Նախագահ Սերժ Սարգսեանը մասնակցել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի մեծարման երեկոյին


Նախագահ Սերժ Սարգսեանը մասնակցել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի մեծարման երեկոյին

  • 15-12-2011 22:12:08   | Հայաստան  |  Սպորտ

Նախագահ Սերժ Սարգսեանը դեկտեմբերի 15-ին մասնակցել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի մեծարման երեկոյին, որը կազմակերպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ըստ Հայաստանի նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Հանրապետութեան ղեկավարը հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի աւանդի, երկար տարիների նուիրումի եւ ձեռք բերած մարզական յաջողութիւնների համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի աւանդի, ֆուտբոլի ասպարէզում ունեցած մեծ յաջողութիւնների, ձեռք բերած մարզական փայլուն նուաճումների համար ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագ Սարգիս Յովսէփեանին` Մովսէս Խորենացու մեդալով: Հաւաքականի անդամներին Սերժ Սարգսեանը յանձնել է նուէրներ: Նախագահը վստահութիւն է յայտնել, որ Հայաստանի ֆուտբոլի հաւաքականի բոլոր անդամները ժամանակին պարգեւատրուելու էն Հայաստանի Հանրապետութեան ամենաբարձր պետական պարգեւներով: Սերժ Սարգսեանն անձամբ իր, Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովրդի անունից շնորհակալութիւն է յայտնել հաւաքականին` յատկապէս 2011թ. ցուցադրած բարձր մակարդակի խաղի համար, որը հասարակութեան մէջ միասնականութեան, ոգեւորութեան եւ լաւ տրամադրութեան առիթ դարձաւ: «Չենք կասկածում, որ ինքներդ էլ ոգեւորութեան կարիք ունէք, ձեր ոգեւորութեան աղբիւրը եւ՜ մեծ է, եւ՜ յաւէրժական` դա մեր ժողովուրդն է»,-ասել է Նախագահը` ընդգծելով, որ այսօր ցանկանում է իր յարգանքի տուրքը մատուցել բոլոր նրանց, ովքեր երբեւէ խաղացել էն Հայաստանի հաւաքականում, ովքեր լաւ հիմք էն ստեղծել, ովքեր վաղ տարիքից մարզել էն հաւաքականի անդամներին: «ՈՒզում եմ, որպէսզի ձեզնից իւրաքանչիւրը վստահ լինի, որ իր թիկունքում պետութիւն է կանգնած, պետութիւն, որ պատրաստ է այլեւս սատարելու, օժանդակելու իր մարզիկներին, պետութիւն, որ ամէն ինչ անելու է, որպէսզի սպորտը դառնա շատ-շատերի զբաղմունքի եւ ոգեւորութեան առարկան»,- ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսեանը: Հանրապետութեան ղեկավարը շնորհակալութիւն է յայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` միջոցառման կազմակերպման համար եւ հանդիպման մասնակիցներին ջերմօրէն շնորհաւորել Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ եւս, մաղթել, որպէսզի 2012թ. մեր երկրում յաջողութիւններն աւելի շատ լինէն, իսկ մեր հասարակութիւնը` աւելի ամրապնդուած ու միասնական:
  -   Սպորտ