1943 թվականի նոյեմբերի 29-ին հիմնադրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան


29-11-1943   |   |  

1943 թվականի նոյեմբերի 29-ին հիմնադրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆ) հիման վրա: Ակադեմիայի առաջին հիմնադիրներից մեկը եւ պրեզիդենտն էր ԽՍՀՄ ԳԱ եւ Հայաստանի ԳԱ իսկական անդամ Հովսեփ Օրբելին, իսկ 1947-1993 թթ.` ԽՍՀՄ ԳԱ եւ Հայաստանի ԳԱ իսկական անդամ Վիկտոր Համբարձումյանը: 1993-2006 թթ. ՀՀ ԳԱԱ-ն ղեկավարել է ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը: 2006թ. մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ է ընտրվել ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ բարձրագույն գիտական ինքնակառավարվող պետական հաստատություն է, որը միավորում է ԳԱԱ անդամներին եւ ԳԱԱ համակարգի գիտական հաստատությունների, հիմնարկների եւ ձեռնարկությունների աշխատողներին:

ԳԱԱ-ն կազմակերպում եւ իրականացնում է հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտություններ, համակարգում հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները: ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդականն է:

ԳԱԱ-ի ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է, լրացուցիչ աղբյուր են պետական եւ մասնավոր հիմնադրամներից հատկացվող միջոցները, ինչպես նաեւ հանրապետության եւ այլ պետությունների պատվիրատուների հետ կնքված պայմանագրերից ստացվող գումարները:

ՀՀ ԳԱԱ-ն, որպես պետական գիտական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտների, նրանց հավասարեցված հաստատությունների, օժանդակ ծառայությունների եւ կառավարման մարմնի` նախագահության միասնությունն է: ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ եւ այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի,
ըստ գիտության բնագավառների, գիտությունների հինգ բաժանմունք`

-մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունք,
- ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունք,
- բնական գիտությունների բաժանմունք,
- հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունք,
- քիմիական եւ երկրի մասին գիտությունների բաժանմունք:



News from Armenia and Diaspora - Noyan Tapan