Վախճանվել է ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը

  • -- ::   | Армения  |  


1994 թ. օգոստոսի 18 ին Երևանում վախճանվել է ամենայն հայոց կաթողիկոս, ՀՀ Ազգային հերոս Վազգեն Առաջինը: (Ծնվ. 1908 թ.):

Վազգեն Ա-ն Լևոն Կարապետ Պալճյան անունով ծնվել է Ռումինիայի Բուխարեստ քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ 1937 թվականին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանը։ Մասնագիտացել է մանկավարժության և փիլիսոփայության մեջ։ 1943 թվականին ստացել է վարդապետի կոչում, իսկ 1951-ին՝ եպիսկոպոսի։

 

1929-43 թվականներին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում։
1955-ին Էջմիածնում գումարված ազգային-եկեղեցական ժողովին ընտրվում է Ամենայն հայոց կաթողիկոս։
Վազգեն Ա-ն ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ է, իսկ 1989-ից սկսած՝ ՌԴ ստեղծագործության միջազգային ակադեմիայի հիմնադիր անդամ։ Կատարել է ուսումնասիրություններ հայագիտության և աստվածաբանութան բնագավառներում։
Պարգևատրվել է ՀՀ Հայրենիքի շքանշանով, ԽՍՀՄ
Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան, Ռումինիայի «Հանրապետության աստղ» շքանշաններով, Խաղաղության
համաշխարհային խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվ. և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով։
Վազգեն Ա-ի անունով են կոչվում Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը և Սևանի հոգևոր դպրանոցը։
 
Սովետական Միության փլուզումից հետո նա լայն գործունեություն ծավալեց Հայ Առաքելական Եկեղեցու Էջմիածնի և Կլիկիկիո ճյուղերի միավորման համար։
 
Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում: 1962-ին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, այնուհետև՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ:
 
Ամենայն հայոց կաթողիկոս ընտըրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին:
 
Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր:
 
Դեռևս 1988-ի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը: Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը:
 
Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանքներ: Վերանորոգվել են Մայր տաճարը, Էջմիածնի Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե, Ս. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր վիրապի վանքը, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Ս. Սարգիս, Ս. Զորավոր, Ս. Հովհաննես, Բաքվի, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և Արմավիրի եկեղեցիները: Մայրավանքի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը: Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ և սփյուռքահայերի նվիրատվությամբ ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը:
 
  -