Ա. Աշոտեան. «Բուհական ընդունելութեան քննութիւնների օտար լեզուների շարքում աւելացուել է նաեւ ռուսաց լեզուն»


Ա. Աշոտեան. «Բուհական ընդունելութեան քննութիւնների օտար լեզուների շարքում աւելացուել է նաեւ ռուսաց լեզուն»

  • 04-04-2012 15:00:40   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Կ. Ստանիսլաւսկու անուան ռուսական դրամատիկական թատրոնում ապրիլի 4-ին բացուել է հանրակրթական ուսումնական հաստատութիւնների ռուսաց լեզուի ուսուցիչների ասոցիացիայի 2-րդ համագումարը, որին մասնակցել են ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Ա. Աշոտեանը, Հհ-ում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան Վ. Կովալենկոն, ՌԴ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան ներկայացուցիչներ, բուհերի եւ դպրոցների ռուսաց լեզուի մասնագէտներ: Ողջունելով համագումարի մասնակիցներին` ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարը նշել է. «Ռուսաց լեզուն համաշխարհային մշակութային եւ քաղաքակրթական ժառանգութեան մաս է, եւ ներկայ դարաշրջանում ցանկացած մարդու համար, իր մայրենիի հիմքի վրայ մի քանի օտար լեզուների, այդ թւում ռուսերէնի, իմացութիւնը նրա ապագայի յաջողութեան գրաւականներից մէկն է: Ռուսաստանի Դաշնութիւնը մեզ համար կրթական բարեփոխումների իրականացման գործում խոշոր գործընկեր է, եւ պատահական չէ, որ վերջին տարիներին երկկողմանի ծրագրերի իրականացումը զարգացման միտում ունի»: Ա. Աշոտեանը ներկաներին տեղեկացրել է, որ այս տարուանից բուհական ընդունելութեան քննութիւնների օտար լեզուների շարքում աւելացուել է նաեւ ռուսաց լեզուն: 2009 թուականին հիմնուած հանրակրթական ուսումնական հաստատութիւնների ռուսաց լեզուի ուսուցիչների ասոցիացիայի 2-րդ համագումարի նպատակն է հանրագումարի բերել կատարուած աշխատանքը եւ ուրուագծել յետագայ խնդիրները: համագումարի ընթացքում քննարկուել են դպրոցներում ռուսաց լեզուի դասաւանդման, ռուսաց լեզուի ուսուցիչների մասնագիտական հմտութիւնների բարձրացման, դասաւանդման նոր մեթոդիկաների կատարելագործման հետ կապուած խնդիրներ: Համագումարին մասնակցել է ՀՀ մարզերի 150 ուսուցիչ: ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատութիւններում ռուսաց լեզուի դասաւանդման գործում ունեցած մեծ աւանդի համար ռուսաց լեզուի մի շարք ուսուցիչներ պարգեւատրուել են ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան պատուոգրերով: ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան Վ. Կ'ովալենկոյի կողմից պատուոգիր է յանձնուել նաեւ կրթութեան եւ գիտութեան նախարար Ա. Աշոտեանին` միջազգային, հումանիտար, հասարակական կապերի զարգացման գործում ակտիւ գործունէութեան համար:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ