1925թ. հոկտեմբերի 4 - Վախճանվել է նկարիչ Գեւորգ Բաշինջաղյանը


04-10-1925   | Armenia  |  

 

Գևորգ Բաշինջաղյանը ծնվել է 1857-ի սեպտեմբերի 16-ին, Սղնախում: Սովորել է Թիֆլիսի Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, 1879–83 թթ-ին' Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: «Կեչիների պուրակ» բնանկարի համար արժանացել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալի:Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Թիֆլիս, ապա շրջագայել է Հայաստանում, ստեղծել է Դիլիջանի, Սևանի, Արարատյան դաշտի բնապատկերներ, որոնք ցուցադրել է Թիֆլիսում: 1884 թ-ին Իտալիայում ծանոթացել է Վերածննդի և հետագա շրջանների եվրոպական արվեստին, ճամփորդել Շվեյցիարիայում: Բաշինջաղյանը հիմնականում ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, իսկ 1899–1901 թթ-ին՝ Փարիզում:Շուրջ 1000 նկարի հեղինակ է, որոնց մեծ մասը բնանկար է: Նրա ստեղծագործության մեջ բնանկարչությունն ինքնուրույն ժանրի նշանակություն է ստացել: Վաղ շրջանի գործերից են՝ «Արարատ», «Կեչիով բնանկար», «Ձնհալը Կովկասում» և այլն:Նկարչի արվեստը վերելք է ապրել 1890-ական թվականներին: Այդ շրջանի գործերը՝ «Կազբեկ», «Դիլիջանի ճանապարհը», «Սևան», «Անձրևային օրը Սևանում» և այլն, աչքի են ընկնում բնության հուզական ընկալումներով, լայն ընդհանրացումներով, լույսի և գույնի հիասքանչ դրսևորումներով:Բաշինջաղյանը խաղաղ բնության նկարիչ է: Նրա ստեղծագործություններում գերակշռում են Սևանն ու Արարատը պատկերող տեսարանները:Բաշինջաղյանը նաև գրել է պատմվածքներ, նովելներ, պիեսներ, հոդվածներ՝ արվեստի ու գրականության վերաբերյալ, եռանդուն գործունեություն ծավալել Սայաթ-Նովայի տաղերի հավաքման և հրատարակման, նրա մահարձանի կառուցման, հայ ճարտարապետական կոթողների նորոգման համար:Մահացել է 1925թ-ի հոկտեմբերի 4-ին, Թիֆլիսում:



News from Armenia and Diaspora - Noyan Tapan