1911թ. հունվարի 31-ին Կ. Պոլսում ծնվել է սփյուռքահայ անվանի աստղագետ Փարիս Փիշմիշը (Մարի Սուքիասյան)

  • -- ::   | Armenia  |  


Հունվարի 31-ին լրանում է

սփյուռքահայ անվանի գիտնական, Մեքսիկայի ազգային աստղադիտարանի պատվավոր աստղագետ, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փարիս Փիշմիշի (Մարի Սուքիասյանի) ծննդյան 100-ամյակը:

Նա առաջին կին աստղագետներից էր, ով ոչ միայն հասավ գիտական մեծ հաջողությունների, այլեւ խթանեց կին գիտնականների հետագա ակտիվությունը եւ մեծ դեր խաղաց ամբողջ մեքսիկական աստղագիտության զարգացման մեջ:

Ծնվել է 1911թ. հունվարի 31-ին Կ. Պոլսում (Ստամբուլ, Թուրքիա): Սովորել է տեղի Սեմերճյան ճեմարանում եւ ամերիկյան վարժարանում: 1933-ին ավարտել է Ստամբուլի համալսարանը, աշխատակցել այդ համալսարանի աստղադիտարանում: 1935-36-ին դասավանդել է Ստամբուլի Կեդրոնական Սանասարյան վարժարանում, ապա տեղափոխվել ԱՄՆ, որտեղ ավարտել է Հարվարդի համալսարանը եւ 1937թ.
ստացել մաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան: 1939-42-ին աշխատել է Հարվարդի քոլեջի աստղադիտարանում, այնուհետեւ 1942թ. ամուսնացել է մեքսիկացի աստղագետ Ֆելիքս Ռեսիլասի հետ, տեղափոխվել Մեքսիկա եւ աշխատանքի անցել Պուեբլայի Տոնանցինտլայի աստղադիտարանում, որտեղ աշխատել է մինչեւ 1946թ.: 1948-ից մինչեւ կյանքի վերջ (50 տարուց ավելի) աշխատել է Մեխիկոյի Տակուբայայի ազգային աստղադիտարանում, որը պատկանում է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանին:

Գիտական աշխատությունները վերաբերում են Գալակտիկայի կինեմատիկային, միգամածությունների լուսաչափությանը եւ տեսագծային արագությունների որոշմանը: Կատարել է երիտասարդ աստղակույտերի լուսաչափական առաջին ուսումնասիրությունները եւ հայտնաբերել 3 գնդաձեւ եւ 20 բաց աստղակույտ: Ուսումնասիրել է միջաստղային կլանման ազդեցությունը աստղասփյուռներում դիտվող աստղերի բաշխման վրա: Հրապարակել է ավելի քան 135 գիտական աշխատանք: Մեծ դեր է խաղացել աստղագիտական սարքերի ներմուծման եւ կիրառման գործում. առաքման միգամածությունների արագությունների դաշտի ուսումնասիրության նպատակով 1972թ. Մեքսիկայում առաջին անգամ ներմուծել է Ֆաբրի-Պերո ինտերֆերոմետրիան: Նրա ամենակարեւոր ներդրումներից էր մեքսիկական աստղագիտական ամսագրերի հրատարակության խթանումը (Տոնանցինտլայի եւ Տակուբայայի աստղադիտարանների տեղեկագիր, Աստղագիտության եւ աստղաֆիզիկայի մեքսիկական հանդես եւ այլն):

Մեծ էր Փիշմիշի մանկավարժական գործունեությունը եւ նրա դերը մեքսիկական աստղագիտության զարգացման մեջ: Ղեկավարել է մի շարք ուսանողների, ովքեր հետագայում դարձել են ճանաչված աստղագետներ (ըստ էության մեքսիկացի աստղագետների զգալի մասը): Փիշմիշը Միջազգային աստղագիտական միության, Ամերիկյան աստղագիտական ընկերության, Մեծ Բրիտանիայի Թագավորական աստղագիտական ընկերության, Մեքսիկայի գիտությունների ակադեմիայի եւ Մեքսիկական ֆիզիկական ընկերության անդամ էր: Վախճանվել է 1999թ. օգոստոսի 1-ին:

Ներկայումս Մեքսիկայում աշխատում է Փարիս Փիշմիշի դուստրը` նույնպես աստղագետ Էլզա Ռեսիլաս-Փիշմիշը:
 

  -