Տարօն Մարգարեանի աշխատանքային շրջայցը Աւան վարչական շրջանում


Տարօն Մարգարեանի աշխատանքային շրջայցը Աւան վարչական շրջանում

  • 12-04-2012 17:45:22   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի հերթական աշխատանքային շրջայցը Աւան վարչական շրջանում էր: Քաղաքապետի այցելութեան պահին վարչական շրջանում բարեկարգման լայնածաւալ աշխատանքներ էին ընթանում: Պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել երեք նոր բակային տարածքներում նախատեսուող բարեկարգման համալիր աշխատանքների նախագծերն ու ընթացքը: Զեկուցուել է, որ այս երեք բակային տարածքներում էլ եղել են ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքներ: Սակայն բնակիչները մեծ ոգեւորութեամբ ու պատրաստակամութեամբ են միացել Երեւանի քաղաքապետի կոչին` սեփական նախաձեռնութեամբ ազատելով զբաղեցրած տարածքները. <<Աւանը միշտ աչքի է ընկել իր կանաչ տարածքներով եւ բարեկարգ բակերով եւ ողջունելի է, որ դրանք շարունակում են ընդլայնուել հէնց բնակիչների նախաձեռնութեամբ: Ընդհանրապէս, մենք բոլոր վարչական շրջաններում ենք բարեկարգման նման ծրագրեր նախատեսել եւ այդ ուղղութեամբ աշխատանքներն արդէն ընթացքի մէջ են: Այս հարցում մեր մօտեցումն այն է, որ մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ եւ յարմարաւէտ մեր բնակիչների համար>>,-նշել է Տարօն Մարգարեանը: Ի դէպ, բոլոր բակերի բնակիչներն իրենց գոհունակութիւնն են յայտնել քաղաքապետին, ընդգծելով, որ բակերի բարեկարգումն իրապէս առաջնահերթ խնդիր է եւ վստահեցրել են, որ խնամքով կը պահպանեն դրանք: Տարօն Մարգարեանն էլ խոստացել է բակերի բարեկարգման աւարտից յետոյ կրկին այցելել ու բնակիչների հետ կատարել դրանց պաշտօնական բացումը: Քաղաքապետի այցելութեան պահին բակերի բարեկարգմանը զուգահեռ նաեւ կանաչ տարածքների ձեւաւորման աշխատանքներ էին ընթանում: Տարօն Մարգարեանը տեղում յանձնարարել է առանձնակի ուշադրութիւն դարձնել կանաչ տարածքների ստեղծմանը, ծառերի եւ թփերի պահպանմանն ու խնամքին: Մայրաքաղաքի կանաչապատման հարցում քաղաքապետ Տարօն Մարգարեանի պահանջը յստակ է. ծառատունկ իրականացնել բացառապէս ոռոգելի տարածքներում: Քաղաքապետի յանձնարարութեամբ ոռոգման նոր համակարգեր են անցկացւում նաեւ բակային տարածքներում. <<Կանաչ տարածքների ստեղծման հարցում մեր պահանջը յստակ է. նախ իրականացնել ոռոգման ցանցի անցկացման աշխատանքներ, ապա նոր նախաձեռնել այգու եւ կանաչ տարածքների հիմնման ու վերականգնման աշխատանքները: Միայն գործող ոռոգման համակարգի առկայութեան դէպքում է հնարաւոր իրականացնել մեր կանաչ Երեւան ունենալու ծրագիրը:>>,-ընդգծել է Տարօն Մարգարեանը: Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանօթացել է նաեւ ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանի ծրագրերով միայն այս տարի Աւան վարչական շրջանում շուրջ 65000 քմ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացուելու: Աշխատանքային շրջայցի ընթացքում Տարօն Մարգարեանը եղել է նաեւ Երեւանի թիւ 52 նախադպրոցական ուսումնական հաստատութիւնում: Քաղաքապետարանի ծրագրով այստեղ հիմնովին փոխուել են լուսամուտները: Մանկապարտէզի կոլեկտիւն ու ծնողները իրենց շնորհակալութիւնն ու գոհունակութիւնն են յայտնել տարոն Մարգարեանին Նուհ-երին ցուցաբերուող մշտական ուշադրութեան համար, ի մասնաւորի ընդգծելով քաղաքապետի կարգադրութեամբ երեխաների սննդի որակի նկատմամբ իրականացուող մշտական հսկողութիւնը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ շրջայցից յետոյ քաղաքապետը աշխատանքային խորհրդակցութիւն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում անդրադառնալով իրականացուող աշխատանքներին, յանձնարարել է առաւել հետեւողական լինել դրանց կատարման որակի ու սահմանուած ժամանակացոյցով աշխատանքներն աւարտելու վերահսկման հարցում:
  -   Տնտեսութիւն