Արմէն Աշոտեան. «Տեղեկատուական տեխնոլոգիաների կիրառումն այսօր պատուհան է դէպի տեղեկատուական հսկայական աշխարհ»


Արմէն Աշոտեան. «Տեղեկատուական տեխնոլոգիաների կիրառումն այսօր պատուհան է դէպի տեղեկատուական հսկայական աշխարհ»

  • 13-04-2012 17:46:44   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
"Կրթութեան որակ եւ համապատասխանութիւն" վարկային երկրորդ ծրագրի շրջանակում այսօր “յունիքոմփ” ընկերութիւնում ՀՀ հանրակրթական դպրոցներին տրամադրուել են համակարգչային սարքաւորումներ` վարչակառավարչական գործառոյթների համակարգչայնացման նպատակով: Միջոցառմանը մասնակցել է նաեւ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը, ով, կարեւորելով տեղեկատուական տեխնոլոգիաների կիրառութեան ընդլայնումը հանրակրթական հաստատութիւններում, նշել է, որ վերոնշեալ ծրագրով հանրապետութեան 1360 դպրոցի կը տրամադրուեն 1410 համակարգչային սարքաւորումներ` համակարգիչ, բազմագործառութային տպիչ եւ հոսանքի անխափան սնուցման սարք: "Այսօր համակարգիչը ուսումնական գործընթացի անբաժանելի մասն է, եւ տեղեկատուական տեխնոլոգիաների լայնամասշտաբ կիրառումը հանրակրթութեան որակի բարձրացման կարեւորագոյն գործիքներից մէկն է: Եթէ երեք տարի առաջ համակարգիչ-աշակերտ յարաբերակցութիւնը 1/38 էր, ապա այսօր այդ ցուցանիշը մօտ է եւրոպական միջինացուած ցուցանիշին, այն է` 1/22: Տեղեկատուական տեխնոլոգիաների կիրառումն այսօր պատուհան է նաեւ դէպի տեղեկատուական հսկայական աշխարհ եւ նոր մեդիայ հնարաւորութիւններ: Բացի այդ, վերջին տա իներին ստեղծուել է նաեւ հայալեզու կրթական բովանդակութիւն` տասնեակ էլեկտրօնային դասագրքեր, հայալեզու էլեկտրօնային շտեմարան Սփիւռքի կրթօջախների համար, առցանց վերապատրաստման դասընթացնէր` գրադարանավարների համար, դպրոցական կառավարման էլեկտրօնային համակարգ եւ այլն: Նշուած գործընթացը վերաբերում է նաեւ մասնագիտական կրթութեան ոլորտին, մասնաւորապէս, կրթութեան հասանելիութեան եւ մատչելիութեան համատեքստում մարզային բուհերում դիստանցիոն կրթութեան հնարաւորութիւնների ընդլայնմանը",-նշել է Ա. Աշոտեանը` յաւելելով, որ վերջերս Հայաստանի պետական ագրարային համալսարանի Շուշիի մասնաճիւղում բացուել է երկու վիրտուալ լսարան, որտեղ ուսանողները հնարաւորութիւն ունեն դասախօսութիւններ լսել Երեւանի բուհերի լաւագոյն դասախօսների մատուցմամբ: "Սակայն դպրոցում տեղեկատուական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների լիարժէք ներդրումը ենթադրում է, որ այդ տեխնոլոգիաները կիրառւում են ոչ միայն դասաւանդման եւ ուսումնառութեան, այլեւ դպրոցի վարչակառավարչական գործառոյթների համակարգչայնացման գործընթացում: Ծրագրի իրագործումը թոյլ կը տայ բարձրացնել դպրոցների էլեկտրօնային կառավարման արդիւնաւէտութիւնը, արդիականացնել եւ հեշտացնել վարչարարութիւնը, կրթական գործընթացն առաւել կազմակերպուած, միասնական եւ հաշուետու դարձնել, ինչպէս նաեւ անմիջական տեղեկատուական կապ հաստատել դպրոցների եւ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան միջեւ, առաւել լիարժէք օգտագործել տեխնոլոգիաների ներուժը դպրոցում",- ընդգծել է նախարարը եւ յաւելել, որ դպրոցներին փոխանցուող որակեալ եւ ժամանակակից համակարգիչներում առաջիկայում կը տեղադրուի դպրոցների վարչակառավարչական գործառոյթների իրականացման համար մշակուած յատուկ ծրագիր: Կը կազմակերպուեն նաեւ վերապատրաստման դասընթացնէր, որոնց կը մասնակցեն հանրապետութեան դպրոցների համապատասխան աշխատակիցները: Համակարգիչների առաքման աշխատանքները մեկնարկել են Սիւնքիի մարզից, եւ ըստ ժամանակացոյցի դրանք մօտ ապագայում կը տրամադրուեն բոլոր հասցէատէրերին: Անդրադառնալով դպրոցներում համացանցի օգտագործման խնդիրներին` նախարարը նշել է, որ հանրապետութեան դպրոցների 98 տոկոսը մինչեւ տարուայ վերջ համակցուած կը լինի ինտերնետին եւ կը միանայ միասնական դպրոցական ցանցին: Բացի այդ, համացանցը մուտք կը գործի այնպիսի համայնքներ, որտեղ այն կը լինի հասանելիութեան բացառիկ կէտ, ըստ այդմ` ուսումնական հաստատութիւններում առկայ համացանցը նաեւ սոցիալական ծառայութիւն կը մատուցի համայնքին: "Կրթութեան որակ եւ համապատասխանութիւն" վարկային առաջին ծրագրով 2004-2009 թթ. ընթացքում ՀՀ 1153 դպրոց համալրուել Է համակարգչային սարքաւորումներով: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում դպրոցներին են տրամադրուել 6041 համակարգիչ, 844 տպիչ, 674 սկաներ, 272 պրոյեկտոր, ինչպէս նաեւ այլ համակարգչային սարքաւորումներ: Դպրոցների մեծ մասում անցկացուել են տեղական տարածքային ցանցեր: Ընդհանուր առմամբ, հաշուի առնելով տարբեր աղբիւրներից ստացուած սարքաւորումները, ՀՀ հանրակրթական դպրոցները յագեցուած են շուրջ 16535 համակարգիչներով:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ