“Libenský Brychtová: Silhouettes of the town” exhibition opens at the Cafesjian Center for the Arts in Yerevan


«Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսը կբացվի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում

  • 11-09-2010 12:00:00   |   |  
«Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսը կբացվի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում 2010 թ. սեպտեմբերի 11-ին արվեստագետ Յարոսլավա Բրիխտովայի ներկայությամբ :

«Այս ցուցահանդեսը եւս մեկ անգամ վկայում է է հանրաճանաչ չեխ արվեստագետներ Ստանիսլավ Լիբենսկու եւ Յարոսլավա Բրիխտովայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող հոգեւոր կապի մասին, եւ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոը հպարտ է, որ հնարավորություն ունի ներկայացնել այդ զույգի զարմանալի ստեղծագործությունները հայ հանդիսատեսին», - ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

1988 թվականին բնության ավերիչ ուժը ցնցեց Հայաստանի հյուսիսային շրջանները` փլատակ դարձնելով քաղաքներ եւ գյուղեր: Լիբենսկի Բրիխտովա զույգի «Քաղաքի ուրվագծերը» քանդակները արվեստագետների արձագանքն են այդ արհավիրքին, որը հազարավոր կյանքեր խլեց: Քանդակները պատկերում են մարդկային տառապանքի ողբերգությունը:

«Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսով ակնառու երեւում է չեխ արվեստագետ զույգի ստեղծագործական մտքի անսահմանությունը եւ նրանց կողմից ապակու կերպափոխումը իրականության ներդաշնակ տարածությունների: Ստանիսլավ Լիբենսկին (1921-2002) եւ Յարոսլավա Բրիխտովան (ծնվ. 1924) վերաիմաստավորեցին ապակու կիրառումը` ստեղծագործական նոր հորիզոններ բացահայտելով վերջինիս` որպես գեղարվեստական արտահայտչամիջոցի համար:

«Ստանիսլավ Լիբենսկու եւ Յարոսլավա Բրիխտովայի այս յուրահատուկ գործերը ոչ միայն կազմում են Գաֆէսճեան հավաքածուի հիմքը, այլեւ հանդիսանում են «Գաֆէսճեան» ժառանգության կողմից Հայաստանի համար նախատեսված կարեւորագույն արժեքներ», - ասաց «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հոգաբարձու Օթո Թոյերը: «Այս գործերն առաջին հերթին յուրահատուկ են իբրեւ էսթետիկական եւ տեխնիկական նվաճում` ոչ միայն իրական կիրառում տալով ապակուն իբրեւ գեղարվեստական արտահայտչամիջոցի այլեւ պարունակելով անսահման ներուժ մարդկային ինքնարտահայտման համար»:

«Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» զույգի երկրոդ ցուցադրությունն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Առաջին ցուցահանդեսը, «Լիբենսկի Բրիխտովա Հայաստանի համար» բացվեց 2009թ. նոյեմբերին: «Հայաստանի համար» ցուցադրությունը Լիբենսկի Բրիխտովայի աշխատանքների քանդակագործական ուժի եւ վերացական հզորության վառ օրինակն է:

Երկու ցուցադրություններն էլ ընդամենը մի քանի դրվագ են ներկայացնում ամբողջ «Գաֆէսճեան» հավաքածուից, որում տեղ են գտել հանրահայտ զույգի հարյուրից ավելի գործեր:

«Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսը կգործի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում : Բացման օրը սրահի մուտքը կլինի անվճար : Քանդակագործ Բրիխտովան անձամբ ներկա կգտնվի սրահում 12:00 - 13 :00 ժամանակահատվածում :

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները բերել Հայաստան եւ աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: Ոգեշնչվելով իր հիմնադրի` Ջերարդ Գաֆէսճեանի տեսլականով, Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդեսներ, որոնք պատկանում են Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի լայնածավալ հավաքածուին: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր եւ կրթական ծրագրեր:

  -