1496 թ. դեկտեմբերի 8-ին մահացել է Ամիրդովլաթ Ամասիացին

  • -- ::   | Հայաստան  |  

1496 թ. դեկտեմբերի 8-ին մահացել է

հայ բնագետ–բժիշկ, մանետագիր Ամիրդովլաթ Ամասիացին: Նա ծնվել է Ամասիա քաղաքում, շրջել է Արեւելքի երկրներում, ծանոթացել ժամանակի առաջավոր գիտությանը: Բժշկությունը սովորել է, հավանաբար, Միջագետքում: Տիրապետել է հունարենին, լատիներենին, պարսկերենին, թուրքերենին, արաբերենին, ուսումնասիրել հին եւ միջնադարյան բժշկությունը: Երկար տարիներ ապրել է Կ.Պոլիսում:

Ամիրդովլաթ Ամասիացին հայկական բժշկական գրականությունը հարստացրել է արժեքավոր երկերով, որոնք ընդգրկում են միջնադարյան բժշկագիտության եւ դեղագիտության գրեթե բոլոր ճյուղերը: Առաջին աշխատությունը` «Ուսումն բժշկության», նվիրված
է մարդու անատոմիայի, հիգիենայի, ախտաբանության եւ դեղագիտության հարցերին: Գիրքը ունի երկու մաս. առաջինը` մարդակազմություն, երկրորդը` ախտաբանություն, ուր մանրամասը նկարագրված են հիվանդությունների պատճառագիտությունը, կլինիկական պատկերը բնորոշող ախտանիշները, հիվանդի բուժումը եւ խնամքը: Հոգեբուժության ասպարեզում արժեքավոր են մոլություն, ցնորամտություն, մելամաղձություն, ընկճվածություն, անքնություն ախտանիշների եւ հիվանդությունների մասին տեղեկությունները: Կանացի հիվանդություններից նկարագրվել է դաշտանային ցիկլի խանգարումները եւ սեռական օրգանների խոցերն ու ուռուցքները, չբերության պատճառները, մանկաբարձության ասպարեզում` արգանդի կառուցվածքը, դերն ու գործունեությունը հղիության եւ ծննդաբերության ընթացքում: Ամիրդովլաթ Ամասիացին աչքի հիվանդություններին նվիրել է 20 գլուխ, քիթ–կոկորդ–ականջաբանությանը` 15 գլուխ, նկարագրել է ականջաբորբերը, քթի պոլիպները եւ անգինաները:

«Ախտապատին» աշխատությունը բաղկացած է երկու մասից` դեղագործություն եւ դեղագիտություն: Առաջին մասում զետեղված են դեղատոմսեր, մանրամասն նկարագրված են դեղանյութերի քանակը, պահպանման միջոցները: Երկրորդում տրված են դեղերի անունները, նրանց ազդեցությունն օրգանիզմի վրա, ցուցումները դրանց օգտագործման մասին
Անատոմիային եւ ֆիզիոլոգիային վերաբերող տվյալները շարադրված են «Օգուտ բժշկության» աշխատության առաջին մասում: Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունների հիմքը օրգանիզմի ամբողջականության գաղափարն է, ըստ որի, բոլոր օրգաններն ու հյուսվածքները, նրանց ձեւը, կառուցվածքը եւ մյուս առանձնահատկությունները նպաստում են ամբողջ օրգանիզմի բնականոն գործունեությունը:
 

  -