In 1990, June 12 famous writer, playwright Mushegh Ishkhan was dead in Beirut


1990թ. հունիսի 12 - Բեյրութում վախճանվել է անվանի գրող եւ թատերագիր Մուշեղ Իշխանը

  • -- ::   |   |  


1990 թ հունիսի 12-ին Բեյրութում մահացել է հայ գրող, մշակութային, խմբագիր, կրթական գործիչ Մուշեղ Իշխանը (իսկական անունը` Ճենտերեճյան Մուշեղ Սրապիոնի):

Աշխարհի ցավով հիվանդ մեծանուն մտավորականի հոգին զուրկ չէր եւ անձնական ցավերից, բայց երեւի հենց նման մարդիկ են, որ միշտ անանձնական երջանկության են ուզում հասնել կյանքում...

Նա ծնվել է 1914թ. Սիվրիհիսարում (Անկարայի նահանգ): Եղեռնի օրերին ընտանիքի հետ աքսորվել է Դեյր Էզ Զոր, եւ բնականաբար 1-ամյա Մուշեղը տարագրության օրերը չէր հիշի, բայց «այդուհանդերձ, ադոնք ինձ քսուելով անցան, եւ ամբողջ մանկութիւնս այդ արհաւիրքների մղձաւանջով է լեցուած: Ընտանիքիս շատ անդամներ զոհուել են, իսկ փոքր քոյրս եւ եղբայրս հայրենիք ապաստանեցան»,- 1979թ. Արթուր Նավասարդյանին տված իր հարցազրույցում նշել է գրողը:

«Մանկությանս վերջին լավագույն տարիները անցած են Դամասկոս: Վկայական ստացած եմ Հայոց ազգային վարժարանեն 1928թ.: Իսկ գրականութեան սէրն իմ մեջ արթնցաւ այդ նոյն վարժարանի վերջին դասարանին, երբ մեր հայերէնի ուսուցիչը մեզի կը դասավանդէր Ռուբէն Զարդարեանի «Մեղրագէտ» դասագիրքէն: Այս դասագիրքէն վերջին հատորն իր մէջ կը պարունակէ նշանաւոր գրողներու փոքրիկ կենսագրութիւնները եւ ընտիր կտորներ անոնցմէ: Արհեստ սովորելու ձախորդ փորձերը ետք, հաջողեցա ինքզինքս նետել Կիպրոսի Մելքոնյան վարժարանը, ուր մնացի դպրոցական երկու տարեշրջան` աշակերտելով Հակոբ Օշականին: Ուսուցիչներս միայն

իր անունը կը հիշատակեմ, որովհետեւ իր անունին հմայքն էր զիս հոն քաշողը եւ իր գրական ըմբռնումներն ալ հետագային խոր ազդեցություն ունեցան իմ կազմավորմանս մէջ: Մելգոնեանն առանց աւարտելու, երբ Բէյրութ եկայ,
նոր բացուած էր «Հայ ճեմարանը» Լեւոն Շանթի եւ Նիկոլ Աղբալեանի կողմէ: Ես մտայ աս դպրոցը որպէս գիշերօթիկ եւ ավարտեցի 1935թ.-ին: Այնուհետեւ երկու տարի գրականութիւն ուսանեցի Բելգիայում, ուր յետոյ հետեւեցայ մանկավարժութեան-հհոգեբանութեան ճիւղին, սակայն Երկրորդ համաշխարհայինը պատճառ եղաւ, որ առանց վկայուելու վերադառնամ Բէյրութ եւ դառնամ ուսուցիչ նոյն ճեմարանին մէջ»:

Մեծանուն գրողը մինչեւ կյանքի վերջ անձնվիրաբար դասավանդում է այս ճեմարանում` իր կյանքը նվիրելով մատաղ սերնդի դաստիարակմանը: Լ. Շանթի եւ Ն. Աղբալյանի մահվանից հետո նրան մտատանջում էր այն հարցը, թե «պիտի գտնուէ՞ր մէկը, որ կարենար արժանաւորապէս գրաւել մեկնողներուն տեղը, նոյն ոգին, շունչը, մտաւորական պատրաստութիւնը եւ բարոյական արժէքները խտացնելով իր անձին մէջ»,- հետագայում գրում է նա: Նրա մտահոգությունները չքանում են միայն այն բանից հետո, երբ ճեմարանի նոր տնօրեն է դառնում Սիմոն Վրացյանը, եւ այնժամ դեռեւս երիտասարդ ուսուցիչ Մ. Իշխանի համար ակնառու է դառնում նրա` իր նախորդներին արժանի հետեւորդ լինելու փաստը: Երկար տարիներ Մ. Իշխանը նաեւ ճեմարանի տնօրենի տեղակալի պարտականություններն է կատարել:

Ճեմարանում դասավանդելու տարիներին` 1941-51թթ.. նաեւ եղել է Բեյրութում հրատարակվող «Ազդակ»-ի (օրաթերթ, շաբաթաթերթ) խմբագիրը` հանդես գալով կրթական եւ ազգային հարցեր արծարծող հոդվածներով: Նրա կարգախոսներից էր. «Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից»:

Այս տարիներին չի լռել նաեւ Մ. Իշխանի ստեղծագործական քնարը: Ուշադրության կենտրոնում միշտ ունենալով տարագիր հայի պայքարը ուծացման վտանգի դեմ` հանուն ազգային եւ համամարդկային արժեքների պահպանման ` մի քանի` նուրբ քնարականութամբ, խոհականությամբ լեցուն ժողովածուներ է հրատարակել` «Տուներու երգը», 1936թ., «Հայաստան», 1946թ., «Կյանք ու երազ», 1949թ., «Ոսկի աշուն», 1963թ., «Տառապանք», 1968թ. եւ այլն: Հայրենիքից ստիպողաբար հեռու ապրող մտավորականին միշտ էլ հազար թելերով ձգել է հայրենիք-երազանքը-սրբությունը, միշտ էլ ստեղծագործելու մեծ ներուժ եւ կամք է տվել.

Երկի հնամեայ, երկիր հայրենի,

Ոչ մի աստղ պայծառ եւ ոչ մի լուսին

Քո յաւերժական հմայքը չունի,

Լեռներից այն կողմ, ամպերից անդին:

Որքան էլ քեզնից ես սուրամ հեռու,

Որքան էլ օտար հողերում լինեմ,

Անհունութեան մեջ, միջոցին թափուր,

Ես քեզ կորոնեմ, հայրենի իմ տուն... («Երկիր հնամեայ»)

Գրել է նաեւ թատերախաղեր, որոնք մտածողության որակով արդիական են, արծարծում են ազգային, պատմական, հոգեբանական, սոցիալական եւ բարոյական հարցեր: Նրա գործերից Երեւանում բեմադրվել են «Կիլիկիո արքան» (1989թ.) եւ «Մեռնիլը որքան դժվար է» (1992թ.) պիեսները:

Գրել է նաեւ արձակ գործեր` վեպեր եւ վիպակ: 1973-1975թթ.. հրատարակվել է նրա «Արդի հայ գրականություն» եռահատորյակը:

Եթե բնութագրելու լինենք նրա ստեղծագործական գործունեությունը, կաող ենք դարձյալ մեջ բերել իր իսկ տողերը. «Ճշմարիտ գրականութիւնը պէտք է պատկերացնէ կեանքի իրականութիւնը եւ կամ սրտի ձայնը լսելի դարձնէ` առանց ճարտասանութեան, եւ ինչ որ կ՛ըսեք, կեանքի շունչը եւ ջերմութիւնը ունենայ»:

Նա միշտ հավատարիմ մնաց իր այս կարգախոսին եւ պարզ ու հասարակ բառերով ասաց այն, ինչ հարազատ է յուրաքանչյուր մարդու սրտին եւ մտքին.

Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ,

Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,

Հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,

Եւ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա...

Եւ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա...

Եւ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա... («Տապանագիր»)

Բեհեզներու, լոյսերու հեղեղին մէջ ժպտալիր`

Դարձէ՛ք բոցեղ երազներ, դարձէ՛ք զոյգեր մոլեգին,

Երիտասարդ, թէ տարեց` օր մը բոլորդ անխտիր

Պիտի պարէք դուք մահուան եղերական հանդէսին... («Պարահանդէս»)

Հ. Գ. Մուշեղ Իշխանի անունով դպրոց է կոչվել Երեւանում:

Նրա որոշ բանաստեղծություններ հոյակապ երգեր են դարձել Արթուր Մեսչյանի երժշտությամբ եւ կատարումով:

Անի Ռափյան
 

  -