյեմբերի 29-ին` Քեմալի հղած պատասխան նամակից. ՙԳոհունակությամբ ստացա Ձեր հեռագիրը, որով հայտնում եք, որ ցանկանում եք բարեկամական հարաբերություններ ունենալ դրացի պետությունների հետ և տեսնել, որ Ալեքսանդրապոլում սկսված բանակցությունները կհանգեն երկու կողմերի փոխադարձ շահերը ապահովող ելքի՚:

Ալեքսանդրապոլի բանակցություններում թուրքերը հայերից պահանջում են հրաժարվել Սևրի պայմանագրից: Նոյեմբերի 27-ին Խատիսյանը հեռախոսով Վրացյանին տեղեկացնում է. ՙԹուրքերի պահանջով պատվիրակությունը միաձայն որոշեց հրաժարվել Սևրից: Մեր հայտարարությունը թուրքական պատվիրակությունն ընդունեց մեծ գոհունակությամբ և առաջարկեց անցնել սահմանների հարցին: Ես հայտարարեցի, որ մեր հիմնական ցանկությունն է` ելք դեպի ծով Բաթումի և Ռիզեի միջև, ամբողջ Ռուսական Հայաստանը, Վանի վիլայեթը և Բայազետի սանջակը՚: Կարաբեքիրը նոյեմբերի 30-ին տեղեկացնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանագիծ է լինելու Արաքս գետը:

Մինչ այս Կարաբեքիրը մերժել էր հայկական կողմի` ռուսաստանյան պատվիրակ Բուդու Մդիվանու` բանակցություններում մասնակցության պահանջը: Իրենք` ռուսները, և անձամբ Մդիվանին Ալեքսանդրապոլի բանակցություններին մասնակցելու հետաքրքրություն չունեին: Մյուս կողմից, ռազմական գործողությունները վերսկսելու սպառնալիքներ են հնչեցնում թուրքերը: Նոյեմբերի 27-ին Կարաբեքիրը հայկական զորքերի հրամանատարին հղած նոտայում նշում է, թե իբր Հայաստանը խախտում է զինադադարի պայմանները` պահանջելով Ղարաքիլիսայից դուրս բերել հայկական զինված ուժերը, հակառակ դեպքում` ՙբանակցությունները կդադարեցվեն և կարգը պահպանելու համար մեր զորքերը կգրավեն հայ-թուրքական չեզոք գոտին՚:

Նոյեմբերի 28-ին զինադադարի պայմաններն իբր չկատարելու ևս մեկ նոտա Կարաբեքիրը հղել էր Հայաստանի կառավարությանը: Հաջորդ օրը Խատիսյանի հետ հեռախոսազրույցում Վրացյանն ասում է. ՙԹուրքերը չեզոք գոտում աշխատում են բոլշևիկյան իշխանություն հաստատել, պետք է բողոքել դրա դեմ: Կարաբեքիրից ստացվեց նոր` լրացուցիչ պահանջ իբր թե պակաս տրված զենքերի, ռազմամթերքի, ձիերի և այլ իրերի, որ պետք է հանձնվի մինչև դեկտեմբերի 1-ը: Եթե կամենանք էլ, այդ պահանջները չենք կարող կատարել: Թուրքերի ձգձգումը և նոր պահանջները կռիվը վերսկսելու առիթ է: Անհրաժեշտ ենք համարում հենց հիմա բանակցել Լեգրանի հետ՚:

Նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը տեղի է ունենում խորհրդակցություն ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի ԿԿ-ի, խորհրդարանում ՀՅԴ խմբակցության, կառավարության անդամների և մի քանի ճանաչված գործիչների մասնակցությամբ: Խորհրդակցությունում պետք է պատասխան տրվեր Լեգրանի վերջնագրին: Դրոն ասում է, որ ինքը բոլշևիկների դեմ կռվելու զորք չունի, հայ զինվորը չի կրակի ռուսների վրա:

Դեկտեմբերի 1-ին Վրացյանը Խատիսյանին տեղեկացնում է, որ քեմալականների ներկայացրած ծանր պայմանները ուժեղացրել են բոլշևիկների դիրքերը, որոնք արդեն գրավել են Դիլիջանը և դեպի Երևան են շարժվում Հայաստանը  թուրքերից փրկելու նշանաբանով: Հայկական զորքերը Դիլիջանում բոլշևիկներին ընդունել են ողջույններով: Նման  պայմաններում, հայտնում է Հայաստանի վարչապետը, կառավարությունը համաձայնվում է հանրապետության խորհրդայնացվելուն` պայմանով, որ անկախությանը պահպանվի:

Նոյեմբերի 22-ին Բաքվում Սարգիս Կասյանի նախագահությամբ ձևավորվել էր Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն` Հայհեղկոմը: Մեկ շաբաթ անց կոմիտեն Ադրբեջանից անցնել էր Քարվանսարա (Իջևան) և Հայաստանում հռչակել խորհրդային կարգեր:

1920թ. դեկտեմբերի 2-ին, մի կողմից Դրոյի ու Տերտերյանի, մյուս կողմից` Լեգրանի միջև, կնքվում է Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիր: Հայաստանը հայտարարվում է անկախ սոցիալիստական խորհրդային հանրապետություն, որի կազմ էին մտնում Երևանի նահանգը իր բոլոր գավառներով, Կարսի նահանգի մի մասը, Գանձակի  նահանգի Զանգեզուրի գավառը և Ղազախի գավառի մի մասը, Թիֆլիս նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին մինչև 1920թ. սեպտեմբերի 28-ը:

Հայաստանի խորհրդայնացման օրերին Ալեքսանդրապոլում շարունակվում էին հայ-թուրքական բանակցությունները: Կասյանը Դիլիջանից Կարաբեքիրին հեռագրով հաղորդում է Հայաստանի խորհրդայնացման լուրը: Վրացյանն իր հերթին հեռագրով հայկական պատվիրակությանը տեղեկացնում է կառավարության հրաժարականի մասին` հասկացնել տալիս, որ պետք է ընդունել թուրքերի պայմանները և ստորագրել Ալեքսանդրապոլի դաշնագիրը:

Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, երբ արդեն Հայաստանը խորհրդայնացվել էր, ստորագրվում է հայ-թուրքական դաշնագիրը: Թուրքերը Ալեքսանդրապոլում մնացին մինչեւ 1921թ. ապրիլի 21-ը` այդ ընթացքում ասպատակելով երկիրն ու կոտորելով նրա սովահար ժողովրդին: Հեռանալուց առաջ թուրքերը Ալեքսանդրապոլի գավառի գյուղերից հազարավոր  հայերի քշում են Ջաջուռի հարևան Հերհերի ձոր (Ջարդի ձոր) և անխնա կոտորում:

Դեկտեմբերի 2-ին Հայաստանում հաստատվում է նոր վարչակարգ: Խատիսյանը սպասում էր հրահանգների` ստորագրե՞լ Ալեքսանդրապոլի դաշնագիրը, թե՞ ոչ: Երեկոյան ժամը 6-ին Խատիսյանին հեռագրաթելի մոտ է հրավիրում Դրոն. ՙՀեղափոխական կառավարության անունից հայտնում եմ ձեզ, որ դուք ազատ եք ստորագրել դաշնագիրը կամ ոչ՚: Խատիսյանը հարցնում է. ՙԱրդյոք կառավարությունը ստորագրելո՞ւ կողմն է, թե՞ մերժելու: Մենք որոշակի և պարզ հրահանգներ ենք սպասում ՚: Դրոն պատասխանում է. ՙԳործե՛ք համաձայն ձեր հասկացողության: Ես խոսում եմ ընկեր Սիլինի և իմ անունից՚:

Երեկոյան ժամը 8-ին կայանում է Ալեքսանդրապոլի բանակցությունների չորրորդ և վերջին նիստը: Հայկական պատվիրակությունը հայտարարում է, որ ընդունում է դաշնագիրը, որից հետո սկսվում է դրա ընթերցումը հոդված առ հոդված: ՙՔննության ընթացքում հաջողվեց մասնակի մանր փոփոխություններ մտցնել հօգուտ մեզ, ինչպես օրինակ Աղբաբայի մի մասը (Կարսի նահանգ) Հայաստանի սահմանների մեջ մտցնելը, զորքերի քանակը 1200-ից մինչև 1500 բարձրացնելը: Երկար վիճաբանություններ եղան Անիի, Նախիջևանի, Սուրմալուի մասին, բայց թուրքերը ոչ մի զիջում չարեցին: Գիշերվա ժամը 2-ին (դեկտեմբերի 2-ի լույս 3-ի) երկու պատվիրակությունները ստորագրեցին դաշնագիրը՚,- գրում է Խատիսյանը:

1920թ. դեկտեմբերի 2-ին համաձայնագիր էր կնքվել ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչության (Լեգրան) և Հայաստանի (Դրո, Համբարձում Տերտերյան) միջև, որի առաջին կետով Հայաստանը հայտարարվում էր անկախ սոցիալիստական խորհրդային հանրապետություն: Կազմվում է ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտե: Իշխանությունը ժամանակավոր կերպով, մինչև հեղափոխական կոմիտեի գալը, անցնում է զորահրամանատարությանը, որի գլուխ է կանգնում Դրոն, իսկ ՌԽՖՍՀ-ից Հայաստանի զորահրամանատարության կից կոմիսար է նշանակվում Սիլինը:

Հայկական բանակի հրամանատարական կազմը, ըստ համաձայնագրի, չպիտի ենթարկվեր պատասխանատվության: Ռազմահեղափոխական կոմիտեի յոթ անդամներից հինգը նշանակվում են կոմունիստական կուսակցությունից` Կասյան, Մռավյան, Տեր-Գաբրիելյան, Բեկզադյան և Նուրիջանյան, երկուսը` ձախ դաշնակցականներից` Դրո և Տերտերյան: Նոր իշխանությունը Հայաստանում ընդունվում է գրեթե առանց դիմադրության, բացառությամբ Զանգեզուրի, որտեղ զինված ուժերի հրամանատար Նժդեհը մի քանի ամիս պայքարում և պահպանում էր անկախությունը:

Վրացյանի խոսքերով` դեկտեմբերի 2-ը հասարակության վրա առանձնապես ազդեցություն չէր թողել. ՙՇատ հուզված էին միայն թուրքահայերը, որոնք դառն կերպով սգում էին անկախության խորտակումը: Գավառները, հաղորդակցության միջոցների դժվարության պատճառով, մեծ մասամբ հանկարծակիի էին եկել, բայց այնտեղ էլ առանձնապես ափսոսանք չէր նկատվում: Ոմանք նույնիսկ ուրախ էին. վերջապես ռուսը կգա ու կփրկի մեզ, թուրքերից էլ կապահովվենք, հաց էլ կունենանք, նավթ էլ կգա, կյանքը կդառնա ավելի դյուրին: Այս էր ընդհանուր մտայնությունը՚:

Դաշնակցական նախկին նախարարների և խորհրդարանի անդամների մի մասը հանրապետությունից հեռացավ հենց դեկտեմբերի 2-ին և լեռներով ուղևորվեց Վրաստան, բայց ճանապարհին ձերբակալվեց և բերվեց Երևան և բանտարկվեց: Մյուս մասն ուղևորվեց դեպի Զանգեզուր: Նախկին նախարարներից բաց էին ապրում միայն Վրացյանը, Քաջազնունին, Խատիսյանը, Տիգրանյանը, Գյուլխանդանյանը: Խորհրդարանի դաշնակցական անդամների մի մասն իրեն հայտարարեց ձախ դաշնակցական և փորձեց խումբ կազմել, սակայն հաջողություն չունեցավ: Մի մասը մտավ կոմունիստական կուսակցության մեջ, մյուս մասը երկու-երեք ամիս հետո, հեռացավ Հայաստանից:

Դեկտեմբերի 4-ին Երևան է գալիս նոր կառավարությունը` Կասյանի նախագահությամբ: Նույն օրը Ստալինը ՙԿեցցե՛ Խորհրդային Հայաստանը՚ հոդվածում գրում է. ՙԽորհրդային Ադրբեջանը դեկտեմբերի 1-ին կամավոր կերպով հրաժարվեց վիճելի նահանգներից և հայտարարեց ՙԶանգեզուրի, Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի փոխանցումը Խորհրդային Հայաստանին՚:

Հ. Գ. Հայհեղկոմն ունեցել է հետևյալ կազմը.

Սարգիս Կասյանը (Տեր-Կասպարյան)`Հայհեղկոմի նախագահ, ծնվել է 1876թ., Շուշիում, ավարտել է Լայպցիգի առևտրական ինստիտուտը և Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը: Հարել է Հնչակյան կուսակցության ձախ թևին: 1905-1906 թթ. մասնակցել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմունայի հայկական ենթաբաժնի ստեղծմանը: Գերմաներենից հայերենի է թարգմանել Մարքսի ու Էնգելսի ՙԿոմունիստական կուսակցության մանիֆեստը՚ և Էնգելսի ՙԿոմունիզմի սկզբունքները՚ գրությունները: Սպանվել է 1937-ին (Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 5, Երևան 1979, էջ 275-276):

Ասքանազ Մռավյանը ծնվել է 1885թ. Ելիզավետպոլում, 1905-ից կոմկուսի անդամ: Ավարտել է Երևանի թեմական դպրոցը, Պետերբուրգի հոգենեվրոլոգիական ինստիտուտը: 1921-1923 թթ.` Խորհրդային Հայաստանի արտգործժողկոմ: Մահացել է 1929թ. Երևանում (Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8, Երևան, 1982, էջ 59-60):

Ալեքսանդր Բեկզադյանը ծնվել է 1879թ., Շուշիում, ուսանել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում, ավարտել է Ցյուրիխի համալսարանի հասարակական-քաղաքական ֆակուլտետը: 1930-1934 թթ.` ԽՍՀՄ դեսպանը Նորվեգիայում, 1934-1937 թթ.` Հունգարիայում: Մահացել է 1939թ. (Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 2, Երևան 1976, էջ 379):

Իսահակ Դովլաթյանը (Դովլաթով) ծնվել է 1887թ. Շուշիում, Կոմկուսի անդամ 1906-ից, 1920-1923 թթ.` Խորհրդային Հայաստանի ներքգործժողկոմ: Եղել է Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ անդամ: Սպանվել է 1938-ին (Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3, Երևան, 1977, էջ 440):

Սահակ Տեր-Գաբրիելյանը ծնվել է 1886թ. Շուշիում, ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, 1920-ից` Խորհրդային Հայաստանի լիազոր ներկայացուցիչը Մոսկվայում, 1928-1935թթ.` Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորհի նախագահը (վարչապետ), սպանվել է 1937-ին:

Ավիս (Ավետիս) Նուրիջանյանը ծնվել է 1896թ. Կապանին կից Վաչագան գյուղում, ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը, ուսանել Կիևի առևտրական ինստիտուտում: 1917-ին հարել է ձախ դաշնակցականներին, 1918-ին մտել բոլշևիկյան կուսակցության շարքերը: Սպանվել է 1937-ին (Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8, Երևան, 1982, էջ 407):

  -