Այդ անտանելի հայերը


Այդ անտանելի հայերը

  • 26-01-2011 16:00:28   |   |  Հարցազրոյցներ
Լինկոլն Սթեֆընսի հարցազրոյցը Լոուրենս Արաբիացու հետ Դա ի՜մ հարցազրոյցն էր: Թեւէ հիւրանոցի իր ապրած սենեակում էր, բայց ինքս էի խնդրել տեսակցութիւնը, եւ իմ նպատակն էր այդ կայսերական հետախոյզից մի բան իմանալ Փոքր Ասիային եւ Մերձաւոր արեւելքին վերաբերող գործնական քաղաքականութեան մասին: Սկզբում կարծում էի, թէ ինքս էի վարում խօսակցութեան ընթացքը: Յետոյ միայն, մի տեսակ ցնցուելով կռահեցի, որ նա էլ մի նպատակ էր ունեցել, եւ որ այդ նպատակն էր` իմ ուղեղը լցնել հայերի վրայ ամերիկեան մանդատ հաստատելու վերաբերեալ բրիտանական պրոպագանդով: Ահա այդ էր, որ կռահեցի: Ուրիշ բանէր էլ: Էս` սկզբունքներով անկախ անհատս, շշմել էի եւ բաւական նուաստացած էի զգում ինձ` ինչու՞ մենք` ամերիկացիներս, պէտք է աշխարհի միւս կէսը գնանք հայերին հոգալու եւ ոչ միայն նրանց փրկելու թուրքերից, յոյներից, ֆրանսիացիներից, իտալացիներից, բրիտանացիներից եւ հէնց իրենցից էլ, այլեւ, մի տեսակ, ինքներս էլ մեզնից եւ նրանցից փրկելու: Նա ասաց, օրինակ, որ հայերը «մարդկային անտանելիութեան վերջնական խօսքն էն»: Որպէս ցեղ` ակադեմիկ բանավէճում նրանք համանման էն «վերջին մարդուն»:1 Իսկ ինձ նման իր գործն իմացող, ձախողակ երազողի համար` ազգերի մէջ ամենանուաստացուածն անդիմադրելի հմայք ունէր եւ ունի. այդպէս էլ ասացի նրան: Անգլիական հումօրը մերինի նման չէ: Հակառակն է: Ամերիկեան հումօրը, գոնէ մասամբ, ասուածի մէջ է: Բրիտանական հումօրը բրիտանացու չասածի՜ մէջ է: Այս բրիտանացուն ակնյայտօրէն շատ դուր եկաւ իմ ասածը: Ինձ թուաց, որ նա ուրախութեամբ ծիծաղելու է կամ նման մի բան: Բայց նա փքուեց Բրիտանական կայսրութեան չափ, ասես պայթելու էր: Սակայն չպայթեց, չծիծաղեց, չասաց որեւէ բան, որ հումորի դոյզն-ինչ նշան ցոյց տար: Երկար դադարից յետոյ միակ խօսքը, որ ասաց, այս էր. - Լաւ: Եւ ապա, կրկին մի դադարից յետոյ, երբ վերագտել էր իր ինքնատիրապետումը, մեր ամերիկեան իդէալիզմի մասին խօսեց լրջօրէն, աւելի ճիշտ` բաւական տաղտկալիօրէն. թեւ ինքը համարում էր, որ դա սքանչելի է: Իսկ ըստ իս` մի քիչ չափից աւելի էր սքանչելի համարում: Կարծում էր, թէ մենք` ամերիկացիներս չափից աւելի իդէալիստ ենք: Եւ գտնում էր, որ հայերը չափից աւելի գործնական էն: Ուստի մէկս միւսին կարող ենք շտկել, մենք բուժիչ ենք նրանց համար, նրանք` մեզ համար: Երկուսս էլ յուսահատական պարագաներ ենք, մանաւանդ հայերը: Էս այնպէս եզրակացրի, որ նա մի անասելի համակրանք ունի հայերի հանդէպ, կամ էլ, աւելի ճիշտ այսպէս ասեմ` նրանց վերաբերեալ ունի մի այնպիսի իմացութիւն կամ փորձառութիւն, որ նրան թոյլ է տալիս մարդկայնօրէն հասկանալ թուրքերին եւ հայերի բոլոր մերձաւոր հարեւաններին, որոնք երբեւէ ջանացել էն ոչնչացնել այդ որբ ցեղը: Կարծես թէ նրա մտքինն այն էր, որ դա հայերի հանդէպ անելիք միակ բանն է: Ուղղակի այդպէս չասաց: Կարող էք նկատել, որ շատ էլ ազատօրէն չեմ մէջբերում այս հեղինակութեան խօսքերը: Պատճառն այն է, որ նրա մեթոդը, ինչպէս երեւում է, ոչ թէ իր կողմից որեւէ բան ասելն էր, այլ ստիպել ինձ, որ իր տպագրել ցանկացած բաները է՜ս ասեմ եւ` այնպիսի ձեւով, որ անհրաժեշտութեան դէպքում կարողանայ ժխտել դրանք: Ուստի նա չասաց, թէ հայերը պէտք է ամբողջութեամբ ոչնչացուէն: Պարզապէս իմ մէջ այնպիսի տպաւորութիւն ստեղծեց այն ժամանակ, թէ դա է հայկական հարցի միակ լուծումը, եւ թէ այդ պատճառով էր ցանկանում, որ ամերիկացիներս մեզ վրայ վերցնենք այդ գործը: Նա այնպէս էր համարում, կամ ինձ էր ստիպում համարել, թէ թուրքերը չպէտք է անէն այդ գործը. նրանք չափազանց պրիմիտիւ էն եւ` քրիստոնեայ չէն: Ոչ էլ յոյները. սրանք էլ շատ էն հաճոյք զգում դրանից եւ արդիւնաւէտ չէն. երբեք որեւէ բան մինչեւ վերջ չէն հասցնում, եւ երբ հայերին սպանելու իրենց գեղագիտական հաճոյքը յագենա, ձեռք կը քաշեն: Այդպէս էլ բոլոր հին, մրցակցած, ախոյեան ցեղերը դադարեցրել էն գործը` նախքան բոլոր հայերին սպանելը: Նոյնիսկ երբ բոլորը միասին էին գնում խնդիրը կատարելու, միշտ էլ թողնում էին մի զոյգ այստեղ, մի զոյգ այնտեղ` Ադամ ու Եւաներ, որոնք, հէնց որ մէկը կռնակ դարձնէր նրանց, բազմանում, բազմանում ու բազմանում էին, այնպէս որ յաջորդ անգամ Հայաստան այցելողը կրկին հայեր կը տեսնէր այնտեղ, միլիոնաւոր ու միլիոնաւոր հայեր, բոլորը հեզ ու համեստ, բայց ցերեկը գործով զբաղուած, իսկ գիշերը գաղտնօրէն բազմանալով ու կամացուկ տարածուելով ու տարածուելով ու… Նա ինձ վրայ ոտից գլուխ տարածեց իր մալթուսական յուսահատութիւնը եւ մի այնպիսի սարսափ հայերից, որ քիչ մնաց կուլ տայի իր ամբողջ որոգայթը ամերիկա-հայկական մանդատի վերաբերեալ, երբ իմ փրկարար ամերիկեան հումօրը շունչս տեղը բերեց: - Բայց ինչու՞ հէնց բրիտանացիներն էլ չանէն այդ գործը,- հարցրի եւ, ակնկալելով իր հումորի զգացումը, ժպտացի: Իզուր: Կարծում եմ` ամերիկեան հումորի զգացումը նա չունէր. սպասեց, որ իմ զուարթ ժպիտը չքանայ, ու յետոյ երբ տեսաւ, որ էս իմ մէջ եմ քաշուել նորից եւ լրիւ լուրջ եմ, պատասխանեց ինձ լրջօրէն: - Հայերի լիակատար կոտորածը,- պատճառաբանեց,- կարող է սկանդալ դառնալ, եթէ դա բրիտանացիներն անէն,- ու բացատրեց, որ թէպէտ իրենց կայսրութիւնը դիմացաւ որոշ այդպիսի ցնցումների եւ պէտք է, անշուշտ, դիմանայ ուրիշ ցնցումների եւս, բայց չափից աւելին, հէնց ա՜յս ժամանակ2, կարող է սասանել կայսրութիւնը:- Իսկ կայսրութիւնը, հէնց ա՜յս օրերին, չպէտք է սասանուի անհարկիօրէն: Բրիտանական կայսրութիւնը համաշխարհային կառավարման նախատիպն է: Մեր բոլոր մեծ տագնապները` պատերազմներ, յեղափոխութիւններ, գործադուլներ, համաճարակներ եւ այլն, հետեւանք էն այն իրողութեան, որ երկրագունդը թէեւ ամբողջութիւն է, բայց չի կառավարւում որպէս ամբողջութիւն: Բրիտանացիները մի օր պիտի վերջ տան այս անիշխանութեանը: Բայց կայսրութիւնը երիտասարդ է տակաւին եւ յարաբերաբար փոքր, թոյլ եւ գերծանրաբեռնուած: Հաշուի առէք մայր կղզիները, գաղութային ռազմավարական կէտերը, ծովերը եւ առեւտրական ճանապարհները, բոլոր այն նոր ծանրութիւններն ու պատասխանատուութիւնները, որ Բրիտանական կայսրութեան ուսերին ընկան գերմանական իմպերիալիզմի պարտութեամբ: Ո՜չ: Բրիտանական կայսրութեանը պէտք է խնայել առայժմ: Յետագայում, երբ, այսպէս ասած, ծովերի ազատութիւնը ցամաք հանուի, եւ երբ բրիտանական իշխանութիւնն ալիքներից տարածուի ցամաքի վրայ, բոլո՜ր ցամաքների, ապա Մեծն Բրիտանիան կը կարողանայ, եւ պէտք է կարողանայ ուրախութեամբ ընդառաջ գնալ յաղթահարելու մի այնպիսի ցնցում, որ էս (նա հէնց այդպէս էլ ասաց` «էս») առաջարկում էի Հայաստանում: Բայց ո՜չ դեռ, ո՜չ այժմ: Ո՜չ կայսրութեան դեռ մանուկ հասակին: - Բացի այդ,- յարեց նա,- բրիտանական իմպերիալիզմն այս փուլում շահագրգռուած է աւելի բնական հարստութիւններով, քան ժողովուրդներով` որպէս այդպիսիք: Անգլիացիները գործնական մարդիկ էն, ո՜չ իդէալիստներ, հասկանու՞մ էք: Նրանք գիտակցում էն, որ համաշխարհային մի կառավարութիւն պէտք է հիմնուի, բայց ոչ թէ «ձեր» Ազգերի լիգայի նման` գաղափարների եւ իդէալների, սկզբունքների եւ ժողովուրդների վրայ, այլ շօշափելի բաների` նաւթի, հանքանիւթի, օդային տարածութեան, ծովերի: - Բայց,- առարկեցի էս (եւ կարող էք տեսնել, թէ ուր էր հասցնում նա ինձ. առարկում էի յօգուտ իր երկրի` իմ երկրին ընդդէմ),- հարուստ հողեր եւ շահաւէտ հանքավայրեր կան Հայաստանում: Նա լուռ մնաց: Այնքան երկար մնաց այդպէս լուռ, որ ինձ թուաց, թէ շփոթութեան եմ մատնել նրան, թէ նա չգիտէր Հայաստանի հարստութիւնների մասին: Բայց կրկին նկատեցի ուռչելու եւ պայթելու նրա հակումը: Եւ որքա՛ն էի ցանկանում, որ նա ծիծաղի: Կարծում եմ` դա կը թեթեւացնէր ինձ էլ, նրան էլ: Բայց ոչ, նա չծիծաղեց: Չժպտաց նոյնիսկ: Պարզապէս սպասեց, ինչքան կարող էր, ապա ինձ յիշեցրեց, որ լսած կը լինեմ, ինչպէս, ասաց, ինքն էլ է լսել, թէ Հայաստանը պէտք է բաժանման ենթարկուի: Բուն երկիրը, ուր բնական հարստութիւններն էն, պէտք է անջատուի առաջամասից, ուր ոչինչ չկայ բացի հայերից: Ամերիկեան մանդատը պէտք է լոկ հայերի վրայ լինի: Մի ուրիշ դաշնակից, ոչ թէ բրիտանացիք, այլ մի ուրիշ` հաւասարաչափ գործնական տէրութիւն պէտք է ստանայ Հայաստանը: - Բայց,- դարձեալ առարկեցի էս,- ի՞նչ օգուտ մի երկրի բնական հարստութիւններից առանց այն ժողովրդի, որ պէտք է մշակի դրանք: Հանքերը, նաւթի պաշարները, բերրի հողերը, մի խօսքով բնական հարստութիւնները,- համբերութեամբ բացատրեցի նրան,- ոչ մի օգուտ չէն տա կապիտալին` առանց այն աշխատուժի, որ պէտք է փորի ու զարգացնի դրանք: Եւ մի երկրի բնիկներն ամենաբնական աշխատուժն էն դրա համար, ամենաէժանը, ամենահնազանդը, ամենաքիչ կազմակերպուածը, լաւագոյնը: Տեսնում էի` տաղտուկ է զգում, բայց քաղաքավարի էր: Լսում էր ինձ, ուստի իրար ետեւից օրինակներ էի բերում ամերիկեան, ինչպէս նաեւ բրիտանական գաղութներից` նրան ցոյց տալու համար, որ սխալ է անջատել մի երկրի ժողովրդին այդ երկրի բնական հարստութիւններից: Պէտք է միասին օգտագործուէն դրանք, միասին զարգացուէն, եւ այդպէս էլ արւում է սովորաբար: Չկայ ուրիշ ճանապարհ: Նկարագրեցի թուրքերի կամ ֆրանսիացի դրամատէրերի կամ որեւէ չաշխատող ժողովրդի անօգնականութիւնը, երբ կը ջանան օգտագործել Հայաստանի հարստութիւնները: Այսպէս պերճախօսում էի, ու մի պահ թուաց` բաւականին յաջող: - Էս կոչ եմ անում,- գոչեցի վերջապէս,- ոչ թէ գաղափարապաշտօրէն, ոչ թէ «Հայաստանը՜ հայերի համար», այլ գործնականօրէն` «Հայերը՜ Հայաստանի համար»: Նա ինձ նայում էր ոտից գլուխ չափելով, հետաքրքրութեամբ` ինձ թուաց: Կարծես մի նոր պատկերացում էր ստանում ամերիկացիներիս մասին: Ասել էի, որ չգիտէ մեզ, եւ նա թէ` - Որեւէ գիտակից անգլիացի կարող է հասկանալ որեւէ անգիտակից ամերիկացու: Շատ էլ չեմ ըմբռնում, թէ ինչ էր ուզում ասել դրանով, բայց դրա նման դատողութիւններն էին, որ ինձ տալիս էին այն խռովիչ տպաւորութիւնը, թէ նա բոլորովին սխալ էր պատկերացրել մեզ: Ու որոշեցի ցոյց տալ նրան, նախքան հաշիւները կը մաքրէր ինձ հետ, թէ ոչ բոլոր ամերիկացիներս ենք այնպիսի զուտ իդէալիստներ, ինչպէս նա եւ շատ եւրոպացիներ հետեւցրել էն այն մի օրինակից, որ նախագահ Վիլսոնն է եւ նրա 14 կէտերը: Բայց նա չափազանց երկար ու լուռ ուսումնասիրում էր ինձ: Սկսեցի մտածել, որ ինչ-որ սխալ էր գտնում իմ մէջ կամ մեր մէջ. գուցէ էս շա՞տ էի թեքուել գործնականութեան կողմը, ու յիշեցի, թէ ինչպէս էր նա հայերին կշտամբում դրա համար: Ուստի դարձ կատարեցի: Աւելի գաղափարապաշտօրէն եւ, յուսով եմ, հայրենասիրաբար խօսեցի կրկին: - Եթէ ամերիկացիներս յանձն առնենք հայերին,- յայտարարեցի,- նրանց իսկ օգտի համար կանենք այդ բանը: Նրանց կը կառավարենք միշտ էլ այն գաղափարով, որ նրանց ընդունակ դարձնենք իրենք իրենց կառավարելու: - Այո, այո, մենք հասկանում ենք այդ բոլորը,- ասաց նա: Բայց զգացի, որ չի հասկանում, ուստի ուղղակի շարունակեցի իմ սիլլոգիզմը: - Լաւ,- ասացի պատշաճօրէն,- ուրեմն պէտք է դրանում տեսնէք նաեւ հէնց այդ նպատակը. որպէսզի հայերին ընդունակ դարձնենք իրենք իրենց կառավարելու, պէտք է աշխատեցնենք նրանց: Ու քանի որ չէս կարող մի ժողովուրդ աշխատեցնել առանց մի այնպիսի բանի, որի վրայ աշխատեցնէս, մենք կարիքը կ'ունենանք Հայաստանի հողերի եւ հանքերի: Ոչ թէ հարստութիւնները կորզելու համար նրանցից, այլ օգտագործելու որպէս ուսումնադաշտ, ուր ժողովրդին վարժեցնենք աշխատասիրութեան, խնայասիրութեան եւ… բոլոր յն քրիստոնէական առաքինութիւններին, որոնց միջոցով նրանց դարձնենք լաւ մարդիկ եւ լաւ քղաքացիներ: Շփոթահար, ուռած տեսք էր ընդունել նա: Չգիտէի` ինչ է պատահել նրան, մինչեւ որ վերջապէս որոշեց արտայայտուել: - Խնայասիրութիւնը չի պակասում հայերին,- ասաց նա չոր,- եւ անշուշտ գիտէք, որ քրիստոնեաներ էն նրանք, երդուեալ քրիստոնեաներ: Ի հարկէ գիտէի: Պարզապէս, ոգեւորութեանս մէջ, մի պահ մոռացել էի այդ բանը: Յամենայն դէպս նա ինձ բռնել էր այդ կէտում, ուստի վերադարձրեց ինձ իմ շրջանի սկզբին: - Բայց,- ասացի,- հայերը պէտք է աշխատեն: Դա՜ է յաջողութեան գաղտնիքը, լինի անհատի, լինի ազգի համար` աշխատանք, յամառ, եռանդուն աշխատանք: Եւ հայերը պէ՜տք է ունենան Հայաստանը` դրա վրայ աշխատելու համար: - Հայերը չէն աշխատելու,- ասաց նա:- Դա՜ է ցաւոտ կէտը ձեր ծրագրում, դա՜ է հայերի էլ ցաւոտ կէտը: Ճիշտն ասած, դա է ցաւոտ կէտը բոլոր այս հին ցեղերի, որոնք եղել էն քաղաքակիրթ, սովորել էն խաղը եւ, մի ժամանակ տիրած լինելով աշխարհին եւ աշխատեցրած, կորցրել էն իշխանութիւնը եւ դեգրադացուել, ինչպէս դուք էք ասում: Կամ էլ, ինչպէս էս եմ ասում, շարունակել էն, առաջ էն գնացել` տրամաբանականօրէն, հոգեբանօրէն, բնախօսականօրէն: Նրանք չէն սիրում յամառ, եռանդուն աշխատել: Դա է, որ նրանց տարբերում է այն երեխայանման, իսկապէս յետամնաց ժողովուրդներից, որոնց հետ գործ էք ունեցել ամերիկացիներդ: Նախնական ժողովուրդները պարզապէս ծոյլ էն: Նրանց կարելի է ստիպել աշխատելու, զարգանալու, նրանց հնարաւոր է շահագործել, եթէ ուզում էք: Մի որոշ յոյս կայ նրանց համար, մի որոշ օգուտ նրանցից: Իսկ այս առաջադէմ ժողովուրդները, երբեմնի քաղաքակիրթ ազգերը ծոյլ չէն: Նրանք չափից աւելի խելացի էն ուրիշների օգտին աշխատելու համար: Իրենք իսկ շահագործողներ էն` բնազդական, բնածին, անուղղելի, անյուսալի շահագործողներ: Բոլոր ազգերը բաղկացած էն զարգացող մարդկանցից, նրանք մարդ էն աճեցնում: Նրանք խօսում էն իրեց երկրները զարգացնելու մասին, բայց հակառակն է. նրանց երկրներն էն զարգացնում իրենց: Իսկ հին ազգերը ցոյց էն տալիս մարդկանց այն տեսակը, որ այժմ նոր ազգերը կազմաւորում էն իրենց մօտ: Այս հին ժողովուրդները բնաշրջութեան արդիւնք էն: Դուք կարող էք Միջերկրականի ափերին տեսնել այն տիպը, որ ինքներդ այժմ ընտրասէրում, աճեցնում, բնաշրջում էք ձեր հայրենիքում: Հին ցեղերից նրանք, որ այստեղ ապրում էն դեռ, վերապրածներն էն մի քաղաքակրթութեան, որ բնոյթով առեւտրական էր, ինչպէս ձերը: - Մերը,- ուղղեցի էս, անգլիացիներին էլ մտցնելու համար խնդրի մէջ: Նա ուղղակի վրայ տուեց: - Դուք` նոր ազգերդ պէտք է սովօրէք հին ժողովուրդների օրինակի վրայ,- կրկնեց նա,- որ նախկին մեծ ու նախկին հռչակաւոր ազգերի արդի ներկայացուցիչները բնական եւ անխուսափելի արդիւնքն էն արհեստական այն ընտրասերման, որը կատարուել է մի այնպիսի հասարակութեան մէջ, որը բանտարկում է քաջերին, արտաքսում ինքնատիպներին, ճնշում զանգուածին, խեղդում է ցեղի միջին մակարդակից ցանկացած տարբերութիւն եւ պաշտամունքացնում հեզին, միջակին, խորամանկին, նրբամիտին ու խնայասէրին, որովհետեւ սրանք առեւտրական առումով պիտանի էն: Արդի յոյներն ուղղակի ժառանգներն էն հելլէնների եւ իրենց տհաճ յատկանիշներն այն տեւական գծերն էն, որ ծագում էն հին յունական մշակոյթից, ինչպէս իրականում կենսագործում էին հին յոյները: Ո՜չ այնպէս, ինչպէս մեծ, բացառիկ յոյները խօսում, երգում ու կերտում էին այդ մշակոյթը, այլ հէնց այնպէս, ինչպէս միջին յոյները կենսագործում էին գործարարութեամբ, ուզում եմ ասել` այն յոյները, որոնք Սոկրատէսին մահուան դատապարտեցին: Արդի եգիպտացիները, ինչպիսիք ժառանգել ենք բրիտանացիներս, եգիպտական մշակոյթի ամենահեռու˜-հեռաւոր փոքր ծոռներն էն, իրենց ապուպապերի երեխայանման աշխատանքով այնքան գեղեցկօրէն կերտուած Սֆինքսի հանելուկին ուշացած պատասխանը: Այսօրուայ արաբը հին, փառաւոր Արաբիայի արուեստներից, բարքերից, գործարարութիւնից զուրկ է. նա անապատի փոշին է… Նա կանգնեցրեց իմ մի նոր առարկութիւնը` կանխելով. - Հնադարեան յոյները, նաեւ եգիպտացիները, սիրիացիները, վերջապէս թուրքերը եւ միւսները` նրանք էլ իրենց հանճարներն ունէին, իրենց բանաստեղծներն ու արուեստագէտները, իրենց զօրավարները, որոնք յետամնաց ժողովուրդներ էին նուաճում, ունէին իրենց արդիւնաբերական ղեկավարները, որոնք աշխատանքով էին ապահովում, իրենց սեփական աշխատուժն էլ ունէին: Բայց ընտրասերեալները, ազնուապետութիւնները, հարստապետութիւնները չյարատեւեցին: Նրանց յետնորդները ժառանգորդներ չեղան, չվերապրեցին նոյնիսկ: Յաջողակների, հարուստների, հզօրների, առանձնաշնորհեալների զաւակները գրողի ծոցը գնացին, եւ նոյնը լինելու է ձեզ մօտ: Եւ աշխատուժի էլ յաջորդական սերունդները, աշխատանքով գերծանրաբեռնուած, թերսնուած, վհատուած եւ խիստ կ'արգ-կանոնի ենթարկուած, բութ ստրուկների վերածուած, մեռան կամ ոչնչացուեցին: Պարզուեց ու պարզւում է, որ միջին դասակարգն է ունակ վերապրելու այդ կերպ կազմակերպուած հասարակութեան մէջ, այդ ստոր միջին դասակարգը: Ուստի ամբողջ հին աշխարհն այժմ տեսնում էք, փաստօրէն, միայն բիզնեսմեններով բնակուած, մանր բիզնեսմեններով` վաճառականներ, առեւտրականներ, խանութպաններ, վաշխառուներ, փերեզակներ, ո՜չ արտադրողներ: Նրանք զբաղուած էն գնել-ծախելով. ու սերուած լինելով գնող-ծախողներից, առեւտրական մրցակցութեան բազում սերունդների միջով ընտրասերուելով` նրանք լաւ գնող-ծախողներ էն: Կարող էն գնալ աշխարհում որեւէ տեղ առեւտուր անելու, բայց ո՜չ ստեղծելու, ո՜չ կազմակերպելու, կառուցելու, ծրագրելու եւ աշխատելու: Նրանց այն եղբայրները, որոնք այս բաներն էին անում, անզաւակ մեռեալներ էն: Ո՜չ, միայն ամենազուտ, ամենախորամանկ առեւտրականներն էն ապրում, եւ նրա՜նց ենք գտնում ամէն տեղ, նրանք սողոսկում-թափանցում էն ամէնուր: Մեր գաղութներում, Հարաւային Ամերիկայում էս հանդիպել եմ արաբների, որոնք փերեզակութիւն էն անում, առեւտուր էն անում, հարստանում էն: Իսկ ինչ վերաբերում է սիրիացիներին, յոյներին, հայերին… - Եւ հրէաներին,- յուշեցի: Անտեսեց: - Իմ այս հին ժողովուրդները,- ասաց,- կը գնան ցանկացած տեղ, ուր աշխատաւորներ կան աշխատեցնելու, խորամանկօրէն կը խիզախեն` հեզօրէն տառապելով, դրամ խնայելով, գործ անելով: Այո՜, նրանք գործ էն անում: Այնպէս էն գործ անում, որ աշխատաւորն այդպէս չի աշխատի: Այնպէս էն գործ անում, ինչպէս բիզնեսմենը միայն կանի` յարատեւօրէն, յամառօրէն, մնալով հէնց միայն շահի նեղ լուսանցքում: Բայց,- շեշտեց նա,- չէ՜ն աշխատի նրանք: Չէ՜ն կարող: Չէն կարող հասկանալ «աշխատավարձի համար աշխատելու» դրոյթը: Դա բնազդ է նրանց մէջ, մի գիծ, մի ուշիմութիւն, որ զարգացուել է յաջողուած ընտրասէրումով, ինչպէս որսորդութեան ուրոյն գծեր ենք զարգացնում որսկան շների այս կամ այն ցեղի մէջ: Նրանք իրենց արեան մէջ իսկ գիտեն, որ աշխատավարձով, նոյնիսկ բարձր աշխատավարձով աշխատելն անօգուտ է, եթէ ուզում էս յաջողութեան հասնել ու հարստանալ: Ոչինչ չկայ, ոչինչ չի կարող լինել աշխատավարձի որեւէ հնարաւոր բարձրութեան մէջ` ո՜չ շահոյթ, ո՜չ դրամագլուխ, ո՜չ բաղադրեալ առաջատուութիւն: Նրանք չէն էլ խօսում դրա մասին, դա շատ ակնյայտ է նրանց համար, դա նրանց կեանքն է: Նրանք խելօք էն, ինչպէս հին մի ցեղ կարող է խելօք լինել` որսալու խաղին պատրաստ: Քոթոթի իրենց աչքերը բանալու պահից արդէն տեսնում էն արարող աշխատանքի անհեթեթութիւնը: Անելիքը` միայն դիտել ու սպասելն է մինչեւ հարստութիւնն արտադրուի, ու յետոյ, մի կերպ, արտադրողից այն ձեռք բերելը: Եւ նրանք գիտեն` ինչ կերպ անէն այդ բանը, ինչպէս կենդանին գիտէ իր կենդանական գործը եւ բոյսն էլ գիտէ իր բուսական գործը` բնազդով: Ուստի կզբաղուէն բժշկութեամբ, իրաւաբանութեամբ, ցանկացած այլ մասնագիտութեամբ էլ, որ բիզնեսի նման ձեռք է բերում այս կամ այն շահաբաժինը հասարակական ընդհանուր հարստութեան աւարտուած, վերջնական, դրոշմուած ձեւից, երբ հասարակ ժողովուրդն արդէն ստեղծել է այդ հարստութիւնը: Իսկ դուրս գալ ու ճակատի քրտինքով արդիւնահանել երկրի հումքը եւ մշակելով վերածել շուկայական ապրանքների` ոչ: Հին ժողովուրդները չէն հանդուրժում անել այդ բանը, իսկ ինչ վերաբերում է ձեր հայերին` նրանք պարզապէս չէ՜ն անի: Լռեց մի պահ, դիտելով ինձ, ու երբ տեսաւ, որ ինքս չեմ դիտում իրէն, իր պրոպագանդի սլաքներից դեռ մի քիչ էլ արձակեց ինձ վրայ: - Հայերը,- ասաց,- ամենախելացի, ամենակատարեալ ընտրասերուած, ամենաբարձր զարգացած ցեղն էն աշխարհում` քաղաքակրթուածութեան տեսակէտից: Էս կրկին տուի իմ թեկնածուի անունը: - Հրէաները՞,- արձագանքեց:- Առաջ էլ ասացիք նրանց մասին, եւ էս գոհ զգացի: Դա ցոյց տուեց, որ գէթ մի նշոյլ ընկալում էք հին ցեղերի մասին իմ ասել ուզածից: Քիչ ճամփաներ անցած մարդու համար հրէաներն ամենածանօթ օրինակն էն հին, խորաթափանց, խելացի ժողովրդի, եւ այո՜, նրանք բնազդօրէն շահագործողներ էն: Նրանք հակուած էն վաշխառութեան: Բայց նրանք կ'աշխատեն: Չէն հանդուրժում, բայց կարելի է նրանց աշխատեցնել: Եւ աւելի վատ, որ նրանք ստեղծագործող էլ էն, հնարամիտ ու սենտիմենտալ: Նրանց մէջ դեռ կան արուեստագէտներ, փիլիսոփաներ, մարգարէներ: Անկատար էն նրանք: Քաղաքակրթութեան անաւարտ մի արդիւնքն էն, կիսատ մնացած: Էս հասկանում եմ, թէ ինչու իրենց հանդէպ վախ ու ատելութիւն էն յարուցում նրանք. ունէն ցեղային տարեցութեան որոշ իմացական գերազանցութիւն: Բայց անհեթեթ է նրանց նոյն ոգով դասել այն հին ժողովուրդների հետ, որոնց մասին խօսում եմ: Չէ՞ որ իմ հին ցեղերն իրենց երկրից դուրս էն քշել ձեր այդ հրէաներին կամ չէն թողել, որ գործ անէն իրենց մօտ: Նրանք չէն կարող ապրել արաբների, սիրիացիների, եգիպտացիների վզին: Իրենց լաւ էն զգում Անգլիայում, հարստանում էն Ֆրանսիայում ու Գերմանիայում եւ անշուշտ` Միացեալ Նահանգներում. այո՜, այո՜, նրա՜նք: Բայց չինացիները, օրինակ, չինացիները կուլ էն տալիս հրէաներին, ինչպէս կէտ ձուկը փոքր ձկներին: Մեր շոտլանդացիները ողջ-ողջ քերթում էն նրանց: Այդպէս էն անում արաբներն էլ, թուրքերը, յոյները, իսկ ինչ վերաբերում է հայերին… Շունչ քաշելով, շարունակեց. - Հրէաներն իրենք այնպէս էն զգում հայերի հանդէպ, ինչպէս հակասեմական եւրոպացիները հրէաների հանդէպ էն զգում. ճիշտ նոյն կերպ էլ յոյները, թուրքերը եւ բոլոր այն միւս ցեղերը, որոնք երբեւէ գործ էն ունեցել հայերի հետ: Զգում էն, որ հայերը բոլորին էլ աշխատանքի կը լծէին: Ու կը լծեն: Հայերն ունէն հրէաների բոլոր յատկանիշները, առաւել` բոլոր միւս ցեղերի էլ բոլոր յատկանիշները, եւ բացի այդ` քրիստոնեաներ էն: Կանգ առաւ, ոչ թէ ասելիքի համար բառեր գտնելու, կրթուած անգլիացին, ենթադրում եմ, լաւ գիտի անգլերէնը: Աւելի ճիշտ` կարծես խուսափում էր իր եզրակացութիւնն ասելուց, նախընտրելով ինձ ստիպել, որ ինքս բռնեմ իր եզրակացութիւնը, քան թէ իր բերանից մէջբերեմ: Ու քանի որ խայծը չէի կլլել, նա տաղտկալիօրէն շարունակեց` եւս մի պատեհութիւն տալու ինձ: - Հայերը,- ասաց,- չպէտք է ունենան Հայաստանը, բուն երկիրը: Իրենք չէն աշխատի, որ մշակեն երկիրը, նոյնիսկ ոչ իսկ յօգուտ իրենց: Ուզում էն այդ հողերը, այո, բայց միայն սեփականատէրը լինելու համար: Մինչեւ իսկ զարգացման գործը կազմակերպելու համար չէն աշխատի նրանք: Արտօնագրութեամբ վարձու կը տան ուրիշներին` գործը վարելու: Նրանք ուզում էն ապրել ծովեզրին, քաղաքներում` ի հաշիւ ստացած վարձի շահոյթի, շահաբաժինների, արժէթղթեր առնել-ծախելով ձեռք բերուած շահի եւ դրամագլխոյ ու աշխատուժի կիրառմամբ վաստակուած դրամի: - Շատ մարդիկ կան այդպէս,- ասացի:- Միայն հայէը չէն: - Տեսնում եմ, որ դուք դեռ չէք ըմբռնում բուն խնդիրը,- ասաց նա:- Իրօք, ուրիշներ էլ կան, որ կ'ուզենային այդպէս անել: Ֆրանսիական բուրժուազիան այդ ուղղութեամբ է շարժւում, ու մեր անգլիացիներն էլ գալիս էն դրան, մանաւանդ մեր այսպէս կոչուած բարձր դասի այն դժգոհները, որոնք գնում էն գաղութներ կառավարելու, բայց ինքնամփոփւում էն` իրենց համար «Փոքր Անգլիայ» ստեղծելով տեղում: Նրանք կ'ուզենային ոչինչ չանել, բայց չէն կարող: Անվնաս էն նրանք: Կ'ուզենային ոչինչ չանել, բայց ծախսել: Ու ծախսում էն իրօք, հասկանում էք: Նոյնիսկ ձեր հրէաները ծախսող էն, սքանչելի ծախսող: Բայց ձեր այդ հայերը ոչինչ չէն անի ու չէն էլ ծախսի: Ձեռք էն բերում ու խնայում: Վաճառում էն, բայց միայն կրկին գնելու եւ աւելի ու աւելի ձեռք բերելու համար: Դարերով բնաշրջութիւն է պէտք` իսկական առեւտրական ոգու այդպիսի կատարելութիւն զարգացնելու համար, իսկ բնաշրջութիւնն աստիճան առ աստիճան զարգացման խնդիր է: Ու հայերն ամենաբարձր աստիճանին էն հասել: Ասում եմ ձեզ, որ եթէ հայերին առիթ տրուի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, եթէ նրանք ազատ իշխանութիւն ձեռք բերեն երկրագնդի որեւէ անկիւնում, ամբողջ մոլորակի տէրը կը դառնան եւ կաշխատեցնէն մնացեալ ամբողջ մարդկութեանը: Այ՜դ է, որ գիտեն թուրքերը եւ սարսափում էն, եւ յոյներն էլ եւ… մենք բոլորս, որ գիտենք նրանց: Ուրեմն… Նա կրկին ինձ վրայ էր գցում, որ ասեմ եզրակացութիւնը, բայց էս չէի ուզում ասել: Ուստի խթանեցի նրան. - Ուրեմն…- ասացի: - Ուրեմն,- պոչը թեքեց նա, ինչպէս ամերիկացիներս ենք ասում կոպտօրէն,- ուրեմն պէտք է բաժանենք նրանց` Հայաստանի վրայ մի մանդատ, հայերի վրայ` ուրիշ մանդատ: - Ուրեմն,- դիմադարձեցի էս,- դուք ուզում էք, որ Հայաստանը տրուի ձեր մի դաշնակցին, բրիտանական կապիտալի մի գործակցին, իսկ հայերը տրուէն մեզ` ամերիկացիներիս: Շատ լաւ: Երկու հարց է ծագում: Ձեր դաշնակիցը ի՞նչ կարող է անել Հայաստանում առանց աշխատուժի: Ու վերջապէս ի՞նչ կարող ենք անել ամերիկացիներս հայերի հետ առանց Հայաստանի: - ՛Օ,- ասաց,- ուրիշ ժողովուրդներ կան Բալկաններում, Փոքր Ասիայում, Հնդկաստանում եւ Աֆրիկայում, յետամնաց ազգեր, իսկապէս յետամնաց. ազգեր, որոնք աշխատուժ կարող էն լինել: Նրանց կարելի է բերել Հայաստան եւ աշխատանքի լծել: Աշխատուժի պակաս չկայ:3 - Ուրեմն դա կը լուծի բրիտանական, գործնական խնդիրը,- ասացի:- Գանք իդէալիստական` ամերիկեան խնդրին: Ին՞չ պէտք է անենք հայերի հետ: Չէր ուզում ասել: Իր բրիտանական հումօրը կամ իր դիւանագիտական զգուշաւորութիւնը եւ կամ չգիտեմ ինչը չէր թողնում նրան ասել: Խուսափելով խօսեց այն մասին, թէ ասիական աշխատուժի ու եւրոպական կապիտալի համար վտանգաւոր է հայերի ներկայութիւնը որեւէ այնպիսի վայրի մօտ, ուր հանքեր ու հողեր էն մշակւում: - Ուրեմն,- ասացի էս, ոչ առանց մի քիչ (ամերիկեան) հումորի:- Ուրեմն… Մի ստուեր անցաւ աչքերում, բայց ոչ ձայնի մէջ: Կրկին զուարթօրէն խօսեց «ամերիկեան իդէալիզմի» մասին: Յոգնել էի այդ բանը լսելով, սոսկալի ձանձրացել, բայց դրա մասին խօսել նա սիրում էր: Բայց այս անգամ մի քիչ փոխեց երգի բանալին: Երիտասարդ կոչեց ամերիկացիներիս. ասաց, որ մենք դեռ անփորձ ենք ուրիշ, աւելի հին ցեղեր ղեկավարելու մէջ: Եւ ուրեմն, անտարակոյս, հակուած ենք խստօրէն դատելու բրիտանացիների եւ այլ գործնական կառավարիչների գաղութային վարմունքը, որոնց ամենախղճմիտ գործակալն անգամ երբեմն անհրաժեշտ էր գտնում սպանել կամ ուրիշ կերպ Աստծոյ վախը ներշնչել ենթակայ մի ժողովրդի փոքրամասնութեանը` մեծամասնութեան ընդհանուր շահի եւ ներդրուած կապիտալի ապահովութեան համար: - Դուք չէք գիտակցում,- եզրակացրեց նա,- թէ որքան դժուար ու նրբին խնդիր է մի տարօրինակ, մի օտար ժողովուրդ կառավարելը: - Սխալւում էք,- ջղագրգռուած ասացի էս ու կրկնեցի մեղադրանքս, թէ նա չգիտէ մեզ:- Դուք նոյնքան անտեղեակ էք իմ ժողովրդի մասին,- յայտարարեցի,- որքան ասում էք, որ մենք ենք անտեղեակ եւրոպացիների, թուրքերի, հայերի եւ միւսների մասին: Ի ցոյց բերեցի Ֆիլիպինները, Կ'ուբան, Սանդուիչեան կղզիները, բոլոր այն օտար երկրները, որ կառավարում ենք յաջողութեամբ: Ու յիշեցրի նրան, որ ամէն տեսակ օտարականներ ունենք հէնց մե՜ր մէջ: Առանց պատճառի չէ, որ Միացեալ Նահանգները ձուլարան էն կոչել: Ինչ օտարականներ ասես չունենք այնտեղ: Նոյնիսկ նրա հայերին ենք աշխատեցրել: Պնդեցի, որ մենք էլ մեր դժուար գործն ենք արել, ինչպէս որեւէ կառավարութիւն երկրագնդի երեսին` չբացառելով բրիտանացիներին էլ: Եւ համոզելու համար նրան, որ մենք գործնական ենք, պատմեցի, թէ տեսել եմ` ինչ է արուել օտար աշխատուժի նկատմամբ մեր Նոր Անգլիայ նահանգներում, հարաւային նահանգներում, մեր արեւմուտքում եւ ամէնուրեք: Բայց պատահեց, որ յիշատակեցի նաեւ մեր սեփական բնիկներին` ամերիկեան հնդկացիներին: Հէնց դրա վրայ էլ նա ուղղակի վեր թռաւ: - Այ՜դ է ահա,- գոչեց:- Այ՜դ էր իմ մտքում ամբողջ ժամանակ: Ձեր հնդկացիների հանդէպ ձեր քաղաքականութիւնն այն է, ինչ պէտք է հայերի հանդէպ: Անակնկալի եկայ, շշմեցի: Հարցրի, թէ իր կարծիքով ի՞նչ է եղել մեր քաղաքականութիւնը հնդկացիների հանդէպ: Եւ նա ասաց, թէ իր հասկացածով` մենք ոչնչացրել ենք նրանց բոլորին էլ… բո-լո՜-րի՜՜ն: Այնպէս չէ՞: Էս նայեցի նրան ոտից գլուխ, ինչպէս ինքն էր ինձ նայել մի քանի անգամ: Ու հաճոյքով այդպէս նայեցի: - Այդպէս ուրեմն,- ասացի մի երկար դադարից յետոյ,- ուրեմն դուք մտածում էք` ա՜յդ է, որ պէտք է հայերին անենք… պէտք է ոչնչացնենք նրանց բոլորին էլ, գլխովին: - Ոչ, ոչ, ոչ,- ուղղեց նա:- Ինչպէ՞ս էք դուք` լրագրողներդ սխալ հասկանում եւ սխալ մէջբերում: Բոլորովին էլ չէր ուզում ասել, թէ մենք պէտք է կոտորածն ընդունենք որպէս քաղաքականութիւն: Գիտէր, որ չենք անի, չենք կարող անել դա: Դէ լաւ, ի՞նչ էր ուզում ասել, ուրեմն: Ին՞չ պէտք է անենք: Չասաց: Իրենք իրենց շուրջ պտտուող մի զոյգ դերուիշների նման պտտուեց ու պտտուեց կլոր-կլոր: Յոգնեցուցիչ էր: Բայց ի վերջոյ հասկացայ: Պէտք է ինքս ասէի իր ասել ուզածը, երեւի ա՞յդ էր ճիշտը: Չուղղեց ինձ: Որոշակիօրէն ու յստակօրէն չէր ուզում ասել, թէ մենք պէտք է գիտակցօրէն ու մտածուած կերպով գնանք բնաջնջելու հայերին: Բոլորովին ոչ: Պարզապէս յոյս ունէր կամ հաւատում էր, որ ուրիշ ամէն ինչ փորձելուց յետոյ` մենք պէտք է հարցը վերջացնենք այդ Բանն անելով: Ու նաեւ հիմնաւոր անելով: Չթողնելով ոչ մի Ադամ ու Եւայ, որ չշարունակեն Կայէն աճեցնել… - Բայց դա սկանդալ չի՞ դառնայ,- ասացի: Կարծում էր` ոչ: Յիշեցրեց, որ մենք այնքան գաղափարապաշտ ենք եւ այնպիսի համբաւ ենք վայելում մեր մարդասիրութեան համար, որ թւում է` ի զօրու ենք որեւէ բան անելու բանականութեան սահմաններում` առանց կորցնելու մեր իդէալիզմը կամ մեր բարի անունը: - Հնդկացիների հանդէպ ձեր քաղաքականութեան մէջ խայտառակութիւն չկար, այնպէս չէ՞,- հարցրեց:- Ու երբեք էլ չէք դադարել մտածելուց, թէ ձեր արածը ճիշտ էր, այո՞: Նուաճել էք Մեքսիկայի մի մասը, գրաւել Հաւայեան կղզիները, զէնքի ուժով Իսպանիայից խլել էք Ֆիլիպինները եւ Պուերտոյ Ռիկոն, ազատագրել էք Կ'ուբան եւ գրաւ էք դրել դրա վրայ, գնել էք Դանիական կղզիները, ձեր ծովային հետեւակազօրը ափ էք հանել Կենտրոնական Ամերիկայում եւ զօրքը մոռացել այնտեղ: Շուտով ստիպուած էք լինելու վերականգնել կարգ ու կանոնը միացեալ Մեքսիկայում: Եւ սակայն,- ասաց նա, կարծեմ հիացմունքով,- դուք դեռ կողմ էք փոքր ազգերի ինքնորոշմանը: Դուք փոքր կայսրութիւն էք, իսկ մեզ զգուշացրել էք ձեր Մոնրոյի դոկտրինով, որ երբ պատրաստ լինէք` մեծ կայսրութիւն էք դառնալու: Եւ սակայն դուք հակաիմպերիալիստներ էք: Հէնց նոր պատերազմ մղեցիք գերմանական իմպերիալիզմի դէմ, եւ… - Դուք էլ,- արձակեցի կրակոցս: - Օ՛հ, դա տարբեր է,- հակադարձեց նա իմ կրակոցը:- Մենք իմպերիալիստներ ենք: Մենք մեզ անկեղծօրէն կայսրութիւն ենք կոչում եւ պարկեշտօրէն կռուեցինք մեր կայսրութեան համար գերմանացու կայսրութեան դէմ: Իսկ դուք` դուք կռուեցիք կայսրութեան դէմ յօգուտ ինքնորոշման: Կար մի կէտ դրա մէջ, եւ զգացի` նա չարախնդօրէն սպասում էր, որ դիմակայեմ դրան: Բայց հէնց ուղղակի չէի կարող այդպիսի վայրկեանին, ու երբ չպատասխանեցի, նա շարունակեց. - Էս կարծում եմ, որ դուք` ամերիկացիներդ կարող էք որեւէ բան անել ու տարակուսանքի չենթարկուել ո՜չ աշխարհի, ո՜չ էլ ինքներդ ձեր կողմից: Մի սքանչելի բան կայ դրա մէջ, շատ սքանչելի, աշխարհի համար օգտակար մի բան: Դա թոյլ է տալիս մտածել, որ ամերիկացիներդ բուն Հայաստանում կարող էիք հիմնաւորապէս անել ու վստահաբար կանէիք այն, ինչ պէտք է արուի այնտեղ: Կանէիք աստիճանաբար, բայց կատարելապէս, առանց բաց թողնելու որեւէ մի առանձին կամ, աւելի ճիշտ, ամուսնացած հայի, եւ այդ ամբողջը առանց խայտառակութեան, առանց նուազագոյնս խախտելու ձեր այն հաւատքը, թէ դուք … ինչպէ՞ս ասեմ … դե՜հ, դուք նման չէք մեզ` անգլիացիներիս կամ ֆրանսիացիներին, գերմանացիներին, թուրքերին եւ, վախենամ, դոյզն-իսկ նման չէք հայերին էլ: Եւ,-շտապեց աւելացնել նա,- պէտք է որեւէ մէկը լուծի հայկական հարցը: Ինձ թւում է բանաստեղծական արդարութիւն կը լինի, լաւ քաղաքականութիւն եւ հաստատ գործ, որ աշխարհում ամենաիդեալիստ ժողովուրդն իր վրայ վերցնի աշխարհի ամենագործնական ժողովրդին: Ին՞չ էր նա թելադրում ինձ: Բրիտանական հումո՞ր էր սա: Նայեցի նրան խիստ-խիստ: Աչքն էլ չթարթեց: Նստել էր այդ փքուած տեսքով, որ նկատել էի առաջ, բայց, չէ՛, մկան չի շարժւում դէմքին: Ծանր բան է անգլիացու հետ հարցազրոյցը, եւ վտանգաւոր: Յիշեցի, որ ասաց` ժխտելու է հարցազրոյցը, եթէ ամենաթեթեւ իսկ առարկութիւն լինի: Որոշեցի հէնց ուղղակի փորձել նրան: - Ինչպէս հասկանում եմ,- ասացի,- ամերիկացիներս առեւտրական մշակոյթ ենք, ինչպէս հայերն էն, ինչպէս բոլոր այս հին ազգերն էլ, որոնց պէտք է ոչնչացնել: Նա գլխով արեց: Էս շարունակեցի. - Նրանք մտածում էին, որ զարգացնում էն գործարարութիւնը, երբ իրականում զարգացնում էին մարդկային ցեղի մի որոշ տեսակ` մի ուրոյն ցեղ գործարար մարդկանց, որ կախեալ էն ուրիշների արտադրողական աշխատանքից, ուրիշների, որոնց նրանք չէն կառավարում հիմա, եւ որոնք ատում էն նրանց, որովհետեւ նրանք կարող էն որեւէ մէկին մատի վրայ խաղացնել առեւտրի մէջ եւ ապրում էն առանց աշխատելու, ստախօսներ էն, չարաշահորդներ, մակաբոյծներ` ամենագործնական ուղեղով եւ ամենաքրիստոնէական իդէալներով ու վարուելակերպով: - Դուք` ամերիկացիներդ լաւ էք խօսում,- ասաց նա:- Չէք կարող գտնել ոչ մի անգլիացու, որ այդքան յստակօրէն բանաձեւէր որեւէ այդպիսի բան: - Եթէ ամերիկացիներս կարողանայինք այժմ, մեր ներկայ դրութեամբ, այս տեսակ մարդու զարգացման նախնական փուլում, եթէ կարողանայինք, կառավարելով հայերին, մօտիկից տեսնել մեր մշակոյթի կիրառման գործնական ձեւերն ու արդիւնքները, եթէ կարողանայինք հասկանալ, որ այն, ինչ ստուգում ու քննում ենք ներկայ հայի մէջ, ապագայ ամերիկացին է… - Վաղուայ,- շտկեց նա: - Ապա ուրեմն,- շարունակեցի էս,- գուցէ յուսախաբ լինէինք հայերից, գուցէ, ջղայնացած, ոչնչացնէինք նրանց բոլորին… - Ահա, ահա: - Գուցէ ոչնչացնէինք բոլոր հայերին, բայց պիտի տուն գնայինք… - Հեռագրէիք,- յուշեց նա,- աւելի արագ է դա: - Հեռագրէինք տուն,- ընդունեցի փորձի համար,- հեռագրէինք զգոյշ լինելու մի ահազանգ. «Զգուշացէք գործնական բիզնեսի հետ քրիստոնէական իդէալիզմի խաչաձեւումից»: Չափից շատ բիզնեսը եւ չափից շատ իդէալիզմ կարող էն վնասել այս երկու լաւ բաներին ու մեզ էլ` որպէս ժողովրդի: - Ահա՜, ահա՜,- բացակնչեց: - Դա կարող էր մեծ, հարուստ Ամերիկան վերածել մի Հայաստանի, որը ապագայի բրիտանացիներն ու ռուսները պիտի «անհրաժեշտ» գտնէին վերցնելու որպէս մանդատային` երկու մասի բաժանուած, մէկը` բուն իսկ Միացեալ Նահանգները, Անգլիայի համար, միւսը` ամերիկեան ժողովուրդը` Ռուսաստանի համար: Նա լուռ մնաց: Սպասեցի տեսնելու, թէ որեւէ չափով զգու՞մ է ամերիկեան հումօրը: Նա էլ մի պահ սպասեց ու յետոյ, տեսնելով, որ մի բան եմ ակնկալում, խօսեց: - Ձեր այդ գաղափարը…- սկսեց: - Ի՞մ գաղափարը՛,- պայթեցի էս: - Այո,- ասաց:- Դա մի գաղափար է: Լաւ գաղափար է, լաւ է տեսականօրէն, բայց… էութեամբ իդէալիստական է: Էս նկատի ունեմ գործնականը: Հաւատու՞մ էք իրօք, որ հայերին կառավարող ամերիկացիք բաւական գիտակից կլինէն տեսնելու համար, որ հայերը նման էն ամերիկացիներին: - Դուք` անգլիացիներդ տեսնում էք,- կտրուկ նետեցի երեսին: - Ճիշտ է,- համաձայնեց նա մտածկոտ:- Մենք տեսնում ենք հայերի նշանակութիւնը ամերիկացիների համար, մենք` իմպերիալիստ անգլիացիներս տեսնում ենք դա: Բայց վստահ չեմ ու մտածում եմ` կարելի՞ է արդեօք մեր, այսպէս կոչուած, բարձր դասի դժգոհներին բերել այն գիտակցութեան, որ կանխատեսեն իրենց ճակատագիրը այն հին ազգերի ճակատագրի մէջ, որոնց կառավարում էն: Էս պարտուած էի, անօգնական, շշմած: Բարեբախտաբար նա չտեսաւ իմ վիճակը: Աչքերը խոնարհուել էին: Վեր կացաւ. խորը մտածմունքի մէջ էր, երբ ինձ առաջնորդում էր դէպի դուռը: Այնտեղ աչքերը բարձրացրեց: - Գնաք բարով,- ասաց,- էս հաւանում եմ ձեր տեսութիւնը: Գայթակղիչ է: Վախենամ` թէ գործնականում դա չաշխատի, բայց գրեցէք դրա մասին: Թելադրական է: Զգոյշ գրեցէք, ոչ շատ յստակ եւ, իմիջիայլոց, մի՜ մէջբերէք ինձ: Էս ոչինչ չեմ ասել, ոչինչ… ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐ 2. Հարցազրոյցն արուել է 1919թ., երբ արեւմտահայութիւնն արդէն իսկ ցեղասպանուած էր, իսկ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնն ընդամէնը 1 տարի առաջ` Առաջին աշխարհամարտում Անտանտի դաշնակիցն էր, իսկ այդ պահին` բոլշեւիկեան Ռուսաստանի դէմ` Եւրոպայի դաշնակիցը, ի տարբերութիւն Թուրքիայի: 3. Սա մի տեսական դրոյթ է, որ Արեւմտեան Հայաստանի հայազրկուած տարածքներում գործնականում փորձեց կիրառել Մուստաֆա Քեմալը` Բալկաններից բերուած մահմեդականների միջոցով, սակայն առանց շօշափելի արդիւնքի. թէեւ երբեք պէտք չէ բացառել, որ նման մօտեցում կը կամենան որդեգրել նորից` այս անգամ` Արեւելահայստանի փոքրիկ մեր հատուածում: Ներկայացուող գրքոյկը 1919-ին արուած եւ 1931-ին հրատարակուած հարցազրոյց է անգլիացի առեղծուածային հետախոյզ Լոուրենս Արաբիացու հետ: Հայաստանեան իրականութեան մէջ այս հարցազրոյցի մասին յիշատակումն սկսուել է 1990-ականների սկզբից. տպագրուել է ռուսալեզու մամուլում, ինչպէս նաեւ հայերէն` «Ազգ» օրաթերթում: Հաշուի առնելով նիւթի խորքում թաքնուած բազմաթիւ իրողութիւններ եւ մօտ 100 տարի առաջուայ եւ մեր օրերի քաղաքական զարգացումների տրամաբանութեան նոյնականութիւնը` Պահպանողական կուսակցութիւնը երկրորդ անգամն է այն հասցէագրում պետականութեան արժէքն իրապէս գիտակցող քաղաքացիներին, ինչպէս նաեւ դեռեւս ռոմանտիզմի մէջ խարխափող լայն հասարակութեանը: ArmAr.am
  -   Հարցազրոյցներ