1874թ. սեպտեմբերի 28 - Էջմիածնում բացվել է Գեւորգյան ճեմարանը

  • -- ::   | Հայաստան  |  


1874թ. սեպտեմբերի 28 - Էջմիածնում բացվել է Գեւորգյան ճեմարանը:

1866 թ. Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը, հանդիպելով Ռուսաստանի Ալեքսանդր II ցարին, արտոնություն է ստանում հիմնադրելու հոգևոր կրթական հաստատություն: Ճեմարանի շինարարությունն սկսվում է 1869-ի մայիսի 25-ին, բացումը կատարվում է 1874-ի սեպտեմբերի 28-ին: Նույն թվականին Ռուսաստանի լուսավորության նախարարության վավերացրած կանոնադրությամբ ճեմարանն ունենալու էր երկու բաժին՝ դասարանական՝ 6-ամյա և լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ և տալու էր հոգևոր բարձրագույն կրթություն:

 

1882-ին, երբ ճեմարանին է միացել Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, կոչվել է Ժառանգավորաց հոգևոր ճեմարան: Հետագայում հիմնադրի անունով վերանվանվել է Գևորգյան Ճեմարան:
Չնայած գործադրված ջանքերին՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու օրոք շրջանավարտներից որևէ մեկը կուսակրոն հոգևորական չի դարձել: Ճեմարանում ավելի շատ իշխել է աշխարհիկ ոգին: Ճեմարանն իր կոչմանը և խնդիրներին նպատակաուղղելու գործում կարևոր դեր է խաղացել Մակար Ա Թեղուտցին: Նա ուժեղացրել է ուսուցչական կազմը՝ հրավիրելով Ա. Նահապետյանին, Ա. Մանդինյանին, Փ. Վարդանյանին, Ս. Պալասանյանին, Մ. Պալյանին, Մ. Օրմանյանին: Վերջինս նշանակվել է աստվածաբանական առարկաների ուսուցիչ: Նրա ջանքերով 1888-ին շրջանավարտներից չորսն առաջին անգամ ձեռնադրվել են կուսակրոն հոգևորական:
 
Ճեմարանը տվել է բազմակողմանի ընդհանուր կրթություն: Դպրոցական բաժնում դասավանդվել են հայոց պատմություն և աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն, հայ մատենագրություն,
հայոց և օտար լեզուներ (ռուս., ֆրանս., գերմ.), բնագիտություն, տիեզերագիտություն, մաթեմատիկա, Ս. Գիրք, եկեղեցական երաժշտություն, տրամաբանություն և այլն:
Լսարանական բաժնում դասավանդվել են հայոց լեզու (աշխարհաբար և գրաբար՝ քննական), հայոց պատմություն, եկեղեցական մատենագրություն, հայ գրականություն, ընդհանուր եվրոպական գրականություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, մանկավարժություն, քաղաքատնտեսություն, Հայ եկեղեցու պատմություն, հայ եկեղեցական իրավունք, ծիսագիտություն, հին հունարեն և այլն:
Շրջանավարտները ներկայացրել են ավարտական շարադրանք, որը պաշտպանվել է քննական հանձնաժողովի առջև, այնուհետև նրանք ձեռնադրվել են կամ ուսումը շարունակել ռուսական և եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Տարբեր տարիներ Ճեմարանում դասախոսել են Մ. Աբեղյանը, Հ. Աճառյանը, Ե. Թադևոսյանը, Լեոն, Ս. Լիսիցյանը, Ք. Կարա-Մուրզան, Կոմիտասը, Կ. Կոստանյանցը, Ս. Հարությունյանը, Ա. Հովհաննիսյանը, Հ. Հովհաննիսյանը, Հ. Մանանդյանը, Մեսրոպ արք. Տեր-Մովսիսյանը (Մագիստրոս) և այլք: Դասախոսների մի մասը Ճեմարանի նախկին սաներն էին:
Այստեղ են մշակվել հայկական դպրոցների ուսծրագրերը, կազմվել դասագրքեր ու ձեռնարկներ, գրվել պատմագիտական, բանասիրական, մանկավարժական ու աստվածաբանական բնույթի բազում երկեր, որոնցից շատերը հայագիտության մնայուն արժեքներ են: Ավելի քան 50 տարի Անդրկովկասի հայկական դպրոցների ուսուցչական կազմը համալրվել է ճեմարանի շրջանավարտներով:
1917-ի վերջին քաղաքական ու ռազմական անբարենպաստ պայմանների հետևանքով, Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի որոշմամբ, ճեմարանը դեկտտեմբերի 21-ին առժամանակ դադարեցրել է պարապմունքները և շենքը տրամադրել զինվորական հրամանատարությանը:
1919–20-ին փորձեր են կատարվել Գևորգյան Ճեմարանը վերաբացելու ուղղությամբ, սակայն ապարդյուն:
Ճեմարանի դասախոսները որոշիչ դեր են խաղացել Հայաստանի համալսարանի ստեղծման գործում: Ճեմարանի գրադարանի եզակի և հարուստ հավաքածուն (45 հզ. գիրք) դարձել է Ազգային գրադարանի և Մատենադարանի հիմնարար ֆոնդերից:
XX դ. սկզբին Ճեմարանն ունեցել է 230 ձրիավարժ և 20 թոշակավոր սաներ: Ճեմարանը պահվել է Էջմիածնի վանքի եկամուտների,
ընդհանուր հանգանակությունների, նվիրատվությունների ու կտակների միջոցով: Վերատեսուչը կաթողիկոսն էր, որը գործերը վարել է ուս. խորհրդի և տեսչի միջոցով:
Ճեմարանի տեսուչներ են եղել Խորեն եպս. Գալֆայանը, Գաբրիել եպս. Այվազովսկին, Արշակ վրդ. Նահապետյանցը, Սարգիս եպս. Գասպարյանը, Կ. Կոստանյանցը, Կարապետ վրդ. ՏերՄկրտչյանը, Գարեգին վրդ. Հովսեփյանը, Մեսրոպ վրդ. Տեր-Մովսիսյանը, Մ. Բերբերյանը, Բագրատ եպս. Վարդազարյանը և այլք:
1945-ի նոյեմբերի 1-ին Գևորգ Զ Չորեքչյանի ջանքերով բացվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, որը, ավելի համեստ շրջանակներում, շարունակում է Ճեմարանի ավանդույթները:
1995-ին Ճեմարանի շենքը որպես սեփականություն վերադարձվել է Մայր աթոռին և 1996–97-ին հիմնովին վերանորոգվել:
1997–98 թթ. ուս. տարվա շեմին տեղի է ունեցել Ճեմարանի վերաբացման հանդիսությունը:
1999թ սկսյալ Գևորգյան Հոգևոր Ճեմարանում նոր ու հիմնարար կազմակերպչական աշխատանքներ կատարվեցին:
Ավելացվեց նոր ընդունվող սաների թիվը՝ միաժամանակ բարձրացնելով տեսչության և դասախոսական կազմի պատասխանատվությունը։
 
Գարեգին Բ Կաթողիկոսի հրամանով և անմիջական մասնակցությամբ հիմնարար փոփոխություններ մտցվեցին ուսումնական ծրագրերում։ Լավագույն և բարձր մակարդակով դասավանդումը ապահովելու համար ճեմարան հրավիրվեցին մի քանի մասնագետներ՝ դոկտոր-պրոֆեսորներ և գիտ. թեկնածուներ:
2001-2002թթ. ուսումնական տարում Գևորգյան Հոգևոր Ճեմարանը ստացավ բարձրագույն կրոնական հաստատության կարգավիճակ։
 
Հաշվի առնելով ուսումնական ծրագրերի թարմացումն ու հարստացումը՝ ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը Գևորգյան Հոգևոր Ճեմարանին շնորհեց Աստվածաբանական համալսարանի կարգավիճակ։
 
  -