Բացառիկ համերգ՝ Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի դիրիժողորությամբ
23-12-2025 19:00:00 | Arménie |
Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա բացառիկ համերգ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախմբի մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։
Կհնչի համաշխարհային երաժշտության ամենահզոր ու հուզիչ ստեղծագործություններից մեկը՝ Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ը (Grande Messe des Morts)։
Վերջին անգամ այս մոնումենտալ ստեղծագործությունը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել է 1980 թվականին Կաունասում (Լիտվա)։ Այժմ՝ տասնամյակներ անց, հայ հանդիսատեսը կրկին հնարավորություն կունենա լսելու այս անմահ գլուխգործոցը կենդանի կատարումով։
Ստեղծագործության պատմությունը սկսվում է 1837 թվականին, երբ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ադրիեն դը Գասպարենը հանձնարարում է երիտասարդ կոմպոզիտոր Բեռլիոզին գրել հոգևոր ստեղծագործություն՝ նվիրված Հուլիսյան հեղափոխության զոհերի հիշատակին։ Բեռլիոզը ոգևորվում է՝ իր մտքում վաղուց կրելով հսկայական պատարագի գաղափարը, որը նախատեսված էր ավելի քան չորս հարյուր կատարողի համար։
Չնայած պաշտոնական խոչընդոտներին ու միջոցառման չեղարկմանը՝ ստեղծագործությունը առաջին անգամ հնչում է 1837 թվականի դեկտեմբերի 5-ին Փարիզի Les Invalides դահլիճում նահատակված զինվորների հուղարկավորման արարողության ընթացքում։ Ռեքվիեմի պրեմիերան մեծ հաջողություն ունեցավ՝ արժանանալով փառաբանության թե՛ հանրության, թե՛ քննադատների կողմից։ Հետագայում Բեռլիոզը այս գործը կոչեց իր կյանքի ամենակարևոր ստեղծագործությունը՝ ասելով.
«Եթե ստիպված լինեի տեսնել իմ բոլոր ստեղծագործությունների վախճանը, միայն մեկի համար փրկություն կխնդրեի՝ Grande Messe des Morts-ի համար»։
Մասնակցե՛ք այս պատմական համերգին, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունը։
Վայր՝ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն