Վախճանվել է ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը

  • -- ::   | Հայաստան  |  


1953 թ. ապրիլի 16-ին վախճանվել է

ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը:

Ծնվել է Կ. Պոլսում, 1876 թ. մարտին, կոշկակարի ընտանիքում։ Սովորել է նախ իր ծննդավայրի Կենտրոնական վարժարանում, հետո մեկնել է Փարիզ՝ բարձրագույն կրթություն ստանալու Սորբոնի համալսարանում, որտեղ աշակարտել է Անտուան Մեյեին։ 1897 թ. Փարիզի լեզվաբանական ընկերությանը ներկայացրել է իր ուսումնասիությունը լազերինի մասին և ընտրվել է այդ ընկերության անդամ։ Նույն թվին

նա Փարիզում մասնակցել է արևելագետների 13-րդ կոնգրեսին և հայերենի մասին ներկայացրել է երկու զեկուցում։ 1898 թվականին մեկնելով Ստրասբուրգ՝ Աճառյանը մի սեմեստեր լսել է հայագետ Հյուբշմանի դասախոսությունները։ Ավարտելով մասնագիտական բարձրագույն կրթությունը՝ 1898 թ. Աճառյանը գալիս է Անդրկովկաս և նվիրվում է ուսուցչությանն ու գիտական աշխատանքներին։

 

Երկար տարիներ նա ուսուցչություն է արել Էջմիածնում, Շուշիում, Թավրիզում, Նոր–Նախիջևանում, Կարինում և այլուր։ Կարինում Աճառյանը կազմել է Սանասարյան վարժարանի ձեռագրերի ցուցակը՝ կորստից փրկելով հայ մշակույթի որոշ արժեքները։
Աճառյանը շրջել է պատմական Հայաստանի շատ վայրեր, ուսումնասիրել է մագաղաթներ, հուշարձաններ՝ հատկապես խորանալով մի շարք բարբառների հետազոտության մեջ և զանազան նյութեր է հավաքել հայագիտության տարբեր ճյուղերի համար։ Գավառական ուսուցչի թափառական դրությունը Աճառյանին թույլ չի տվել հրապարակելու իր կարևոր աշխատությունները։ Սովետական կարգերի հաստատումից հետո Աճառյանը նշանակվում է Պետական Համալսարանի դասախոս, և ամբողջապես նվիրվում է գիտական ու մանկավարժական աշխատանքների և իրար ետևից լույս է ընծայում բազմաթիվ գիտական աշխատություններ։
  -