1834 թ. սպանվել է հայ բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական եւ եկեղեցական գործիչ Հարություն (Գեւորգ) Ալամդարյանը

  • -- ::   | Ռուսաստան  |  

1834 թ.մայիսի 25 -ին  Նոր Նախիջեւանի Ս.Խաչ վանքում դավադրաբար սպանվել է հայ

բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական եւ եկեղեցական գործիչ Հարություն (Գեւորգ) Ալամդարյանը:

Ծնվել է Աստրախանում: 14 տարեկան հասակից սովորել է Աստրախանի Աղաբաբյան դպրոցում, աշակերտելով ժամանակի հայտնի դեմքերից Սերովբե Պատկանյանցին: 1813-ին հրավիրվել է Մոսկվա, եղել է Լազարյան ճեմարանի առաջին տեսուչը և ուսուցիչ: 1824-30-ին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչն էր: 1826-28-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ալամդարյանը օգնել է հայ կամավորական գնդի կազմավորումը: Ուներ ռուսական կողմնորոշում, պաշտպանում էր հայ եկեղեցական և ազգային-լուսավորական հաստատությունների ինքնուրույնությունը: Մեղադրվել է որպես Ներսես Ա Աշտարակեցու գաղափարակից, և գեներալ Պասկևիչի թելադրանքով Էջմիածնի սինոդը նրան աքսորել է Հաղպատ (1830): 1832-34-ին ապրել է Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքում, որտեղ և դավադրաբար սպանվել է:

Գրել է քնարական-սիրային բանաստեղծություններ, ձոներ, առակներ, պատմական ողբերգություն (« Հռադամիզդ և Զենոբիա», 1824-28, անավարտ): օգտագործել է «վարդի ու սոխակի» ավանդական մոտիվը, պատկերել թշվառ մարդու տառապանքը («Թշուառութիւն սոխակի», «Վարդակորոյս», «Սոխակ ի յոգևարս» և այլն): Գրել է նաև կրոնական տաղեր: Հ.

Ալամդարյանը թողել է բազմաթիվ նամակներ, ճառեր, հոդվածներ, զբաղվել բառարանագրությամբ, կարևորել ռուսերենի ուսուցումը («Համառօտ բառարան ի ռուսաց լեզուէ ի հայ», 1821): Մշակել է Ներսիսյան դպրոցի վարչական, ուսումնական, բարոյակրթական աշխատանքների կանոններ («Առաջարկութիւնք դպրոցական կարգադրութեանց ի պէտս հայկական ուսումնարանին Տփխիս քաղաքի», 1825): Ալամդարյանին աշակերտել են Խաչատուր Աբովյանը, Ս. Նազարյանցը, Ս. Ներսիսյանը և այլոք:

Հայկական համառոտ հանրագիտարան, Ե., Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 1990, էջ 73-74

  -