Բացուեց նորակառոյց դպրոցը Վաղուհաս գիւղում եւ Ստեփանակերտի խմելու ջրի ցանցը


Բացուեց նորակառոյց դպրոցը Վաղուհաս գիւղում եւ Ստեփանակերտի խմելու ջրի ցանցը

  • 23-05-2012 18:11:58   |   |  Տնտեսութիւն
Երեւան, 23 մայիսի, 2012թ.: Այսօր` մայիսի 23-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատուիրակութիւնը` գործադիր տնօրէն Արա Վարդանեանի գլխաւորութեամբ եւ հոգաբարձուների խորհրդի անդամների, տեղական մարմինների ներկայացուցիչների, սփիւռքահայ հիւրերի կազմով, հանդիսաւոր պայմաններում բացեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գիւղի նորակառոյց դպրոցը եւ Ստեփանակերտ քաղաքի խմելու ջրի վերակառուցուած ցանցը: Հանդիսութիւնը սկսուեց Վաղուհասի Սուրբ Մարիամ Աստուածածին եկեղեցու հոգեւոր հովիւ Տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանի եւ պատուիրակութեան կազմում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնող Տէր Ռուբեն աբեղայ Զարգարեանի օրհնութեամբ: Արարողութեանը ներկայ էր նաեւ ԼՂՀ կրթութեան նախարար Վլադիկ Խաչատրեանը, ով իր ելոյթում ասաց.«հայ ժողովուրդը գոյատեւել է իր դպրութեան շնորհիւ: Դպրոցը սրբութիւն է, որի միջոցով պէտք է շարունակենք մեր գոյատեւման հերոսական երթը: Այս հիասքանչ նորակառոյցն իր ժամանակակից պայմաններով մեծ նուէր է համայնքինէ: Հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը յոյս յայտնեց, որ այս գեղեցիկ դպրոցում կը կրթուեն մեր ազգի ապագայ գիտնականներն ու մտաւորականները: Դպրոցը կառուցուել է «ալեքս Գրիգէ Սպը-ի` ի դէմս գործարար Սամուէլ Ալեքսանեանի, եւ ԼՂՀ կառավարութեան համաֆինանսաւորմամբ: Այն զբաղեցնում է շուրջ 2140քմ մակերես: Կենտրոնացուած ջեռուցումն ու մշտական ջրակամատակարարումը, ինչպէս նաեւ ամբողջական կահաւորումը թոյլ են տալիս լիարժէք շահագործել դպրոցը: Այսօր այն ունի 140 սան, ներառեալ` հարեւան Խնկաւանի դպրոցականները: Կրթօջախն իր հարկի տակ կարող է ընդունել մինչեւ 240 աշակերտի: Դպրոցի բացման հանդիսութեանը յաջորդեց Ստեփանակերտ քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի 10-րդ եւ 11-րդ գօտիների բացումը: ցանցը վերակառուցուել է Ռուսաստանի հայ համայնքի օժանդակութեամբ եւ այսօր սպասարկում է քաղաքի կենտրոնական մասը, Արմէնաւան եւ Ստեփգես թաղամասերը: Դավիթ-բէկ փողոցի վրայ տեղադրուած աղբիւրն այսուհետ կը ծառայի, որպէս Հիմնադրամի կողմից քաղաքի այս հատուածում վերականգնուած ջրամատակարարման խորհրդանիշ:
  -   Տնտեսութիւն