Համբարձման տօնի առիթով Մայր Աթոռում մատուցուեց Ս. Պատարագ


Համբարձման տօնի առիթով Մայր Աթոռում մատուցուեց Ս. Պատարագ

  • 17-05-2012 18:57:09   | Հայաստան  |  Հասարակութիւն

Մայիսի 17-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի համբարձման տօնը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցուեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանը: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, Պատարագի սրբազան արարողութեանը մասնակցում էին հայաստանեան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբան Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանեանը, Իտալիայի հայ համայնքից բարերար հայորդիներ եւ բազում ուխտաւորներ: Համբարձման տօնին տօնախմբւում է նաեւ Հայոց Հայրապետական Աթոռի 1441 թ. Սսից Ս. Էջմիածին փոխադրութեան յիշատակը: Այս առիթով սուրբ եւ անմահ Պատարագի աւարտին, նախագահութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց Հայրապետական մաղթանք: Մինչ մաղթանքի արարողութիւնն օրուայ խորհրդի շուրջ քարոզեց պատարագիչ Միքայէլ Սրբազանը: Նախ անդրադարձ կատարելով Տիրոջ Համբարձման տօնին` Սրբազանը այնուհետեւ խօսեց Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի Սսից Ս. Էջմիածին վերադառնալու 571-րդ տարեդարձի եւ պատմական այս իրադարձութեան կարեւորութեան մասին: «Այս օրերին էր, երբ լուսամիտ վարդապետներ, հոգեւորականներ` միտքը յղացան վերադարձնելու Հայրապետական Աթոռը Սուրբ Էջմիածին, ուր չէր եղել գրեթէ 1000 տարի…: Եւ 1441 թուականին, մի բուռ վարդապետներ հաւատքով ելան աշխարհի դէմ: Ասում են, որ Սիսը անշքացած էր, հալածանքների ենթարկուած էր եւ այդ պատճառով Աթոռը տեղափոխուեց Սուրբ Էջմիածին: Սա անշուշտ ճշմարտութիւն է, բայց ոչ ամբողջապէս, որովհետեւ Էջմիածինը նոյնպէս օտարի լծի ու հալածանքների տակ էր, Արարատեան դաշտում հայութիւն չէր մնացել…, ուրեմն Էջմիածինը աւելի ապահով չէր, քան Սիսը, ուրեմն ապահովութիւն չէր, որ փնտրում էին վարդապետները: Իբնչ էին փնտրում` Հայրենիք: Մեր պատմական օրրանն է այստեղ, մեր պատմական ծննդավայրն էր այստեղ. այստեղ վերահաստատեցին Աթոռը, որովհետեւ այստեղ է Հայրենիքը եւ այստեղ Հայրենիքի սրտում իջաւ Միածին Որդին 301 թուականին: Եւ այստեղ, ասաց, պիտի լինի Իմ Աթոռը քահանայապետական: Նշանակում է, ուղենշեց մեր Հայրենիքի վայրը` այստեղ է սիրտը մեր Հայրենիքի: Եւ այսօր հիանում ենք այդ վարդապետների լուսամտութեամբ եւ պայծառատեսութեամբ, թէ ինչպէս տեսան 500 տարի իրենցից առաջ. տեսան, որ այստեղ է հաւաքուելու հայ ժողովուրդը, այստեղ է ստեղծելու իր պետականութիւնը եւ այստեղ է հաստատելու իր հանրապետութիւնը եւ իր հայրապետական մնայուն անսասան Աթոռը: Իբնչ Սուրբ Հոգու շնորհ ունէին այս վարդապետները, որ այդ մռայլ ու անյոյս տարիներին տեսան այս օրը, տեսան, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքոյ պիտի հաւաքուի հայ ժողովուրդը…: Եւ մենք գիտենք պատմութիւնից, թէ ի՛նչ դժուար օրեր ապրեց Մայր Աթոռը 1441 թ. – ից յետոյ էլ, բայց միշտ հաւատքը ելաւ յաղթելու աշխարհին, եւ այդ վարդապետները եւ նրանց յաջորդները… հիմքը դրեցին Հայաստանի, այսօրուայ Հայաստանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Առանց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, չէր լինի այսօւայ Հայաստան, որովհետեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մագնիսի նման իր շուրջը հաւաքեց հայ ազգի ցրուած բեկորները: …այսօր չհասկանալ այդ, չգիտակցել այդ եւ մտածել, որ մեր երկիրն ու պետականութիւնը կարող էր գոյութիւն ունենալ առանց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, միամտութիւն է…: Ուստի այս պատճառով է նաեւ, որ այս օրը` Համբարձման տօնին, մեր Եկեղեցին ու մեր հայրերը հաստատել են այս տօնը` Սսից` Էջմիածնում վերահաստատման տօնը, որպէսզի յիշենք իւրաքանչիւրս, որ այս Աթոռի շնորհիւ է , որ կանք իբրեւ ազգ, իբրեւ պետութիւն, պետականութիւն եւ Հայրենիք», - նշեց Սրբազանն իր խօսքում: Հայրապետական մաղթանքին եկեղեցականաց դասը եւ ներկայ հաւատաւոր ժողովուրդն աղօթք բարձրացրեցին առ Աստուած` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անսասանութեան ու պայծառութեան եւ Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արեւշատութեան համար: Արարողութիւնից յետոյ Վեհարանում Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակով Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպիսկոպոս Չուլջեանին եւ Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրէն Տ. Նաթան եպիսկոպոս Յովհաննիսեանին շնորհուեց Արքութեան պատիւ` ի գնահատութիւն Հայոց Եկեղեցու անդաստանում տարիների նրանց վաստակի եւ նուիրեալ ծառայութեան: սեպուհ Սրբազանին յանձնուած կոնդակում ասուած էր. «…այսօր Մենք ուրախ ենք հաստատելու, որ ծառայութեան ողջ ընթացքում Ձեր բոլոր յանձնառութիւնների ու պարտականութիւնների մէջ Դուք` որպէս զինուորեալ սպասաւոր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, առաջնորդուել էք հայորդէաց հոգեւոր կեանքի վերազարթօնքին աւանդ բերելու ազնիւ նախանձախնդրութեամբ` հաւատարմօրէն պահելով ծառայանուիրումի Ձեր սրբազան ուխտը Բարձրեալ Տիրոջ հետ: Մայր Աթոռում, Ժնեւի հայ համայնքում եւ Շիրակի Թեմում ստանձնած յանձնառութիւններով հարստացնելով Ձեր փորձառութիւնը` Դուք կոչուեցիք Գուգարաց Թեմի Առաջնորդի պատասխանատու պաշտօնին: Նախընթաց մէկ ու կէս տասնամեակի ընթացքում անյոգնաբեկ սպասաւորութեամբ Դուք կարողացաք զօրացնել նորակազմ Թեմը, եկեղեցիների շուրջ միաւորել մեր ժողովրդի հաւատաւոր զաւակներին, բարւոք աշխատանք իրականացնել ի նպաստ երիտասարդ հայորդեաց հոգեւոր կրթութեան ու դաստիարակութեանէ: Նաթան Սրբազանին շնորհուած Հայրապետական կոնդակում մասնաւորապէս ասուած էր. «…գնահատանքով ենք անդրադառնում Տէրունապատուէր Ձեր ծառայութեան արդիւնքներին: Դուք նախանձախնդիր ու նուիրեալ ոգով էք արգասաւորել Ձեր սպասաւորութիւնը Ճեմարանի փոխտեսչի, այնուհետ Ուկրաինայի եւ ապա Մեծ Բրիտանիայի Հայոց թեմերի առաջնորդի պատասխանատու պաշտօններում: Ուրախ ենք, որ այսօր Դուք, որպէս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրէն, գովարժան աշխատանք էք իրականացնում հոգեւոր-աստուածաբանական գրականութեան հրատարակութեան կարեւոր գործում` ներդրում բերելով Տիրոջ կենարար խօսքի տարածման եւ մեր հաւատացեալների կրօնական գիտելիքների զօրացման առաքելութեան մէջ»: Վերջում Նորին Սրբութիւնը մաղթեց, որ Բարձրեալ Տէրը զօրակից լինի Սեպուհ եւ Նաթան արքեպիսկոպոսներին բարձր ու պատասխանատու նրանց կոչման մէջ` շնորհելով քաջառողջութիւն, արեւշատութիւն եւ նորանոր յաջողութիւններ:
  -   Հասարակութիւն