Հայաստանն ու Լատուիան կը համագործակցեն զբօսաշրջութեան բնագաւառում


Հայաստանն ու Լատուիան կը համագործակցեն զբօսաշրջութեան բնագաւառում

  • 17-05-2012 18:52:14   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հայաստանի կառավարութիւնը մայիսի 17-ի նիստում համաձայնութիւն է տուել Հայաստանի Հանրապետութեան եւ Շուեյցարիայի Համադաշնութեան կառավարութիւնների միջեւ դիւանագիտական ներկայացուցչութիւնների, հիւպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպութիւններում մշտական ներկայացուցչութիւնների աշխատակիցների ընտանիքների անդամներին փոխադարձաբար աշխատանքի իրաւունքի տրամադրման յայտագրերի փոխանակմամբ պայմանագրի կնքման առաջարկութեանը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, մէկ այլ որոշմամբ, համաձայնութիւն է տրուել Հայաստանի Հանրապետութեան եւ Լատուիայի հանրապետութեան կառավարութիւնների միջեւ զբօսաշրջութեան բնագաւառում համագործակցութեան համաձայնագրի ստորագրման առաջարկութեանը: Հաշուի առնելով ՀՀ Լոռու մարզի եւ Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դ‘ Ազիւր տարածաշրջանի երկար տարիների համագործակցութիւնը, 2011 թ. տարեվերջին Լոռու մարզը հաստատուել է ֆրանկոֆոն տարածաշրջանների միջազգային ասոցիացիայի լիիրաւ անդամ: Անդամակցութեան վճարը վճարելու նպատակով գործադիրը ս.թ. երկրորդ եռամսեակում Լոռու մարզպետարանին յատկացրել է 1650 եւրոյին համարժէք դրամ: Ճապոնիայի միջազգային համագործակցութեան գործակալութեան ֆինանսաւորմամբ իրականացուող վարկային ծրագրով եւ համապատասխան պայմանագրերով անհրաժեշտութիւն է առաջացել Հայաստան ներկրել լրացուցիչ սարքաւորումներ, որոնք մատակարարուելու են անվճար, ինչի վերաբերեալ կառավարութիւնը համապատասխան որոշում է ընդունել: Կառավարութիւնն իր որոշումներով փոխել է Արարատի մարզի Գետափնեայի եւ Արմավիրի մարզի Արշալոյսի գիւղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակութիւնը` համապատասխանաբար բնակելի կառուցապատման եւ անհատական բնակելի տների, ինչպէս նաեւ մանկապարտէզի կառուցման համար: Նկատի առնելով սաքսոֆոնահար Հայրապետ Առաքէլեանի երաժշտական կատարողական արուեստի բնագաւառում ցուցաբերած բացառիկ ընդունակութիւնն ու խոստումնալից ապագան` կառավարութիւնը նրան պարտադիր զինուորական ծառայութեան զօրակոչից տարկէտում է տուել մինչեւ 2014 թ. գարնանային զօրակոչը:
  -   Հասարակութիւն