Արթուր Աբրահամ. «Դիտարժան մրցելոյթ եմ խոստանում բռնցքամարտի սիրահարների համար»


Արթուր Աբրահամ. «Դիտարժան մրցելոյթ եմ խոստանում բռնցքամարտի սիրահարների համար»

  • 07-12-2011 10:27:17   |   |  Սպորտ

Գերմանիան ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա որակավորման մենամարտը նախանշված է 2012 թվականի հունվարի 14-ին, Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում, «Բադեն-Արենա» համալիրում: Նրա մրցակիցը արգենտինացի 23-ամյա Պաբլո Ֆարիասն է: Վերջինն ունեցել է 19 մենամարտ եւ ոչ մի պարտություն: «Լավ մարզավիճակում եմ, հաղթանակն անխուսափելի է: Մեծ աշխատանք եմ տարել նախորդ մենամարտերում սխալներս վերացնելու ուղղությամբ: 2012-ն ինձ համար նոր հաղթանակների սկիզբ է լինելու: Դիտարժան մրցելույթ եմ խոստանում բռնցքամարտի սիրահարների համար»,- նշում է Արթուր Աբրահամը: Ըստ Արթուր Աբրահամի մամլո խոսնակի, հայ անվանի բռնցքամարտիկը շարունակում է մարզչի` Ուլի Վեգների հետ նույն թիմում աշխատել: Նշենք, որ Ուլի Վեգները եւս մեծ սպասելիքներ ունի Արթուր Աբրահամից` կապված 2012-ին ռինգ վերադանալու հետ: Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 35 մենամարտ, որոնցից 32-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում նվաճելով առաջատար հորիզոնականներ: 4 տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): Այս տարի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):
  -   Սպորտ