ԶՊՄԿ-ը ռազմավարական նշանակութիւն ունի սահմանամերձ շրջանի ամրապնդման եւ տնտեսական զարգացման համար. «Քրոնիմետ Մայնինգ» ԲԸ


ԶՊՄԿ-ը ռազմավարական նշանակութիւն ունի սահմանամերձ շրջանի ամրապնդման եւ տնտեսական զարգացման համար. «Քրոնիմետ Մայնինգ» ԲԸ

  • 13-04-2012 15:28:54   | Հայաստան  |  Տնտեսութիւն

«Քրոնիմետ Մայնինգ» ընկերութիւնը անվերապահօրէն ընդունում է իր` որպէս ներդրողի, պատասխանատուութիւնը Հայաստանի ազգային արժէքներից մէկի` Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի գործունէութեան համար եւ վերջինիս տնօրինութեան հետ համատեղ իրականացնում է հանքարդիւնահանման երկարաժամկէտ պլանաւորում եւ օգտակար հանածոների հաւասարակշռուած արդիւնահանում: Այս մասին նշւում է ՀՀ-ում «Քրոնիմետ Մայնինգ ԲԸ»-ի ներկայացուցչութեան յայտարարութեան մէջ: «Մեր այս մարտավարութիւնը թէեւ նուազեցնում է ընկերութեան այսրոպէական շահոյթը, սակայն երաշխաւորում է Հայաստանի համար բացառիկ տնտեսական նշանակութիւն ունեցող հանքավայրի երկարակեցութիւնը»,- նշւում է յայտարարութեան մէջ: : ՀՀ-ում «Քրոնիմետ Մայնինգ»ԲԸ-ի ներկայացուցչութեան հաւաստիացմամբ, ընկերութիւնը անշեղօրէն կատարում է իր ներդրումային պարտաւորութիւնները: Վերջին տարիներին իրականացուած շուրջ 500.000.000 դոլարի ներդրման շնորհիւ ապահովուել է ձեռնարկութեան անխափան աշխատանքը, եւ այսօր կոմբինատն իր տեխնիկական յագեցուածութեամբ ու արտադրական հզօրութեամբ առնուազն չի զիջում համաշխարհային լաւագոյն օրինակներին: «Մեր ամենօրեայ ուշադրութեան կենտրոնում է նաեւ ԶՊՄԿ-ի աշխատանքների կազմակերպման բնապահպանական բաղադրիչը: Չնայած սեփականաշնորհումից յետոյ ստացած ծանր ժառանգութեանը, մենք լուրջ ծրագրեր ենք իրականացրել առկայ բնապահպանական իրավիճակի ուսումնասիրութեան եւ բարելաւման նպատակով: Մասնաւորապէս փակուել է մոլիբդենի խտանիւթի թրծման վնասակար արտադրութիւնը, մեծածաւալ աշխատանքներ են իրականացուել հնացած պոչատարների փոխարինման եւ պոչամբարների ռեկուլտիւացիայի ուղղութեամբ, միջազգային առաջատար ընկերութիւնների միջոցով կատարուել են առկայ հիդրոտեխնոլոգիական շինութիւնների կայունութեան եւ վերակառուցման գնահատումներ»: Ընկերութիւնն, ըստ յայտարարութեան հեղինակների, հասկանալով հարցի կարեւորութիւնը, նպատակադրուած է միջնաժամկէտ հեռանկարում, ՀՀ գործող օրէնսդրութեան պահանջների կատարումից բացի, ապահովել միջազգային ստանդարտների կիրառում կոմբինատի կենսագործունէութիւնում: «Մեզ համար առաջնահերթութիւնների շարքում է բիզնեսի սոցիալական պատասխանատուութեան խնդիրը: Ֆինանսատնտեսական ճգնաժամի ծանր տարիներին բաժնետէրերը, ինչպէս նաեւ ԶՊՄԿ-ի տնօրինութիւնը, համախմբելով ունեցած ողջ ներուժը եւ հնարաւորութիւնները, ապահովել են կոմբինատի բնականոն եւ անխափան աշխատանքը: Ի տարբերութիւն ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում գործող շատ հանքարդիւնաբերական ընկերութիւնների, մեզ յաջողուել է նոյնիսկ մետաղների գների աննախադէպ անկման պարագայում պահպանել բոլոր աշխատատեղերը եւ սովորականի նման, առանց ուշացումների, վճարել աշխատավարձ»: Զպմկ-ի բաժնետէրերի որոշմամբ տարէցտարի զգալի միջոցներ են տրամադրւում (ոչ պակաս քան 3 մլրդ ՀՀ դրամ) սոցիալական ծրագրերի ֆինանսաւորման համար, որոնք իրականացւում են Հայաստանի ողջ տարածքում: Բաժնետէրերն ընկերութեան տարեկան զուտ շահոյթի 5%-ը ուղղում են ընկերութեան աշխատակիցների պարգեւավճարների ֆոնդին, որի արդիւնքում ԶՊՄԿ-ի ողջ աշխատակազմը ուղղակիօրէն դառնում է ձեռնարկութեան յաջողութիւնների շահառուն: ՀՀ-ում «Քրոնիմետ Մայնինգ»ԲԸ-ի ներկայացուցչութիւնը լայն հասարակութեան ուշադրութիւնն է հրաւիրում այն փաստի վրայ, որ գործող հանքի ընդլայնումը բացառապէս պայմանաւորուած է ԶՊՄԿ գործունէութեան երկարաժամկէտ պլանաւորման հետ եւ նախատեսուած է թէ խորհրդային շրջանի նախագծերով, եւ թէ գործող կոնցեսիոն համաձայնագրով: Ըստ հաղորդագրութեան հեղինակների, կոմբինատի գործունէութիւնը ոչ միայն չի նպաստում բնակչութեան արտագաղթին, այլ հակառակը, ռազմավարական նշանակութիւն ունի սահմանամերձ շրջանի ամրապնդման եւ տնտեսական զարգացման համար: «ԶՄՊԿ-ի եւ տեղական ենթակապալառու կազմակերպութիւնների հազարաւոր աշխատակիցնէր կոմբինատում կայուն եւ երաշխաւորուած եկամուտ ունենալու շնորհիւ իրենց եւ զաւակների ապագան կապում են Հայրենիքի հետ»,- նշում են հաղորդագրութեան հեղինակները, յաւելելով` «Մենք համապատասխան տարածքների նկատմամբ բացառիկ գերակայ հանրային շահ ճանաչելու փաստը համարում ենք լիովին հիմնաւորուած, որը երաշխաւորելու է Հայաստանի արդիւնաբերական հսկայի` ԶՊՄԿ-ի յետագայ շարունակական աշխատանքը»: ՀՀում «Քրոնիմետ Մայնինգ»ԲԸ-ի ներկայացուցչութիւնը միաժամանակ նշում է, որ թէեւ վերոյիշեալ խնդրի վերաբերեալ տարբեր հասարակական կազմակերպութիւնների եւ անձանց կողմից բարձրացուող հարցերը եւ արուող եզրահանգումները «Ոչ միշտ են կրում կառուցողական բնոյթ եւ յաճախ նոյնիսկ աղերսներ չունեն իրերի իրական դրութեան հետ, այնուամենայնիւ մենք ողջունում ենք կառուցողական քննադատութիւնը եւ քննարկումները բոլոր շահագրգիռ կողմերի հետ` խնդիրների հնարաւոր հանգուցալուծումները ապահովելու համար գիտակցելով, որ քաղաքացիական հասարակութեան նման ակտիւութիւնը պայմանաւորուած է Հայաստանի Հանրապետութեան տնտեսական զարգացման գործում էական նշանակութիւն ունեցող ձեռնարկութեան գործունէութեան մտահոգութեամբ»: «Քրոնիմետ Մայնինգ» ընկերութիւնը վերահաստատում է իր դիրքորոշումը` խնդիրները լուծել քաղաքացիների իրաւունքների պաշտպանութեան եւ ժողովրդավարութեան սկզբունքով: ԶՊՄԿ-ի տնօրինութիւնը բաժնետէրերի կողմից լիազօրուած է, հաշուի առնելով կողմերի օրինական շահերն ու իրաւունքները, փնտրել փոխզիջումային լուծումներ: «Քրոնիմետ Մայնինգ»ԲԸ-ն, որպէս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կ'ոմբինատէ ՓԲ ընկերութեան հիմնական բաժնետէր, այսպիսով իր դիրքորոշումն է ներկայացրել ՀՀ Կառավարութեան որոշմամբ Սիւնիքի մարզի որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակայ հանրային շահ ճանաչելու եւ այդ տարածքները ԶՊՄԿ-ին տրամադրելու շուրջ ծագած իրավիճակի կապակցութեամբ: ՀՀ Կառավարութեան այդ որոշումը բնապահպանական եւ այլ ուղղուածութեան որոշ հասարակական կազմակերպութիւնների, խմբերի եւ առանձին անձանց մօտ ոչ միանշանակ արձագանք է գտել: Մասնաւորապէս, մտահոգութիւն է յայտնւում առ այն, որ այդ տարածքների նկատմամբ բացառիկ գերակայ հանրային շահի ճանաչումը եւ դրանց յանձնումը մասնաւոր հանքարդիւնաբերական ընկերութեանը իրաւաչափ չէ, որ Քաջարան համայնքի բնակիչների տեղահանումը կը նպաստի հհ-ից արտագաղթին, ինչպէս նաեւ սահմանամերձ գօտու բնակավայրերի թուլացմանը, որ արդիւնահանման տարածքների ընդլայնումը պայմանաւորուած է ոչ թէ արտադրական անհրաժեշտութեամբ, այլ միայն նպատակ է հետապնդում աւելացնել ընկերութեան շահոյթը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հիմնադրուել է 1951թ.` Քաջարանի հանքավայրը շահագործելու նպատակով: Քաջարանի հանքավայրը ներառում է ներկայիս շահագործուող հանքը, ինչպէս նաեւ ողջի գետի ձախ ափին գտնուող տարածքները, որտեղ եւ տեղակայուած է Քաջարան գիւղը: Գետի հոսանքն ի վար տեղակայուած է կոմբինատը եւ Քաջարան քաղաքը, որը ունի շուրջ 7000 բնակչութիւն: ԶՊՄԿը Հայաստանի Հանրապետութեան առաջատար արդիւնաբերական ընկերութիւն է, որի արտադրանքը իրացւում է արտաքին շուկաներում, ինչի արդիւնքում ապահովուում է հանրապետութեան արտարժոյթի ներհոսքի զգալի մասը: Միաժամանակ, արտաքին շուկաներում ձեռք բերուած ֆինանսական միջոցները ծախսւում են Հայաստանում` նպաստելով ՀՀ տնտեսութեան զարգացմանը: Օրինակ. 2011թ. ընթացքում կոմբինատն իր կենսագործունէութիւնն ապահովելու նպատակով տեղական 347 ընկերութիւնների հետ կնքել է ապրանքների ձեռք բերման եւ ծառայութիւնների մատուցման շուրջ 44.2 մլրդ ՀՀ դրամի պայմանագրեր եւ գործարքներ: Կոմբինատը ներկայում ունենալով 3200 աշխատակից, Քաջարան քաղաքի համար ըստ էութեան հանդիսանալով քաղաք ձեւաւորող ձեռնարկութիւն, իր աշխատակիցների, նրանց ընտանիքի անդամների, ասել է թէ համայնքի բնակչութեան համար ապահովում է միջին հանրապետականից բարձր կենսամակարդակ: Կոմբինատի կողմից արտադրուող մոլիբդենի խտանիւթը ամբողջութեամբ վերամշակւում է Հայաստանում` Երեւանում գտնուող ձեռնարկութիւնների կողմից, որոնք իրենց հերթին ունեն մօտ 1000 աշխատակից: Ուստի, ընկերութիւնը գտնում , որ անվիճարկելի է` ԶՊՄԿ-ի` ինչպէս Սիւնիքի տարածաշրջանի, այնպէս էլ ողջ հանրապետութեան տնտեսական կայունութեան եւ շարունակական զարգացման երաշխիքներից մէկն է:
  -   Տնտեսութիւն