2019թ. հոկտեմբերի 8-ին մահացել է անվանի գիտնական Արմեն Սաղաթելյանը

  • -- ::   | Armenia  |  


2019թ. հոկտեմբերի 8-ին 66 տարեկանում կյանքից վաղաժամ հեռացավ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն, անվանի գիտնական և Մեծ Մարդ, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Կառլենի Սաղաթելյանը: 
Հոգեհանգիստը կկայանա հոկտեմբերի 10-ին, ժամը 18:00-20:00, «ԼյուԱր» սգո սրահում, (Երևան, Գ. Հասրաթյան 29/6), հուղարկավորությունը` հոկտեմբերի 11-ին, 14:00-ին նույն վայրից:
 
Արմեն Կառլենի Սաղաթելյանը ծնվել է 1953թ. օգոստոսի 2-ին Երևանում:
 
1975թ.-ին ավարտելով Երևանի պետական համալսարանի Երկրաբանության ֆակույտետը՝ շուրջ 15 տարի աշխատել է երկրաբանահետախուզական ոլորտի տարբեր կազմակերպություններում՝ անցնելով երկար ուղի՝ ինժեներից մինչև երկրաբանական ջոկատի ղեկավար: 
1987թ.-ին, արտադրությունից չկտրվելով, պաշտպանել է թեկնածուական, իսկ 2000թ.-ին՝ դոկտորական ատենախոսությունը ՌԴ հազվագյուտ տարրերի հանքաբանության, երկրաքիմիայի և բյուրեղաքիմիայի ինստիտուտում (Մոսկվա): 2015թ.-ին շնորհվել է պրոֆեսորի կոչում: 
1989թ.ին ընդունվել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ՝ որպես առաջատար գիտաշխատող, այնուհետև՝ տեխնոերկրաքիմիայի լաբորատորիայի ղեկավար: 
1993թ.-ից հիմնադրել և ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, որն իր գործունեության տարիների ընթացքում դարձել
է ազգային և միջազգային նշանակության գիտական օջախ, որտեղ Պրոֆեսորի անմիջական ղեկավարությամբ ստեղծել է ազգային գիտական դպրոց՝ շրջակա միջավայրի հետազոտությունների բնագավառում:
Ա. Կ. Սաղաթելյանը ղեկավարել է ազգային և միջազգային բազմաթիվ գիտական թեմաներ, ծրագրեր և նախագծեր (UNESCO, OSCE, NATO, USAID, և այլն): 
Զուգահեռ հիմնական աշխատանքին Ա.Սաղաթելյանը հանդիսացել է ՀՀ Գերագույն Խորհրդի «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության հիմնահարցերով» մշտական հանձնաժողովի փորձագետ (1991-1994թթ.), ՄԱԿ-ի ազգային փորձագետ (1996թ.), ՀՀ ԿԳՆ «Երկրի մասին գիտություններ» փորձագիտական հանձնաժողովի գիտական քարտուղար (1997-2008թթ.), Եվրամիության INTAS, ապա FP-7 ծրագրերի «Երկրի մասին գիտություններ» միջազգային նախագծերի գնահատման փորձագետ (1998-2010թթ.), Կովկասի տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնի (ք. Թբիլիսի) տնօրենների խորհրդի անդամ (2001-2002թթ., 2005-2006թթ): Ներկայումս Գիտության կոմիտեի փորձագիտական հանձնաժողովի «Երկրի մասին գիտություններ» սեկցիայի նախագահ և ՀՀ Վարչապետին առընթեր «Կայուն զարգացման խորհրդի» անդամ էր: 2000թ.-ից Ա.Սաղաթելյանը UNESCO-ի Հայաստանյան հանձնաժողովի «Մարդ և կենսոլորտ (MAB) » Ազգային կոմիտեի նախագահն էր:
Ա.Սաղաթելյանը դասավանդել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար համալսարանի Երևանյան մասնաճյուղում, Երևանի պետական համալսարանում, 2011 թ.-ից ԳԱԱ Միջազգային գիտական կենտրոնի «Շրջակա միջավայրի պահպանություն և բնօգտագործում» ամբիոնի վարիչն էր:
Նա Էկոլոգիայի ու Կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի և ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է, անդամակցում
է Գիտությունների ակադեմիայի «Աշխարհագրության հիմնարար խնդիրներ» միացյալ գիտական խորհրդին, «Երկրի մասին գիտությունների» Եվրոպական միությանը, Միջազգային Երկրաբանական միության «Բժշկական երկրաբանություն» ասոցիացիային, Ամերիկյան քիմիական ընկերությանը և մի շարք այլ մասնագիտական կազմակերպություններին:
Ա.Սաղաթելյանը ելույթներով մասնակցել է 60-ից ավելի միջազգային գիտաժողովներին, ավելի քան 180 գիտական հրատարակումների հեղինակ և համահեղինակ է, այդ թվում՝ 4 մենագրության, 6 ուսումնական ձեռնարկների, Գլխավոր խմբագիրն է գիտական աշխատությունների և ժողովների նյութերի 10 ժողովածուների, ինչպես նաև հայերեն լեզվով “Էկոլոգիական բացատրական բառարանի” երկու հրապարակումների: 
Ա.Սաղաթելյանը պարգևատրվել է Միջազգային Ակադեմիական Ռեյտինգի «Պատիվ, փառք, աշխատանք» IV աստիճանի Գեորգիևյան մեդալով (Ուկրաինա 2004թ.), Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) Միջազգային Կենսագրական կենտրոնի «Աշխարհի առաջատար գիտնական – 2009» նոմինացիայով, «Անանիա Շիրակացի» ՀՀ պետական մեդալով (2013թ.):
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ողջ անձնակազմը խորապես ցավում է Արմեն Կառլենի Սաղաթելյանի վաղաժամ մահվան կապակցությամբ և խորին ցավակցում է նրա ընտանիքին և հարազատներին: 
 
  -