Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունը երկար դադարից հետո կհնչի Հայաստանում

21-02-2020 19:00:00   | Armenia  |  
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կներկայացնի բացառիկ համերգ, որի ընթացքում կհնչի Յոհան Սեբաստիան Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» BWV 245 ստեղծագործությունը, որը տևական ժամանակ Հայաստանում չի կատարվել: Փետրվարի 21-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին այն կներակայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Գերմանիայից մեր երկիր ժամանած Theodor Schütz Ensemble-ն ու իր երաժիշտները՝ հրավիրյալ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի (Գերմանիա) ղեկավարությամբ: Մինչ ճանաչված դիրիժորը կժամանի Հայաստան՝ երաժշտախմբերի փորձերն ընթանում են դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:
 


Երկու ժամ տևողությամբ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» գործը արևմտաեվրոպական երաժշտության գագաթներից է: Գործն առաջին անգամ
հնչել է 1724 թվականին: Բախն այն մի քանի անգամ վերախմբագրել է:
 
Հայաստանում այն վերջին անգամ հնչել է 1999 թվականին, և երկար տարիներ չի կատարվել: Այս անգամ այն կներկայացվի այնպիսի երաժշտական գործիքների ներգրավվմամբ, որոնք հազվադեպ են պատահում և որոնց կատարողներին բավականին դժվար է եղել գտնել: Հատկանշական է, սակայն, որ գործը Հայաստանում կհնչի գերմանական կողմի նախաձեռնությամբ և սա բացառիկ դեպք է: Theodor Schütz Ensemble-ը, ուսումնասիրելով Կամերային նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունները, իր ցանկությունն է հայտնել համագործակցել նրանց հետ հենց
մեր երկրում: Համույթն առաջին անգամ է ժամանելու մեր երկիր հենց այս համերգի համար:
 
Տեղեկացնենք, որ փետրվարի 22-ին էլ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը, որին ևս միանալու ցանկություն են հայտնել գերմանական կողմի արտիստները: 
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 936
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին